Պայքար ընդդեմ ֆեյքերի

Պայքար ընդդեմ ֆեյքերի

859

Համացանցի որևէ լրատվական էջի մեկնաբանությունների դաշտում հաճախ ենք հանդիպում հայհոյել սիրող օգտատերերի։ Նրանք, իհարկե, չեն ներկայանում իրենց անձնական էջերով։

Վերջին շրջանում շատերս ենք ականատես լինում համացանցային ֆեյքերի ակտիվ գործունեությանը, որոնք հիմնականում քաղաքական աջ կամ ձախ թևերի համախոհներն են։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոայանը մեզ հետ զրույցում ասաց.

«Շատ դեպքերում դու կարող է չհասկանաս՝ ֆեյքի հետ գործ ունե՞ս, թե՞ ռեալ մարդու, որովհետև մի կողմից կան լավ սարքած ֆեյքեր, որոնք դժվար են տարբերվում իրական օգտատերերից, և կա հակառակ խնդիրը․ բավականին շատ նորմալ մարդիկ ֆեյքի տպավորություն են թողնում, որովհետև կիսաձևավորված հաշիվներ ունեն, փակ են գրում, այսինքն՝ միայն իրենց ընկերներն են տեսնում իրենց գրածները և ստուգել՝ իրական մարդ է, թե չէ՝ շատ դեպքերում անհնարին է»,–նշում է մեդիափորձագետը։

Սոցիալական ցանցերում ԱԱԾ–ի կողմից բացահայտումներ անելը բարդանում է, քանի որ սոցցանցերը հատուկ պաշտպանում են մարդկանց իսկությունը։ Մեդիափորձագետը կարծում է, որ թեև կա ֆեյքերի վտանգ, այնուամենայնիվ, հայաստանյան իրականությունը ուռճացնում է ֆեյքերի դերը։

«Ինձ թվում է՝ մեզ մոտ չափազանցված է ֆեյքերի ազդեցությունը, մենք ինչ–որ «հողմաղացների» դեմ ենք պայքարում։ Իրականում շատ դեպքերում խնդիրը նրանում է, որ, օրինակ, հանրային կառույցները նորմալ տեղեկատվական քաղաքականություն չեն վարում, և դա ֆեյքերի համար պարարտ հող է»,-հավելում է Սամվել Մարտիրոսյանը:

Ֆեյսբուքի գնահատմամբ՝ աշխարհում ֆեյք են օգտատերերի 4–5 տոկոսը։ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ ֆեյքերը ստեղծվում են մի քանի գործառույթ իրականացնելու համար՝ հասարակական կարծիքի ձևավորում, քաղաքական կեղծ օրակարգի ստեղծում, ապատեղեկատվության տարածում և հակառակորդին լռեցնել։

Այս բոլորը հաշվի առնելով՝ ևս մեկ անգամ պետք է արժեվորենք մեդիագրագիտության  դերը

Ոչ միայն համացանցային իրականության մեջ, այլև՝ մեր առօրյա կյանքում։

Մարիամ Հարությունյան

2-րդ կուրս

Կիսվել