Թատրոնները բացում են դռները հանդիսատեսի առաջ. ճգնաժամը, կարծես թե, հաղթահարված է

Թատրոնները բացում են դռները հանդիսատեսի առաջ. ճգնաժամը, կարծես թե, հաղթահարված է

1063

Կորոնավիրուսային համավարակի պարտադրած մեկամյա ընդմիջումից հետո Հայաստանում վերականգնվում է մշակութային կյանքը։ Թատրոնները թարմացված խաղացանկերով սպասում են հանդիսատեսին:

«Միմոս» խամաճիկների թատրոնի դերասանուհի Ռուզան Գևորգյանն ուրախ է, որ ֆինանսական եւ մասնագիտական ճգնաժամը հաղթահարելու հնարավորություն կա: «Առաջին երկու ամիսը, կարելի է ասել, հանգստանում էինք, բայց հետո, չխաղալով, կարծես հետ ես գնում: Քանի որ մասնավոր թատրոնում եմ աշխատում, դա էլ իր հերթին հանգեցրեց ֆինանսական ճգնաժամի: Թվում է, թե վերադարձել ենք, բայց վախի մթնոլորտը կա. լիովին դեռ չենք վերականգնվել: Ներկայացում ենք ունեցել, որ շատ քիչ տոմս է վաճառվել: Ի տարբերություն պետական թատրոնների՝ համավարակի ընթացքում ներկայացումներ չենք արել, քանի որ մենք բացօթյա սրահ չունենք և անում ենք այն ժամանակ, երբ մեզ տրամադրում են բացօթյա որևէ պլատֆորմ»,-ասում է դերասանուհին:

«Միմոս»-ի տնօրեն Նունե Ջրբաշյանի խոսքով՝ մասնավոր թատրոնների համար համավարակի բերած ֆինանսական ճգնաժամը լրացուցիչ խնդիրների է հանգեցրել, որը փորձում են հաղթահարել ստեղծագործելով: «Պահանջարկը քիչ է, անվճար բարեգործական ներկայացումներ ենք անում՝փորձելով նորից դահլիճը լցնել: Որպեսզի դերասանն անկում չապրի, չհիասթափվի, լինում են պահեր՝ հանդիպում ենք, հատվածներ ենք փորձում, զրուցում: Կան նոր մտահաղացումներ, բայց ծախսատար են, ժամանակ է պետք»,- նշում է Նունե Ջրբաշյանը:

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Նազիկ Բաղդասարյանը համավարակի խիստ շրջանում ժամանակն անցկացրել է ընտանիքի հետ և զբաղվել իր երկրորդ մասնագիտությամբ՝ պահպանելով դերասանական ճկունությունը, ամբողջությամբ չհեռանալով իր մասնագիտությունից: «Նաև երգում եմ, որոշեցինք ձայնագրություններ անել և տան տարբեր սենյակներում, բնության գրկում հոլովակներ նկարեցինք՝ կենդանի ձայնով, ինչպես նաև որոշ տեղերում նկարահանվեցի»,-ասում է Նազիկ Բաղդասարյանը:

Պատանի հանդիսատեսի դերասանները վերադարձել են թատրոն ամանորյա ներկայացումներին: «Դահլիճները լեփ-լեցուն էին: Հանդիսատեսին ենք ներկայացրել նաեւ Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածաշարը, որը բուռն ընդունվեց հանդիսատեսի կողմից. մենք սիրով և ոգևորված աշխատել ենք»,-հավելում է դերասանուհին:

«Պահանջարկը մեծ է, հանդիսատեսի քանակն ավելացել է: Մարդիկ փորձում են բացասականը լրացնել դրականով, յուրաքանչյուր մարդ կարիք ունի դեպի լույս, ջերմություն, և դա առաջին հերթին տալիս է թատրոնը»,- ասում է Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:

