«Կինը ընտանիքում բռնության ենթարկվելիս, որպես ծնող կարող է կորցնել իր հեղինակությունը». հոգեբան...

«Կինը ընտանիքում բռնության ենթարկվելիս, որպես ծնող կարող է կորցնել իր հեղինակությունը». հոգեբան Նաիրա Մնացականյան

907

Բռնության հետեւանքով ամեն տարի տասնյակ կանայք են մահանում, հազարավորներն էլ շարունակում ապրել ահ ու սարսափի մթնոլորտում: Եթե տարիներ առաջ գրեթե չէր խոսվում ընտանեկան բռնությունների մասին, ապա  այսօր ընտանեկան բռնությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր եւ տասնյակ հասարակական կազմակերպություններ են գործում: Սա վկայում է այն մասին, որ մարդկանց իրավագիտակցությունը աճել է, իսկ բռնությունները, կարծես, չեն նվազել: 2018թ.-ին ուժի մեջ մտավ ընտանքիում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին օրենքը: Օրենքի ընդունումից մոտ մեկ տարի հետո 2019թ.-ին ոստիկանության տվյալների համաձայն սպանվեց 5 կին, որոնցից չորսը՝ ընտանիքում, մեկը  ամուսնու կողմից: Սպանության դեպքեր ունեցանք նաեւ 2020 թ.-ի առաջին երեք  ամսիներին՝ սպանվեց  հինգ կին: Նման վիճակագրությունը փաստում է, ընտանիքում կանանց բռնությունը եղել, եւ ցավոք, շարունակում է մնալ արդիական, ու կարծես, արդեն սովորական դարձած երեւույթ:

Սրա մասին է փաստում նաեւ մեր կատարած հարցումը: Հարցին՝ արդյո՞ք հարցվածները իրենց ընտանիքում ականատես են եղել բռնության,  19-ամյա Նաիրան, ով սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ասաց, որ եղածը այդքան էլ բռնություն որակել չի կարող. «Դե հա, եղել են դեպքեր, որ պապաս մամայիս վրա գոռացել ա, եղել են դեպքեր նաեւ որ սենց ասած քաշքշել ա, բայց էդ անվանելը բռնություն, մի քիչ շատ ամպագորգոռ ա հնչում»: Հարցին, իսկ մոր արձագանքը այդ ամենին որն է եղել, Նաիրան ասաց, որ մայրը արդեն սովոր է հոր նման բնավորությանը.  «Դե պապաս շատ խանդոտ ա, ու տենց միջադեպեր հիմնականում ավելի շատ դրա պատճառով են լինում, մամաս էլ, լավ իմանալով պապային, ու լավ իմանալով, որ պապաս շատ ա սիրում իրան, հասկանում ա, ու տենց մեծ միջադեպ չի սարքում էլի»:

Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի հոգեբան, Տիգրանուհի Աճեմյանի հետ փորձեցինք պարզել, արդյո՞ք խանդը այն երեւույթն է, որ կարող ենք ռոմանտիզացնել եւ այդպիսով արդարացնել: Հոգեբանի խոսքով՝ հակառակը,  խանդը այն երեւույթն է, որը կարող է հանգեցնել բացասական մի շարք երեւույթների. «Այո, շատերը խանդը համարում են իրական սիրո դրսևորման նշան։ Նրանք համարում են, որ եթե չկա խանդ, ապա չկա նաև սիրո զգացմունք: Սակայն իրականում միշտ չէ, որ այդպես է։  Խանդը դիմացի մարդու հանդեպ սեփականատիրական զգացման (և պարտադիր չէ, որ սիրո) դրսևորման ձև է և իր մեջ կրում է բազմաթիվ բացասական հետևանքներ: Անդադար վերահսկողությունը, կողակցի նկատմամբ դրսևորած անվստահությունն ու հարցաքննությունները  կարող են ոչնչացնել ցանկացած փոխհարաբերություններ»:  Իսկ թե ինչ նպատակ է հետապնդում նման վարքը տղամարդու կողմից Տիգրանուհի Աճեմյանն ասաց, որ այստեղ արդեն այլ արժեքներ են խոսում. «Պատճառը, տվյալ անձի ոչ համարժեք ցածր ինքնագնահատականն է,  նա չի հավատում իր ուժերին ու սեփական գրավչությանը, կարող է ունենալ թերարժեքության կամ հակառակը՝ գերարժեքության բարդույթ»:

Քանի որ միջադեպը տեղի էր ունեցել հենց Նաիրայի եւ իր անչափահաս եղբոր  ներկայությամբ, հոգեբան Նաիրա Մնացականյանի հետ փորձեցինք հասկանալ, թե ինչ ազդեցություն կարող է նման տեսարանը թողել անչափահասի վրա. «Երեխան, նման տեսարաններ տեսնելով, մեծանում է ավելի ընկճված, դրսեւորում է ագրեսիվ պահվածք, հասկանալով, որ դա իրենը չէ, ինքը չի կարողանում դա հասկանալ եւ մարսելիսկ ահա արդեն ավելի մեծ տարիքում երեխան կարող է նույնիսկ  փորձել նմանակել այդպիսի վարքը»: Ըստ հոգեբանի՝ կինը, իսկ այս պարագայում մայրը, որքան էլ թաքցնում եւ երեխաների մոտ, կարծես բավականին նորմալ է համարում ամուսնու այդ վարմունքը, միեւնույն է իր ներսում ինքն է կռիվ տալիս այդ եղելության հետ. «Երբ տղամարդը բռնություն է կիրառում կնոջ նկատմամբ, անհատը որպես կին կորցնում է իր անհատական տեսակըիսկ որը ամենացավալին ու ամենակարեւորն է՝ իր երեխաների մոտ կարող է կորցնել որպես ծնող իր հեղինակությունը, որովհետեւ երեխան դեռ չի գիտակցում, որ պետք է ինքը պաշտպանի իր ծնողին, այլ երեխան տեսնում է, որ հայրը ձեռք է բարձրացրել  մոր վրա, ուրեմն հայրն ավելի ճիշտ է»: 

