Փոքր ավանի մեծ խնդիրը

Փոքր ավանի մեծ խնդիրը

883

Թափառող շների հսկայական խմբերը լուրջ խնդիր են դարձել Գագարին գյուղի բնակիչների համար։ Տեղի բնակիչները խնդրահարույց են համարում նաև տարածքների համար՝ կռիվ տվող փողոցային շների հաչոցները, բացի դրանից, շների կծոցներից ու հարձակումներից վախենում են ոչ միայն երեխաները, այլ նաև մեծահասակները։ Գագարին գյուղի բնակիչներից Մերի Մհերյանը վերջերս տուժել էր շան հարձակումից, իր հետ զրույցում Մերին պատմեց, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել.

-Շտապում էի քրոջս տուն, երբ ճանապարհս կտրեց մի շուն, որը երևում էր, որ փախել էր, քանի որ իր հետ ինչ-որ երկար պարան էր քարշ տալիս։ Փորձեցի չվախենալ և կանգնեցի, ինձ թվում էր, որ եթե տեսնի, որ իրենից չեմ վախենում, կհեռանա: Սակայն շունը ցատկեց վրաս, ինչից, անկեղծ ասած, շատ վախեցա, բայց էլի կտրուկ քայլերի չդիմեցի, մինչև ինձ օգնության հասան, իսկ մինչ այդ շունը հասցրել էր պատառոտել վերարկուս, ձեռքս ամբողջովին կապտել էին, սալջարդ էր։ Ինձ ցավը այնքան չէր անհանգստացնում, որքան այն վախը, որը զգացի, թեև ես անշարժ կանգնած էի և բնավ մտադրություն չունեի նրան վնասելու։

Եվ սա Գագարինում  առաջին դեպքը չէ։ Թափառող շները ցուցաբերում են ագրեսիվ վարք և հարձակվում են  նաև երեխաների վրա։

Խնդրի լուծման վերաբերյալ մեր հարցին ի պատասխան Գեղարքունիքի մարզպետարանը արձագանքեց հետևյալ կերպ.

«Գեղարքունիքի մարզպետարանում մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ ուսումնասիրվել և քննարկվել է թափառող շների վնասազերծման հարցը։ Թափառող շներին՝ բռնելու, տեղափոխելու, պահելու,բուժելու, ստերջացնելու և այլ աշխատանքների կազմակերպումը խիստ ծախսատար է, որի հնարավորությունը համայնքները չունեն։

Ներկայումս աշխատանքներ են տարվում մարզում համապատասխան կենտրոն կառուցելու և շահագործելու ուղղությամբ»։

Բնակչուհի Մերի Հովհաննիսյանը ասաց, որ դպրոց գնալիս գրեթե միշտ իրեն ընկերակցում են թափատող շները, սակայն նա այնքան էլ չի վախենում նրանցից։

 «Ինձ վրա բազմիցս հարձակվել են, բայց ես, կարելի է ասել, առանց վախենալու անցնում եմ նրանց մոտով, ինչը չեմ ասի ինձնից տարքով ավելի փոքրերի մասին, որոնք ստիպված են լինում մի քանի անգամ փոխել իրենց ճանապարհը  մինչև դպրոց հասնեն, և որքան էլ ասում եմ եկեք՛, մի՛ վախեցեք, միևնույն է՝ սկսում են արագ վազել, գոռալ, և այդպես գրեթե միշտ։ Այս կենդանիներին պետք է միշտ օգնել, և ինձ վրա ազդում է, երբ տեսնում եմ, թե մարդիկ որքան անգթորեն են մոտենում շներին: Պետք է համապատասխան կառույցները այդ հարցով զբաղվեն, քանի որ մարդիկ, որևէ աջակցություն չստանալով, սկսում են իրենց միջոցներով լուծել թափառող շների հարցերը։ Դպրոց գնալու ճանապարհին մի ճահիճ կա, որի մեջ ես նկատել էի 2 խեղդված շուն։ Ըստ իս՝ շները այդտեղ պատահական չէին  կարող հայտնվել։ 

Գագարինի գյուղապետարանից խնդրի առնչությամբ հետևյալ մեկնաբանությունը ստացանք.

«Սա բավականին խնդրահարույց թեմա է, հատկապես մեզ մոտ այդ հարցով գրեթե  չեն զբաղվում։ Գլխավոր պատճառը այն է, որ գյուղապետարանը չունի բավարար միջոցներ, որով կկարողանա հարցը լուծել։ Միակ միջոցը, որ երբեմն կատարվում է, շների ստերջացման գործընթացն է. դրանով նվազում է մարդկանց վնավսելու վտանգը»։

Շատ կարևոր է մարդկանց վերաբերմունքը և  ունեցած գիտելիքները, որոնք կարող են օգնել, երբ շունը ագրեսիվ վարք դրսևորի կամ հարձակվի։ Այս մասին ավելի մանրամասն իր հարցազրույցներից մեկում պատմում է Դինգո կազմակերպության ներկայացուցիչ Օվսաննա Հովսեփյանը։

 «Շան կողքով անցնելիս չպետք է վազել, քանի որ շունն էլ ռեֆլեքսորեն սկսում է վազել, երբ հաչում է, մի շոյեք և փորձեք հանգստացնել, քանի որ նա մտածում է, որ դա լավ բան է, և կարող է բոլորի հետ էլ դա անել, պետք է սաստել։ Հատկապես երեխաներին շների հետ ճիշտ շփվել և վարվել պետք է սովորեցնել։ Ծնողների սերմանած վախերից ու զգուշացումներից ելնելով՝ շանը դեմ առ դեմ դուրս եկած երեխայի մոտ կսկսվի պանիկա, նա կփորձի վազել, կվախենա, եթե անգամ շունը առհասարակ երեխային նկատած էլ չլինի։ Լավագույն պաշտպանությունը գիտելիքն է։ Եթե ուզում եք չանհանգստանալ, որ երեխան շուն կտեսնի դպրոցից տուն գալիս, ուրեմն պարզապես սովորեցրեք ձեր երեխաներին սիրել ու ճիշտ վարվել շների հետ։ Յուրաքանչյուր վախի հիմքում հիմնականում ընկած է տգիտությունը»։

Օֆելյա Հովհաննիսյան

2-րդ կուրս

Կիսվել