«Քարվաճառում թշնամին առաջխաղացում չի ունեցել, իսկ մենք գրավել ենք 6 դիրք». 24-ամյա...

«Քարվաճառում թշնամին առաջխաղացում չի ունեցել, իսկ մենք գրավել ենք 6 դիրք». 24-ամյա կամավորական

880

«Քանի շնչում ես, պիտի կռվես ու պայքարես»,-ասում է արցախյան երկրորդ պատերազմի կամավոր Տարոն Սահակյանը։ 24 տարեկանում նա արդեն 2 պատերազմի է մասնակցել: 2016-ի ապրիլյան պատերազմին նա շարքային զինծառայող էր։

Տարոնի մասին պատերազմի առաջին օրերից ամբողջ Լիճք գյուղն էր խոսում։ Լսելով պատերազմի մասին՝ նա հենց առաջին օրը շտապել է կամավորագրվել: Մեկնել է Արցախ՝ առանց հարազատներին մեկնման մասին տեղեկացնելու: Տարոնի հայրն էլ արցախյան առաջին պատերազմի մասնակից է:

«Ամսի 27-ի առավոտյան իմացա պատերազմի մասին ու մոտս աննկարգրելի զգացողություն էր: Քանի որ ես ապրիլյան պատերազմին էլ եմ մասնակցել, շատ լավ պատկերացնում էի զինվորի հոգեվիճակը այդ պայմաններում: Բացի այդ, ես արդեն ունեի փորձառություն, մասնագիտություն և լավ հասկանում էի, որ կարող եմ օգնել մեր բանակին»,- պատմությունը սկսում է կամավորականը:

Նա ներկայացել է զինկոմիսարիատ, 2 օր սպասել, մինչև իր հերթը հասնի։ «Այդ ընթացքում նաև ծնողներիս էի նախապատրաստում, որ գնալու եմ, չնայած նրանք լուրջ չէին վերաբերվում: Այդ 2 օրերը շատ ծանր են եղել իմ համար, ոնց որ փշերի վրա լինեի՝ ո’չ հաց էի ուտում, ո’չ էլ՝ քնում,- ասում է Տարոնը,- ամսի 30-ին մաման ասումա՝ մեզ տար Մարտունի, ես էլ էդ օրը պիտի գնայի սահման: Մամային ու մեր հարևանուհուն տանում եմ Մարտունի, մեքենան թողնում այդտեղ և շտապում զինկոմիսարիատ»:

Արդեն օրվա ավարտին Տարոնը հասնում է Քարվաճառ ու միանում դիրքերը պահողներին:

Տարոնը շատ լավ է հիշում հոկտեմբերի 1-ը: Ասում է՝ այդ օրը մարտադաշտում տոնել է 24-ամյակը, չնայած կռիվը մոռացնել է տվել ծննդյան օրվա մասին:

«Կորցրել էի ժամանակի զգացողությունը: Հոկտեմբերի 1-ի առավոտյան մաման զանգում է ու ծնունդս շնորհավորում: Ես զարմանում եմ, ո՞նց թե ծնունդ (ժպտում է): Հոկտեմբերի 1-ը շատ ծանր ու խառը օր էր մեզ համար, բայց 24-ամյակս մոռանալ չեմ կարող»: Տարոնը մարտադաշտում զբաղեցրել է հաշվարկի հրամանատարի պաշտոնը. հաշվի են առել ապրիլյան պատերազմի իր փորձառությունը:

«Քանի որ քառօրյա պատերազմի ժամանակ եղել եմ հրամանատար, այս պատերազմում իմ գործն ուսումնասիրելով՝ ինձ նշանակեցին հաշվարկի հրամանատար: Մասնագիտությամբ հրետանավոր եմ եղել և՛ ապրիլյան, և՛ այս պատերազմին, կրակել եմ Դ 30 տեսակի զենքից»,-նշում է Տարոնը:

Չնայած ծանր մարտերին, նա թեթեւությամբ է խոսում պատերազմի մասին, ասում է՝ ուրախություն և հպարտություն էին զգում, երբ ինչ-որ դիրքի կրակով աջակցում էին:

«Մեզ որ ասում էին՝ կրակ ենք ուզում, մենք ուրախանում էինք: Գիտակցում էինք, որ մեր մեկ կրակով կարող ենք թշնամուն զգալի թվով վնաս հասցնել, ու դա էլ մեր վրեժն էր, այսկերպ գոնե կարողանում էինք մեղմացնել վրեժը մեր զոհված, գերեվարված և կորած հարազատների համար»:

Կամավորականը նշում է, որ Քարվաճառի հատվածում թշնամին ոչ մի առաջխաղացում չի ունեցել, ավելին` մեր բանակը Քարվաճառում կարողացել է գրավել թշնամու 6 դիրք:

«Մեր անձնակազմով խոցել ենք բազմաթիվ մարդկային կուտակումներ, պատերազմի առաջին օրերին կարողացել ենք 6 դիրք առաջ գնալ և մինչև պատերազմի ավարտ մնացել ենք մեր գրաված դիրքերում: Ես կարողացել եմ 1 ՏՈՍ հրետանային համակարգ խոցել»,- իրենց մարտական հաջողությունների մասին պատմում է կամավորականը:

Տարոնը ափսոսում է Քարվաճառի հանձնման համար, բայց պատերազմի նման ավարտը համարում է հավանական՝ հաշվի առնելով թշնամու թվաքանակը:

«Քարվաճառում թշնամին անգամ մեկ սանտիմետր առաջ չէր կարողացել գալ, դա պայմանավորված էր տեղանքով՝ բարձր գոտի լինելով, ու իրենք շանս չունեին Քարվաճառը գրավելու: Ափսոս, որ Քարվաճառը հիմա իրենցն ա, որովհետև այն շատ մեծ նշանակություն ուներ մեր երկրի համար: Միևնույն է, ես պնդում եմ, որ թշնամին չի հաղթել, քանի որ իրենք թվակազմով և տեխնիկայով մեզանից շատ հզոր են եղել»,-ասում է նա:

Տարոն Սահակյանը առանց հանգստի 42 օր եղել է մարտադաշտում, կռվել է մինչև պատերազմի ավարտը։ «Եթե էլի պատերազմի լինի, կմասնակցե՞ս»,- հարցնում եմ նրան:

«Իմ համար արդեն սովորական բան է դարձել պատերազմը ու էլի կգնամ: Իմ առաքելությունն է պաշտպանել Հայրենիքը: Մեր երկիրը սկսվում է սահմանից, իսկ եթե սահմանը թույլ է, ուրեմն մենք էլ ենք թույլ»,- եզրափակում է Տարոնը:

Լիլիթ Խլղաթյան

3-րդ կուրս

Կիսվել