Ոմանք, ընտանեկան բռնությունը նույնացնում են վեճի հետ, ուստի ըստ մասնագիտությամբ իրավաբան Աշոտ Հագեյանի՝ դրանց տարբերությունը ակնհայտ է.  «Ընտանեկան բռնության ժամանակ դեպքերի կրկնողությունը պարտադիր է, եւ հետո ինչը, որ ամենացայտունն է, բռնության դեպքում կա ուժ եւ վերահսկողություն, այսինքն բռնության դեպքում անձը իր վերահսկողությունն է ցուցաբերում կնոջ նկատմամբ՝ իրեն ենթարկցնելու նպատակով»: 

Հարցվածներից 30-ամյա կնոջ ընտանիքում (ով չմերժեց մեր կողմից առաջարկված հարցումը միայն մի պայմանով, որ լինի անանուն),  պատկերը այլ է: Մոտ 20 տարվա համատեղ ամուսնական կյանքից հետո իր ընտանեկան կյանքը կարծես գլխիվայր շրջվեց: Կնոջ խոսքով՝ վեճերը, որոնք պարտադիր ուղեկցվում էին ծեծով ու բղավոցներով, դարձել են իր ընտանիքի անբաժանելի «գույները». «18 տարեկան էի, բարեկամուհուս միջնորդությամբ ծանոթացա մի տղայի հետ, ում անգամ չէի էլ հասցրել ճանաչել, ճիշտ է, բնավորությամբ կոպիտ էր, բայց չեմ թաքցնի՝ լավ օրեր էլ ենք ունեցել»:  Կնոջ խոսքով՝ սկզբում, չնայած ամուսնու բարդ բնավորությանը, ամեն ինչ ծայրահեղ աստիճանի չէր հասնում, ուստի ժամանակի ընթացքում դրանց  պարբերականությունը ավելի էր շատանում. «Ամենը, հիմա էլ, շարունակվում ա, երեխաներս արդեն մեծ են, ամուսինս էլ չի համարձակվում շատ անգամ  իրենց ներկայությամբ նման քայլերի գնալ, բայց ասել, որ ամբողջովին վերացել ա՝ սխալ կլինի»:  Հարցին, արդյո՞ք դիմել է որեւէ հոգեբանի կամ ոստիկանություն, տեղեկացրել նման դեպքի մասին, պատասխանը կտրուկ էր՝ ոչ. «Դե բոլորի ընտանիքում էլ վեճեր լինում են, որ բոլորը բաժանվեն, ու՞ր կհհասնի, կամ եթե բաժանվեմ, բա՞ երեխեքս, ես առանց հոր եմ մեծացել, չեմ ուզի երեխեքս էլ տենան էդ ամենը»: 

Իրավաբանից փորձեցինք ստանալ այս հարցի պատասխանը՝ ինչու՞ է կինը շարունակում համակերպվել նման իրավիճակին. «Պատճառները շատ տարբեր են, ուստի շատերի համար ամենամեծ արգելքը հանդիսանում է հասարակությունը, ով կարծես մշտապես ներկա է լինում նման իրավիճակներին եւ, բնականաբար, դեպքը անարձագանք չի մնում»:  Բացառություն չեն կազմում նաեւ ամուսնու կողմից հնչող շանտաժային սպառնալիքները. «Ամենատարածված ձեւը, կարծես, երեխաներով վախեցնելն է, օր.՝  եթե գնաս քո հետ այսինչ բանը կկատարվի, այսինքն այս դեպքում մենք գործ ունենք վախի գործոնի կիրառման հետ»: 

Շատ է արդյոք նման կանանց թիվը, ովքեր փորձում են ամենը «խեղդել» իրենց մեջ՝ չբարձրաձայնելով դրանք. զրուցեցինք հոգեբանի հետ, պարզելու՝ իր պրակտիկայում եղել են նման դեպքեր, երբ կանայք իրենք են եղել նախաձեռնողը՝ լռողի դերում լինելու, եւ եղել են արդյոք կանայք, ովքեր կարծել են, որ նման մթնոլորտի մեղավորը իրենք են. «Շատերը քայլեր ձեռնարկելու փոխարեն, գալիս են ինձ մոտ՝ ասելով՝ արժե արդյոք սպասել, միգուցե ինքս եմ մեղավորը նման իրավիճակի, իսկ իմ պատասխանը լինում է մեկը՝  ագրեսորը երբեք չի դադարի նույնը լինելուց, իսկ անձին փոխելու համար բավականին երկար աշխատանք պետք է տանել, իսկ այդ աշխատանք անողը մասնագետն է, դուք դա չեք կարող անել, դուք իրավիճակը չեք կարող փրկել»:

Աննա Չիբուխչյան

4-րդ կուրս

Կիսվել