Արվեստը՝ փոքրիկ բիզնեսի սկիզբ

Արվեստը՝ փոքրիկ բիզնեսի սկիզբ

1413

Երիտասարդ նկարչուհի, դիզայներ Գոհար Քարամյանի համար ամեն վրձնահարված զորություն ունի, որով արտահայտում է իր հույզերն ու ցանկությունները։ Արվեստը նրա կյանքի անբաժանելի մասն է։

Գոհարը սովորում է Երևանի պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության և հագուստի մոդելավորման բաժնում։ «Արվեստն ինձ համար մի ուրիշ կյանք է, մի գունավոր աշխարհ, որտեղ ապրածս ամեն պահն ու մտքերը, լինեն տխուր, թե ուրախ,  կարող եմ հանձնել թղթին», – մեզ հետ զրույցում ասաց Գոհարը։

Այն հարցին,  թե արդյոք բոլորը կարող են զբաղվել արվեստով, նա պատասխանեց. «Իմ կարծիքով՝ բոլորն իրենց մեջ կարող են արվեստ ունենալ և այն պատկերացնել  յուրովի։ Նույն կերպ էլ յուրաքանչյուր արվեստագետ ունի իր ձեռագիրը, որով  տարբերվում մյուս արվեստագետներից»։

Գոհարը զբաղվում է հագուստի մոդելավորմամբ։ Նկարչական տաղանդի շնորհիվ նա ստեղծել է իր փոքրիկ բիզնեսը. նկարում է շապիկների վրա և վաճառում դրանք։

Նա պատմեց շապիկների ստեղծման մտահղացման մասին. «Շապիկներիս աշխատանքը շատ վաղուց եմ մտածել, ուղղակի ամեն անգամ ինչ-որ բան խանգարում էր սկսելուն։ Երևի թե վախն էր, որ ինձ մոտ ամեն գործ սկսելուց առաջ է լինում, բայց ես հասկացա, որ ուղղակի պետք է սկսեմ առանց վախենալու, քանի որ արվեստը ազատություն է սիրում»։

Շապիկների վրա նկարելիս հիմնականում օգտվում է Սարյանի, Վան Գոգի, Մինաս Ավետիսյանի և Մոդիլիանիի կտավներից։ Օրինակ՝ Վան Գոգի «Արևածաղիկները», Սարյանի «Սելլան», Մինաս Ավետիսյանի «Լավաշն ու հացթուխները»։

Գոհարն ունի ինստագրամյան էջ, որտեղ տեղադրում է իր աշխատանքները և առաջին քայլերն է անում սեփական բիզնեսի ստեղծման ուղղությամբ։

Այն հարցին, թե ինչը կամ ով է իրեն մոտիվացնում, նկարչուհին պատասխանեց. «Ինձ կարող է մոտիվացնել բնության ամեն մասնիկ՝ մայրամուտը՝ իր գույներով, ծաղկած ծառերը, թռչունները և այն ամենը, ինչ իմ աչքին հաճելի է ու տարբերվող։ Ես ամեն ինչում նոր գույներ եմ տեսնում, ու հենց այդ գույներն են, որ ստիպում են ստեղծագործել»։

Գոհարը չի առանձնացնում ոչ մի նկարչի։ Նրա կարծիքով՝ յուրաքանչյուրը մի նոր բան է սովորեցնում։

«Ապագայում նկարի՞չ, թե՞ դիզայներ» հարցին պատասխանեց. «Չգիտեմ, որովհետև երկուսն էլ իմն են։ Գուցե հետո այնպես ստացվի, որ ընտրեմ դրանցից մեկը, բայց հիմա, քանի որ դեռ սովորում եմ, համատեղում եմ այդ երկուսը»։

Ստեղծագործ աղջիկը դեռ մեծ նպատակներ ունի՝  արվեստի հետ կապված, ասում է՝ ժամամակն ամեն ինչ ցույց կտա։

Էլեն Առաքելյան

2-րդ կուրս

Կիսվել