Կինը՝ հասարակության ուժեղ կողմերից մեկը

Կինը՝ հասարակության ուժեղ կողմերից մեկը

785

Մարտի 8-ը նշվում է որպես Կանանց միջազգային օր։ Տոնը ստեղծվել է՝ նշանավորելու կանանց իրավունքների համար շարժումը: Կանանց «թույլ սեռի ներկայացուցիչներ» համարելն այսօր աշխարհի շատ երկրներում այլևս արդիական չէ, սակայն մինչ օրս տարբեր ժողովուրդների շրջանում կան կարծրատիպեր՝ ինչպիսին պետք է լինի կինը, ինչ մասնագիտություն պետք է ունենա կամ ունենա՞, թե՞ ոչ: 

Մեր կատարած առցանց հարցումը,  որին մասնակցել է 115 անձ (81,7%՝ իգական, 18,3%՝ արական սեռի ներկայացուցիչներ՝ միջնակարգ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթությամբ), «թույլ սեռի» ներկայացուցիչներ համարվող կանանց նկատմամբ վերաբերմունքի այսպիսի պատկեր է ցույց տվել.

Հարցվածների մի մասը կարծում է, որ կրթությունը կնոջ համար կարևոր է, մի մասը՝ ցանկալի է, իսկ մեծ մասը՝ պարտադիր է:

Հարցմանը մասնակցած 115 անձանց մեծ մասի կարծիքով՝ կան այնպիսի մասնագիտություններ, որոնք կանանց համար չեն, մի մասի կարծիքով էլ այդպիսի մասնագիտություններ չկան: Մասնակիցների 4,3%-ը կարծում է՝ կինը պետք է տնային տնտեսուհի լինի, իսկ մեծ մասը մտածում է, որ պետք է աշխատանք ունենա որևէ ոլորտում:

Հաճախ կնոջը վերագրվում է տնային տնտեսուհու դերը. դա դիտարկվում է նրա միակ «մասնագիտությունը», սակայն միևնույն ժամանակ համարվում է, որ կինն ամբողջ օրը տանն է և գործ չի անում: Միևնույն ժամանակ ավելանում է  այն կանանց թիվը, ովքեր կրթություն են ստանում, ապահովում իրենց զբաղվածությունն աշխատաշուկայում, ղեկավար պաշտոններ ստանձնում:

Այսպես, 10-24 տարիքային խմբում ՀՀ բնակչության գրագիտության մակարդակը armstat.am-ի  2015 թ.-ի տվյալներով կազմել է 98.9%, որից իգական սեռի ներկայացուցիչների ցուցանիշը հասնում է 99%-ի: Ցուցանիշը ներկայացնում է կրթական որոշակի մակարդակ ունեցող նշված տարիքային խմբի ներկայացուցիչների թվաքանակը, դա ներառում է ինչպես տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական, բարձրագույն կրթություն ունեցողներին, այնպես էլ տարրական կրթություն չունեցող, սակայն որևէ լեզվով գրավոր որոշակի  հաղորդակցություն իրականացնող անձանձ:

Ավելացել է նաև կանանց միջին անվանական աշխատավարձի քանակը, որը ՀՀ-ում 2019 թ. դրությամբ կազմել է մոտավորապես 145000 դրամ:

Հաշվի առնելով այս ցուցանիշները, ինչպես նաև կատարված հարցումը՝ կարելի է եզրակացնել, որ այսօր կանանց դերը երկրի զարգացման գործում նախորդ տարիների համեմատությամբ  բարձր է: Կիրթ կանայք ապացուցում են, որ կարող են մասնակցել երկրի կառավարմանը, լինել լավագույնը տարբեր ոլորտներում և միաժամանակ մնալ բացառիկ տնային տնտեսուհիներ: Եվ հաճախ լսվող այն «աֆորիզմը», թե կանայք թույլ սեռի ներկայացուցիչներ են և լուրջ գործունեություն չեն կարող ծավալել, պետք է մոռանալ: Կարելի է հիշել նաև, որ կանանց իրավունքները պաշտպանված են միջազգային մի շարք փաստաթղթերով, և 1993 թ.-ին մեր երկիրը վավերացրել է ՄԱԿ-ի՝ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիան: Այսինքն՝ թե՛ իրավական և թե՛ մշակութային տեսանկյուններից կնոջ դերը մեր օրերում փոխվել է և ավելի է կարևորվում:

Տաթև Ալիխանյան

2-րդ կուրս

Կիսվել