Թատրոնը համավարակի սկզբնական շրջանում ներկայացումները տեղափոխել է առցանց հարթակ։ «Թատրոնը հուլիսյան մարտերից հետո մեկնեց Տավուշ՝ այնտեղ խաղալով ներկայացումներ: Սեպտեմբեր ամսից սկսեցինք ներկայացումները խաղալ թատրոնի բացօթյա պատշգամբում, որը դուր եկավ հանդիսատեսին և որոշեցինք կիրառել: Հետո, նաև պահելով սանիտարահիգիենիկ կանոնները, ներկայացումներ սկսեցինք խաղալ թատրոնի ներսում: Խաղացինք նաև բարեգործական հիմունքներով՝ մարզերում, Արցախից եկած հայրենակիցների, զոհվածների երեխաների համար»,- ասում է Ռուբեն Բաբայանը:

Չնայած ծանր վիճակին՝ առցանցը բերեց նաև իր հետաքրքրությունը, թատրոնի գործունեությանը հետևում էին նաև արտերկրից: «Մեր ֆինանսավորումը նվազեց 7 միլիոն դրամով, և դա չի տալիս հնարավորություն իրականացնել որակյալ օնլայն ծրագիր: Անել որակյալը, որպեսզի մեզ հետևեն արտերկրից այն մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն այստեղ դիտելու, սակայն դա որոշակի համակարգ է, որը պահանջում է ներդրում և ժամանակ»,-նշում է Տիկնիկային թատրոնի տնօրենը:

«Համավարակը հնարավորություն տվեց վերաարժևորելու մշակույթը, մարդիկ սկսեցին կարևորել կենդանի արվեստի դերն իրենց կյանքում»,- կարծում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

Ակադեմիական թատրոնը եւս առցանց տիրույթում մասնակի գործունեություն է ծավալել՝ ընթերցումներ թատրոնի գրական ժառանգությունից, համագործակցել է Երևանի թանգարանների հետ: Ֆինանսական գլոբալ խնդիրներ չեն ունեցել:

«Թատրոնը պլանավորում է իր կյանքը, այն լրացնում է ոչ միայն պետական աջակցությամբ, այլև տոմսերի վաճառքով և այլ, տարբեր ծառայությունների մատուցմամբ: Խնդիրներ եղան, բայց փորձում ենք կամաց-կամաց վերականգնվել: Նման իրավիճակում շատ բարդ է գործընկերներ գտնել, ո՞վ կարող էր հովանավորել թատրոնին. սա էլ հանգեցնում է մեկ այլ բարդ վիճակի»,-ասում է Վարդան Մկրտչյանը:

Մայր թատրոնը հանդիսատեսին նոր պրեմիերաներ է խոստանում, բայց պատերազմի թեմային դեռ չի անդրադառնա:

Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանները համավարակի ակտիվ շրջանում թատրոն են գնացել դիմակներով, հեռավորություն պահելով, փորձեր արել, ներկայացումներ պատրաստել: Այսօր ներկայացումների պահանջարկը մեծ է:

«Այդ ընթացքում Վարդան Պետրոսյանի հետ համատեղ ծրագիր արեցինք, նույնիսկ ներկայացումներ խաղացինք պատերազմի օրերին, պատրաստի ներկայացումներ ունեցանք, որոնց պրեմիերաները նոր են լինում: Եթե թատրոնում չես, կյանքդ շատ կիսատ և թերի է, ամեն ներկայացում կարծես տոն լինի: Ի զարմանս մեզ՝ լի դահլիճներով ենք ներկայացում խաղում, թվում էր՝ պատերազմից հետո պիտի որ մարդիկ չգային, բայց հանդիսատեսը կարոտած է գալիս թատրոն»,- ասում է դերասանուհի Անահիտ Քոչարյանը:

Նա կարծում է, որ դադարն ազդել է դերասանի մարզավիճակի վրա: Գործիքը, որ անընդհատ չես նվագում, պետք է լարվի և լարված լինի, որ կարողանաս նվագել: Դերասանները կարծես «լարից ընկած վիճակում են», սակայն դա շտկելի է:

Հովեյան Վիկտորյա

3-րդ կուրս

Կիսվել