Գարունն իր հետ բերում է մաշկի խնդիրներ

Գարունն իր հետ բերում է մաշկի խնդիրներ

724

25-ամյա Մարի Պետրոսյանը գարնանային արևի հայտնվելուն պես սկսում է նկատել, որ դեմքն անճանաչելի է. ծակոտիներն ավելի լայնացած են, դեմքի գույնը՝ փոխված: Այդ պատճառով էլ գարնանը մաշկը հատուկ խնամք է պահանջում. «Հատկապես ես չոր մաշկ ունեմ, ու փոփոխություններն անմիջապես նկատելի են լինում, ուստի փորձում եմ ամեն բան անել մաշկս վերականգնելու համար»,-ասում է նա:

Մի անգամ քիմիական նյութով դիմահարդարումը մաքրելիս՝ քոր և այրոց է զգացել: Անմիջապես լվացվել է սառը ջրով, որից հետո, կարծես, կարգավորվել է: Սակայն մոտ 40 րոպե անց ամբողջ դեմքը կարմրել է, և այտերի հատվածում քոր է զգացել. «Չեմ կարող բացատրել՝ ինչ սուր զգացողություններ էին: Դա եղավ վերջին դեպքը, որ առանց նախապես ուսումնասիրելու որևէ բան օգտագործեի»,-պատմում է Մարի Պետրոսյանը:

Մարիի խոսքով, որոշ ժամանակ մաշկը հանգիստ թողնելով, կարմրությունն անցել է, բայց դրանից հետո, մասնագետի հետ խորհրդակցելով, ճիշտ խնամքի շնորհիվ ունեցել է հարթ մաշկ. «Մաշկս, հիմա, ավելի թարմ և խնամված է: Ես ընդամենը մի քանի քայլ էի անում, բայց մասնագետն ինձ սովորեցրեց՝ ինչպես կանոնավոր խնամել դեմքս»,-ասում է նա:

Մաշկաբան Վերոնիկա Նավասարդյանի խոսքով՝ մաշկի խնամքն իրենից ենթադրում է ամենօրյա կանոնավոր քայլերի հերթականություն, որի արդյունքում ունենում ենք հարթ և խնամված մաշկ: Դեմքը պետք է խնամել օրական երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան. «Առաջինը, ըստ մաշկի տիպի, պետք է ընտրել դեմքը մաքրող համապատասխան միջոց: Հաջորդ քայլը մաշկի տոնավորումն է, հիմնականփուլը խոնավեցումն է»,-ասում է մաշկաբանը:

Մասնագետի խոսքով՝ տարածված սխալներից մեկը դեմքը չլվանալն է, եթե չեն օգտագործել տոնային քսուք: Սակայն դեմքը պետք է մաքրել ոչ միայն կոսմետիկ միջոցներից, այլև օրվա ընթացքում կուտակված ճարպից ու շրջակա միջավայրի ախտոտվածությունից:

20-ամյա Գրետայի մաշկն ալերգիկ է, ու ամեն չնչին բանից դեմքը գրգռվում է. «Բայց մի անգամ կալցի քլորիդով պիլինգից քոր ու կարմրություն է առաջացել: Սկզբում չգիտեի, որ զգայուն մաշկին չի կարելի, այն ավելի համապատասխան է յուղոտ մաշկին»,-պատմում է Գրետան

Նա ունի զգայուն մաշկ, հետևաբար սխալ խնամքը հանգեցնում է մաշկային խնդիրների (ցանավերում, քոր, գրգռվածություն)։ «Քանի որ արդեն օգտագործում եմ պիլինգ, սկրաբ, դիմակ, մաշկս խորը մաքրման կարիք չունի. ինքս կարողանում եմ խնամել՝ առանց մասնագետի դիմելու»,-ասում է Գրետան:

Ըստ մաշկաբանի՝ մաշկի խնամքը պետք է սկսել սեռահասունացման տարիքից: Հիմնականում, 11-12 տարեկանից կարելի է զբաղվել խնամքով: Ամեն մաշկ ունի իր յուրահատկությունը. «Լինեք դիմահարդարված, թե՝ ոչ, ամեն առավոտյան նախ պետք է մաքրենք,ապա տոնուսավորենք մաշկը։ Ընտրում ենք մաշկի տիպին համապատասխան, հատուկ դեմքի համար նախատեսված լվացվելու գել կամ փրփուր»,-ասում է Վերոնիկա Նավասարդյանը։

Դեմքը լվանում ենք անպայման գոլ ջրով, չորացնում անձեռոցիկով, խուսափում ենք սրբիչից, քանի որ խոնավ սրբիչն իր մեջ բազմաթիվ մանրէներ է պարունակում։ Այնուհետև անցնում ենք խոնավեցմանը և տոնուսավորմանը. դեմքը մաքրում ենք տոնիկով (ցանկալի է, որ չպարունակի սպիրտ ), կախված տարիքից օգտագործում ենք նաև թթվային շիճուկներ, տոներ։

Էլիզա Գրիգորյան

3-րդ կուրս

Կիսվել