«Կասկադ 6.15». լրագրող Մարիաննա Հակոբյանի գրքի շնորհանդեսը

«Կասկադ 6.15». լրագրող Մարիաննա Հակոբյանի գրքի շնորհանդեսը

1305

«Ես լրագրող եմ, որը միշտ փնտրում է հետաքրքիր պատմություններ և ինքնաբերաբար հայտնվում պատմությունների մեջ: Այս անգամ համակարգչումս բացված word-ի հերթական ֆայլը դարձավ ոչ թե լրագրողական նյութ, այլ գիրք». «Կասկադ 6.15» գրքի շնորհանդեսն այս խոսքերով բացեց հեղինակ Մարիաննա Հակոբյանը։

Միջոցառման խորագիրն էր՝ «Եվ ամեն ինչ կսկսվի հանդիպումից…»: Հանդիպման խորագրի սահմանումը պատահական չէր, այն գրքի ենթավերնագրերից մեկն էր։ «Կյանքում ցանկացած բան սկսվում է այդ վճռորոշ հանդիպումներից, մի հայացքից, մի խոսքից, կարող է մեզ մոտ  գրելու ցանկություն առաջանալ կամ ինչ-որ մեկը որոշի ապրել, ինչպես գրքերում են ապրում և ֆիլմերում, կյանքը արկածների վերածել»,- ասաց Մարիաննան։

«Կասկադ 6.15» գրքում արծարծվում են բազմաթիվ սոցիալական խնդիրների, այն ժամանակակից աշխարհի մասին է, Երեւանի  և մեր մասին, նաև՝ երազանքների մասին, թե ինչ ենք կառուցում, ինչպես պետք է կառուցենք մեր անձնական և ոչ անձնական կյանքը։

Ըստ գրականագետ և արձակագիր Հովհաննես Հովակիմյանի՝ ինչքան էլ գրողը նորեկ է, այնուամենայնիվ, այնքան մեծ համարձակություն ունի, որ կարող է անգամ առօրյա-խոսակցական բառերով, թեթև լեզվով ստեղծել լավ գրականություն և հետաքրքիր վեպ։ «Կասկադում կա թե՛ սեր, թե՛ հումոր, թե՛ տառապանք, ինչ-որ հարցադրումներ կյանքի վերաբերյալ, որոնց պատասխանը գրողը անընդհատ փորձում է էջից էջ անցնելով տալ, ու իրատես այս խնդիրը շատ կտրուկ է դրված: Յուրաքանչյուր ընթերցող կբացահայտի գրքի թե՛ բովանդակությունը, թե՛ ասելիքը, թե՛ ուղերձը, որով գրողը դիմում է իր ընթերցողին»,- ասաց գրականագետը։

Մարիաննա Հակոբյանը գրքերը համեմատեց չամիչով փլավի հետ և մեկնաբանեց. «Սյուժեն, իմ կարծիքով, բրինձն է, ոմանք սիրում են այդ սյուժեն, ոմանք սիրում են չամիչները։ Ես, օրինակ, երբ կարդում եմ, միշտ փնտրում եմ այդ չամիչները, յուրահատուկ մտքերը, արտահայտությունները, որոնք հետո մտապահում եմ։ Գիրքն ընթերցելուց և ավարտելուց հետո սյուժեն որոշ ժամանակ հետո այդքան չես հիշում, որքան այդ մտքերն ու արտահայտությունները»։

Նորա Ղազարյան

3-րդ կուրս

Կիսվել