Վթարային շենքերի հակառակ կողմը

Վթարային շենքերի հակառակ կողմը

1041

Կառավարությունը մարտի 11-ի նիստում համաձայնություն էր տվել Աջափնյակ համայնքում բնակարանաշինության ներդրումային-սոցիալական ծրագրի իրականացմանը: Ծրագրի միջոցով փորձելու են մասամբ լուծել մայրաքաղաքի բնակֆոնդի նորացման հարցը և կրճատել վթարային շենքերի թիվը։ Նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ծրագրի հաջող իրականացմամբ կգործարկվի մեխանիզմ, որով առնվազն առաջին փուլում Երևանում կլուծվի վթարային շենքերի խնդիրը:

«Մենք մարզերում ևս ունենք խնդիրներ, և եթե մեխանիզմը սկսեց աշխատել, գործնականում կարող ենք ասել, որ ռազմավարական առումով հարցը լուծման ռելսերի վրա է դրված»,- նշել է Փաշինյանը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը պատկերը ներկայացրեց թվերով.  Հայաստանում վթարային շենքերը 600–ից շատ են,   95-ը ունեն վթարայնության 4–րդ աստիճան:

Նախագծով հաստատվել է Երևանի Աջափնյակ համայնքից շուրջ 28 000 քմ մակերեսով հողամասը «ՋիԷմ Քոնսթրաքշն» ՍՊԸ–ին վաճառելու` քաղաքապետարանի առաջարկությունը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ նախագիծն իրականացվելու է երկու փուլով: Առաջին փուլում ընկերությունը բնակիչներին վերաբնակեցնելու համար 2000 ք/մ մակերեսով բնակելի տարածք կհատկացնի:

«Երկրորդ փուլում նախատեսվում է ապամոնտաժել շինարարների փողոցի 23 հասցեում գտնվող երրորդ կարգի վթարային շենքը և տեղում կառուցել 16 408 ք/մ մակերեսով 18 վերգետնյա և երկու ստորգետնյա հարկ ունեցող բազմաբնակարան բնակելի շենք», — մանրամասնեց նախարարը:

Ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանը նախագծին ծանոթ չէ: Ասաց՝  չի կարող ամբողջական գնահատական տալ։ Նրա խոսքով՝ 18 հարկանի շենքեր կառուցելով հնարավոր է վթարայինների հարցը լուծել, բայց շատ բան կախված է լինելու կառուցապատման նախագծից։ Սեյսմիկ անվտանգության խնդիրն էլ դիտարկվեց. Ճարտարապետն ասաց, որ  ճիշտ գնահատումների դեպքում կարելի է նույնիսկ ավելի բարձր շենքեր  կառուցել. երկրաշարժի ժամանակ դրանք կլինեն պակաս վտանգավոր, քան ցածրահարկ հները:

«60-70 ական թվականներին կառուցած 4, 7, 11 հարկանի շենքերը կառուցապատվել են այն ժամանակվա յոթը բալ սեյսմիկ կայունությամբ, իսկ հիմա արվում է ինը  և ավելի բալ սեյսմակայունության համար։ 18 հարկը չպետք է մարդկանց վախեցնի, պետք է ճիշտ նախագիծ արվի։ Կանաչապատման մակերեսները պետք է մեծ լինեն։ Շինարարների փողոցում յոթից ավելի շենքեր կան, այդտեղ արդեն պետք է մի քիչ զգույշ լինել, եթե այդ թաղամասը քիփ կառուցապատվի, դա արդեն կլինի այն, ինչին ես դեմ եմ»,- ասաց Բադալյանը։

Կառուցապատողի ու վթարային շենքերի բնակիչների հարաբերությունները կարգավորվելու են նրանց հայեցողությամբ:  Բնակիչը կարող է կառուցապատողից ստանալ նոր բնակարանը կամ  դրա գումարը:

Մարիամ Հարությունյան

2-րդ կուրս

Կիսվել