2020 թվականի դեկտեմբերից «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը Երևանում սկսեց տեղադել երեք տեսակի ` դեղին, կապույտ և սև թափոնամաններ: Նոր թափոնամանների առկայությունը բնակիչների մի մասը ընդունեց որպես քաղաքում սպասված փոփոխություն, իսկ որոշ մասը նորություն, որի հետ դեռ պետք էր ծանոթանալ և հետո միայն կիրառել:
Թափոնների տեսակավորման պիլոտային ծրագրի փուլը ավարտվեց փետրվարի վերջին, և այժմ Երևանի բոլոր վարչական շրջաններում առկա է թվով 135 կետեր: Թղթի, պլաստիկի և ապակու համար նախատեսված թափոնամանները տարբերակվում են գույներով: Դեղինը նախատեսված է թղթի, ստվարաթղթի համար:Կապույտը՝ պլաստիկի համար՝ պոլիէթիլենային տոպրակներ, շշեր, բաժակներ և այլն: Սև թափոնամանները նախատեսված են ապակու համար: Կարելի է հավաքել ոչ միայն շշերը և ապակե սպասք, այլև օրինակ՝ պատուհանի կոտրված ապակի և այլն:
Իրազեկմանակցիաները և էկովարքագծի ձևավորումը
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արաքս Թադևոսյանի հետ զրույցում պարզեցինք, որ սկզբնական շրջանում լինում էին խնդիրներ: Քաղաքացիները գուցե չկարևորելով թափոնների տարբերանշանները, նաև կենցաղային աղբ էին լցնում, բայց կարճ ժամանակահատվածում իրավիճակը սկսվեց փոխվել: Այժմ «Էկո աղբ» ՀԿ-ի հետ համատեղ քաղաքում և սոցիալական տիրույթներում իրականացվում են իրազեկման ակցիաներ, որոնք օգնում են բնակչությանը ճիշտ տեսակավորել աղբը, իսկ թուղթը, պլաստիկը և ապակին ընդունել որպես վերամշակվող թափոն:
‹‹Մեր աշխատակիցները իրականացնում են իրազեկման այցեր, մտնում բակեր, զրուցում բնակիչների հետ։ Հեռուստատեսությամբ ու ռադիոյով, սոցցանցերում ունենք իրազեկման հոլովակներ, որոնք նույնպես նպաստում են արդյունավետության բարձրացմանը››. մեզ հետ զրույցումնշեց Արաքս Թադևոսյանը:
Բնակչության իրազեկումը բակերում
Լուսանկարները ` «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ֆեյբուքյան էջից
‹‹Էկո աղբ›› բնպահպանական հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Մարինե Օհանջանյանն էլ խոսեց առկա խնդիրների մասին: Նրա խոսքով՝ ամենամեծ խնդիրը այն է, որ շատ մարդկանց մեջ դեռևս արմատացած է թափոնը աղբ համարելը: Հենց այս կարծրատիպն են փորձում կոտրել իրենք: Իրազեկման աշխատաքները ‹‹էկո աղբ›› ՀԿ-ն իրականացնում է մեդիա հարթակով:
‹‹Մեր փորձից ելնելով կարող եմ ասել, որ մարդիկ կամեցող են և ցանկանում են սովորել տեսակավորել, բնությանը օգուտ տալ և պատասխանատվություն կրել իրենց օգտագործած և անպիտան իրերի նկատմամբ, և շատերը, քայլ առ քայլ մեր տեսահոլովակների, ուղիղ եթերներին մասնակցելով, կրթվել են և կարողանում են ամբողջովին կատարել տեսակավորում››.իր խոսքում նշեց Մարինե Օհանջանյանը:
Ի՞նչ արտադրանք է ստացվում հավաքված թափոններից
Թղթից կարելի է և արդեն Հայաստանում ստանում են ստվարաթուղթ, զուգարանի թուղթ, անձեռոցիկ: Ապակուց պատրաստում են ապակյա հուշանվերներ և շշեր, իսկ պլաստիկից` օրինակ կախիչներ և ծաղկամաններ:
Պլաստիկի և ապակու վերամշակում
Լուսանկարները` Թափոնների վերամշակման վարչության ֆեյբուքյան էջից
‹‹Մենք, իհարկե, չենք կարող գնահատել արդեն իսկ գործող ընկերությունների հզորություններն ու հնարավորությունները, բայց լիահույս ենք, որ թափոնահավաքման ծավալների մեծացման դեպքում եղած ընկերությունները կմեծացնեն ընդունման և վերամշակման ծավալները և դրան զուգահեռ շուկայում կհայտնվեն նոր վերամշակող ընկերություններ։ Մեր գնահատմամբ, այս ոլորտի հանդեպ արդեն իսկ տնտեսվարողները ցուցաբերում են հետաքրքրություն:Այսպիսով, ծրագիրը հաջողելու դեպքում, համայնքներում կունենանք մաքուր միջավայր, քիչ աղբ և տնտեսության զարգացման համար նոր հնարավորություն››. ամփոփեց ‹‹Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արաքս Թադևոսյանը:
Լիանա Հովհաննիսյան
2-րդ կուրս