12000-ից ավել երեխաներ սպասում են մանկապարտեզի ընդունելության իրենց հերթին

12000-ից ավել երեխաներ սպասում են մանկապարտեզի ընդունելության իրենց հերթին

1279

Մի խումբ ծնողներ շարունակում են բողոքի ակցիաններ կազմակերպել, նամակ-դիմումներ են ուղարկում տարբեր նախարարություններ, կազմակերպում ստորագրահավաք, որպեսզի երկար ժամանակ հերթագրված ու սպասող երեխաններին ի վերջո ընդունեն մանկապարտեզ։ Սպասողների թիվը հասնում է 12000-ի:

Մարտից փակված մանկապարտեզները վերաբացվեցին սեպտեմբերի 15-ին՝ խստացված պայմաններով: Յուրաքանչյուր խմբում կարող էր լինել առավելագույնը 18 երեխա՝ նախկին 30-ի փոխարեն։

Բողոքող ծնողներից Արմինեն նշեց, որ ունի երեք տղա, արդեն երկու տարի է հերթի մեջ է, անվերջ սպասում է, և ոչ մի արդյունք չկա։ Մնում է վճարովի պարտեզ տանել բալիկներին, բայց մասնավոր մանկապարտեզների վարձերը սկսվում են 80000 -ից, իսկ ընտանիքում մեկ աշխատողը չի կարող երեք երեխայի վճարն էլ ապահովել։

Իր անհանգստությամբ կիսվեց նաև Լիա Խաչատրյանը՝ նշելով,  որ շատ ծնողներ դուրս են եկել աշխատանքից, որպեսզի խնամեն իրենց երեխաններին, բայց այդպես չի կարող երկար  շարունակվել, առանց այդ էլ այս սոցիալական բարդ իրավիճակից պետք է մի ձև դուրս գալ։ Բացի այդ, երեխանների մոտ նկատվում է իրենց հասակակիցների հետ շփման բացակայություն, որը դժվարություն  է ստեղծում, և երեխանների մոտ ընդգծվում է անվստահություն շրջապատի հանդեպ. ի վերջո ոտնահարվում է երեխանների կրթություն ստանալու իրավունքը։

Ծնողները դժգոհում են, որ քաղաքապետարանը միշտ նույն պատասխանն է տալիս՝ «ամեն ինչ արվում է ձեր ու ձեր երեխայի առողջության պահպանման համար»: «Քաղաքապետարանից ուղղորդում են առողջապահության նախարարություն, այնտեղից էլ՝ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն, և ոչ մի տեղ հստակ և բավարարող պատասխան չեն տալիս մեր հարցերին»,- նշում է անհանգստացած ծնողներից մեկը։

Ասատրյան Քնարիկը ընդգծում է հետևյալ հանգամանքը. «Եթե բարձրագույն ուսումնական հաստատությունները, դպրոցները, վճարովի մանկապարտեզները, ժամանցի բոլոր վայրերն աշխատում են ամբողջ ուժով, ես պետական մանկապարտեզի չբացվելու իմաստը չեմ հասկանում: Ինքս աշխատում եմ ԲՈւՀ-ում, տղաս հաճախում է դպրոց: Այսինքն, վարակը տուն կարող են բերել միայն այս փոքրիկ հրաշքները: Շատ անհասկանալի է պարտեզի չբացվելը, և շատ կասկածներ է առաջացնում հանրության մոտ: Երևի պետական ֆինանսավորման հետ է կապված, քանի որ նույն տարիքայինները հաճախում են վճարովի պարտեզ և անհասկանալի պատճառներով` այնտեղ չեն վարակվում»:

Քաղաքապետարանից մեր հարցերին պատասխանեց մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը և նշեց, որ մանկապարտեզներում հաճախման սահմանափակումները սահմանվում են համաձայն ՀՀ առողջապահության նախարարության ցուցումների և հրահանգների։ Իսկ մեր այն հարցերին, թե երբ ամբողջովին մանկապարտեզները կբացվեն, կամ առաջիկայում հերթի մեջ սպասող երեխաններին ինչ է սպասվում, նա պատասխանեց, որ հերթում սպասող երեխաներին սպասվում է երջանիկ մանկություն և բարեկեցիկ ապագա։

Ծնողները լիահույս են, որ կկարողանան հասնել նրան, որ օրենքը վերանայվի, ինչն էապես կթեթևացնի ծնողների հոգսը, ինչպես նաև կվերականգնի երեխայի կրթության իրավունքը:

Անի Ղումաշյան

2-րդ կուրս

Կիսվել