«World Vision ՀԱՅԱՍՏԱՆ» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության հովանավորությամբ Ապարանի SKYE երիտասարդական ակումբը նախաձեռնել է SKYE BooksStore սոցիալական ձեռներեցության ծրագիրը: Այն նպատակ ունի սույն թվականի սեպտեմբեր ամսին գրքերի վաճառքից ստացված շահույթը տրամադրել Ապարանի տարածաշրջանի սոցիալապես անապահով երեխաների դասագրքերի վճարմանը:
Ծրագրին մասնակցում է 12 երիտասարդ: Նրանք ֆեյսբուքյան էջի միջոցով գրքեր են վաճառում ու ինչ-որ չափով թեթևացնում անապահով ընտանիքների կարիքները:
-Կարճ ժամանակահատվածում շատ արձագանքներ ենք ստացել: Ծրագրի մասնակից 12 երիտասարդներիս են միացել նաև ‹‹Դե խաղա›› և ‹‹Բառախաղ›› ժամանցային խաղերի հեղինակներ Հայկ Մկրտչյանն ու Դավիթ Հավհաննիսյանը , – ասաց ֆեյսբուքյան էջի պատասխանատու Անի Դավթյանը:
Իսկ ինչ վերաբերում է գրքերի վաճառքին, երիտասարդները նշեցին, որ այսպիսի արդյունքների չէին սպասում. ընդամենը մեկ օրում վաճառվել է 7 գիրք: Ամենաշատ վաճառվածներից են մանկական զարգացնող գրքերն ու բեսթսելլերները: Ընդունվում են նաև պատվերներ և առաքվում են:
Կարդալը երբեք էլ աննպատակ չի լինում. դրանով դու կարող ես օգնել նույնիսկ ուրիշներին:
Լիանա Բրյան
2-րդ կուրս