Սիրու՞մ ես ֆիզիկան, ուզու՞մ ես զարգացնել հայրենիքդ, ուրեմն արի՛ ֆիզիկայի ֆակուլտետ

Սիրու՞մ ես ֆիզիկան, ուզու՞մ ես զարգացնել հայրենիքդ, ուրեմն արի՛ ֆիզիկայի ֆակուլտետ

2160

Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը 2021 թվականից սկսելու է նոր կրթական ծրագիր՝ 3 տարբեր մասնագիտություններով՝ Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստկան բանականություն, Երկակի նշանակության տեխնոլոգաների ֆիզիկա, Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ: Այսպիսիով, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը բացում է նոր հնարավորթյուններ այն դիմորդների համար, ովքեր դեռ չեն հասցրել ընտրել իրենց ապագա մասնագիտությունը:

ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի հիմնախնդիրների և հնարավորությունների մասին զրուցել ենք նույն ֆակուլտետի դեկան, ֆիզիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանի հետ, ում տիտանական ջանքերի շնորհիվ Ֆակուլտետը բացել է իր երեք նոր բաժինները:

-Ես կարծում եմ, որ ամեն պարագայում պետք է լսել երիտասարդներին, անտարբերությամբ չվերաբերվել նրանց որևէ առաջարկության, դրա համար իմ՝ դեկանի պաշտոնում նշանակվելուց հետո, անում եմ հնարավորն ու անհնարինը ուսանողների կրթական պահանջմունքները բավարարելու համար: Արագ փոփոխվող այս աշխարհում փոխվում է նաև ֆիզիկայի մասին պատկերացումներն ու ֆիզիկան ընդհանրապես: Դա է պատճառը, որ մենք արել ենք ամեն ինչ՝ ֆիզիկան դիմորդների համար գրավիչ դարձնելու համար:

Մենք նպատակ ենք դրել ավելացնել մեր դիմորդների քանակը՝  իհարկե առաջնային սկզբունք համարելով կրթության որակը: Հայաստանին այս ոլորտում գիտնակններ են պետք, մանավանդ՝ պատերազմից հետո: Մեր ֆակուլտետը լիարժեքորեն տալիս է  հնարավորություն ներկայիս  տեխնոլոգիական առաջադիմության պատկերը փոխելու համար:

Պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանը, ով գիտական ու աշխատանքային մեծ փորձ ունի, ում միտքն ու գաղափարները օգտագործվել են աշխարհի զարգացած շատ երկրներում, այսօր հրաժարվել է դրսի հնարավորթյուններից, ԱՄՆ-ում եկամտաբեր իր աշխատանքից և վերադարձել հայրենիք՝ նոր գիտնականներ կրթելու և երկրի զարգացմանը իր բաժին ներդրումն ունենալու:

Պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանի մասնագիտական ու անձնական հեղինակության շնորհիվ ֆակուլտետը ձեռք է բերել նոր հնարավորություններ, պայմանավորվածություններ աշխարհի լավագույն գիտնականների հետ համատեղ նոր կրթական որակ ապահովելու համար:

-Ուզում եմ ասել, որ մեր ֆակուլտետը ունի բոլոր հնարավորությունները ուսանողներին լավագույն կրթությամբ ապահովելու համար: Նոր բացված բաժիններում դասավանդելու են ինչպես մեր ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, այնպես էլ Հայաստանի լավագույն մասնագետները, ովքեր այսօր հնարավորություն ունեն ղեկավարելու ծանրակշիռ ու մեծ նշանակություն ունեցող կազմակերպություններ: Դասախոսելու են նաև մասնագետներ արտերկրից՝ հեռավար, ինչու չէ, նաև կենդանի շփման ձևաչափով:

Ռաֆիկ Հակոբյանը նշում է, որ ԵՊՀ-ն ամբողջովին վերանորոգել ու վերազինել է համալսարանական  աստղադիտարանը. արդեն սկսել են իրենց գործունեությունը աստղադիտարանում՝ ուսանողների և Հայաստանի տարբեր դպրոցների աշակերտների ներգրավմամբ:

-Ուզում եմ հստակ արձանագրել, որ մեր դիմորդները կրթական ծրագիրն ավարտելուց և մասնագետ դառնալուց հետո ընդհանրապես խնդիր չեն ունենալու՝ կապված աշխատանք գտնելու հետ. այսօր Հայաստանում կա մեր մասնագետների մեծ պահանջարկ, սակայն, ցավոք, նոր կադրեր չունենք:

Դեկանը փաստում է, որ Ֆակուլտետի Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզկայի բաժինը հնարավորություն է տալիս ուսանողներին համագործակցել Պաշտպանության նախարարության, IT ոլորտի հետ, գործունեություն ծավալել այն ոլորտներում, որտեղ կենսական նշանակության դեր ունի ֆիզիկան: Պարոն Հակոբյանը օրինակներ է բերում. Ֆակուլտետի ջանքերով ստեղծվել է գերսեյսմազգայուն սարք, որը, տեղադրելով դիրքերում, կարելի է հասկանալ՝ թշնամու կոզմից դեպի դիրքեր շարժ կա, թե ոչ, կամ ստեղծվել են զրահաբաճկոններ, որոնք շատ էֆեկտիվ են, ներկայումս էլ դրանք օգտագործվում են ՊՆ շատ զորամասերում:

-Մեր կառավարության ճիշտ ռազմավարության դեպքում մենք կարող ենք շատ կարճ ժամանակում տեխնոլոգիական առաջադիմության պատկերը էապես փոխել: Բայց դրա համար պետք է նաև  դիմորդների ակտիվ ներգրավվածությունը մեր այս հայրենանպաստ գործին. մենք ամեն ինչ անում ենք ֆիզիկան հայրենիքին ծառայեցնելու համար, ուստի այն աշակերտները, այն դիմորդները, ովքեր ունեն հետաքրքրություն ֆիզիկական գիտությունների հանդեպ, պետք է անեն առաջին և, թերևս, ամենակարևոր քայլը՝ սկսեն իրենց մասնագիտական ուղին լայն հնարավություններ ընձեռնող Ֆիզիկայի մեր  ֆակուլտետից:

Էդգար Գորգինյան

2-րդ կուրս

Կիսվել