«Աշակերտին պետք է չհետաքրքրի թվանշանը, այլ այն, թե ինչ ինչ ինտելեկտուալ սնունդ...

«Աշակերտին պետք է չհետաքրքրի թվանշանը, այլ այն, թե ինչ ինչ ինտելեկտուալ սնունդ ստացավ այդ օրը»

1129

Առաջինից մինչեւ 5-րդ դասարան աշակերտներին թվանշաններով չգնահատելու ԿԳՄՍ նախարարության նախաձեռնության մասին Ժուռնալիստ.am-ի հետ խոսել է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի Սաշա Գալստյանի անվան ավագ դպրոցի տնօրեն Մայիս Նիկողոսյանը։

Հիշեցնենք` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ գնահատման (տվյալ դեպքում՝ չգնահատման-խմբ.) նոր կարգը փորձնական կսկսվի կիրառվել արդեն 2021-ի սեպտեմբերից, իսկ լրամշակվելուց հետո ուժի մեջ կմտնի 2023 թվականից։

-Ինչպե՞ս եք վերաբերվում առաջինից մինչեւ 5-րդ դասարան աշակերտներին թվանշաններով չգնահատելու ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությանը։

-Ես տարիներ շարունակ աշխատել եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, և տասնամյակներ շարունակ այդ ծրագիրը իրականացրել ենք։ Սկզբում առանց գնահատականի ուսուցումը  առաջին և երկրորդ դասարանների համար էր, այնուհետև շարունակվեց մինչև չորրորդ-հինգերորդ դասարաններ։ Ասածս ենթադրում է, որ ես կողմ եմ այդ որոշմանը, քանի որ սա բազում առավելություններ ունի՝ ի տարբերություն գնահատման մեթոդի։

-Արդյո՞ք այդպես երեխաների մոտ սովորելու մոտիվացիան չի պակասի։

-Գնահատականները հեշտությամբ կարող են փոխարինվել «ապրես»-ով, գեղեցիկ խոսքով կամ տետրում ինչ-որ գրառումով։ Շատ տարբերակներ կան, որոնցով աշակերտը իրեն գնահատված ու կարևորված կզգա։

Իսկ ծնողներն ինչպե՞ս հետևեն երեխայի կրթական աճին։

-Մենք մեր համակարգում մի այսպիսի ողբերգություն ունենք, որ ծնողը չի կարևորում իր ներկայությունը դպրոցում։ Նա որպես սոցիալական պատվիրատու պարտավոր է իր երեխայի գիտելիքների յուրացմանը հետևել դպրոցում։ Եթե մեր ծնողները հետևողական գնան իրենց պատվերի ետևից, մասնավորապես տարրական դպրոց, կարծում եմ՝ ամեն բան իր տեղում կլինի։ Ծնողը պետք է հետաքրքրվի ոչ թե երեխան ինչ է ստացել, այլ թե այդ դասարանի ուսումնական ծրագիրն ինչքանով է  յուրացրել։

-Ի՞նչ եք կարծում, երեխաների կամ ծնողների կողմից բողոքներ կլինեն։

-Կարծում եմ` ինչպես նախկինում, այդպես էլ այսօր առաջիկա մեկ-երկու տարիներին անահանգստություններ կլինեն, և դա կլինի նրանից, որովհետև սովոր չեն լինի ծրագրին։ Բայց վստահ եմ՝ հեշտ հաղթահարելի կլինի այդ վիճակը։

-Հոգեբանական ի՞նչ ազդեցություն կունենա նման փոփոխությունը։

-Ըստ իս՝ հոգեբանական տեսանկյունից ոչ միայն մինչև 5-րդ դասարան, այլ նաև ավագ դպրոցներում պետք է անցում կատարել այս նոր առաջարկվող ծրագրին։ Քանի որ գնահատականը չպետք է ազդող նշանակություն ունենա։ Ուսուցիչը կարող է գալ դասի և դասարանը լցնել իրենով, իր գիտելիքով և ոչ մի թվանշան չնշանակել։ Դե իսկ այդ ժամանակ  աշակերտին էլ  թվանշանը չի հետաքրքրի։ Նա կմտածի միայն, թե այդ օրը ինչ ինտելեկտուալ սնունդ ստացավ։

Մարիամ Թեյմուրազյան

2-րդ կուրս

Կիսվել