Գլխազարդեր՝ կյանքի ամենաերջանիկ օրվա համար

Գլխազարդեր՝ կյանքի ամենաերջանիկ օրվա համար

989

Մեր զրուցակիցը «ԱրՄի» ձեռագործ գլխազարդերի և աքսեսուարների հիմնադիր Արուս Միքայելյանն է։ Զրուցել ենք նրա սեփական բրենդի ստեղծման և ծրագրերի շուրջ։

Ինչպե՞ս որոշեցիր ստեղծել սեփական բրենդդ, ի՞նչը կամ ո՞վ քեզ ոգեշնչեց։

-Այդ ժամանակ 17 տարեկան էի, շատ երազանքներ ունեի ու զգում էի՝ կյանքումս ինչ-որ բան պակասում էր։ Հասկանում էի՝ կյանքս ձանձրալի է դարձել, ու վախենում էի այն մտքից, որ ձանձրալի էլ կշարունակվի։ Հետո հասկացա, որ կյանքիցս դժգոհելով՝ ոչ մի բանի չեմ հասնի։ Պիտի համարձակ քայլ անեմ։ Սոցիալական ցանցում տեսա ձեռագործ գլխազարդեր ու որոշեցի ինքս էլ փորձեմ պատրաստել։ Սկզբում շատ էի վախենում մարդկանց կարծիքներից, շատ կոմպլեքսավորված էի։ Առաջին ուլունքներս, հիշում եմ, քույրս գնեց՝ սպիտակ մարգարիտներ էին։ Առաջին զարդս պատրաստեցի, շատ վատ էր ստացվել, բայց մայրս ու քույրս վստահեցրին, որ շատ լավ է ու պիտի անպայման շարունակեմ։

Առաջին գլխազարդը ե՞րբ վաճառեցիր, ո՞վ գնեց։

-Հենց մարգարիտներով առաջին պատրաստածս գլխզարդը վաճառեցի, մեր հարևանուհին գնեց 300 դրամով։ Հիշում եմ՝ ինքը 500 դրամ տվեց, շատ էի ուրախացել։ Առաջին գլխազարդս դարձավ իմ այցեքարտը, աշխատածս գումարով նորից ուլունքներ գնեցի ու շարունակեցի պատրաստել, նույնիսկ արդեն պատվերներ էի ստանում։

Ի՞նչ դժվարությունների ես հանդիպել սկզբնական փուլում։

-Կարծում եմ՝ գլխավոր բարդությունն իմ կոմպելքսներն էին, ամեն անգամ նոր մարդկանց գլխազարդ փոխանցելը սթրես էր ինձ համար։ Մի անգամ սկզբնական շրջանում հաճախորդներիցս մեկը պատվերը ստանալուց հետո գրել էր, որ ուլունքները վնասված են եղել, չնայած ես շատ լավ էի փաթեթավորել։ Այդ  պահին շատ նեղսրտեցի, չէի հասկանում՝ ինչպես էր նման բան հնարավոր։ Մի անգամ էլ Գյումրիում գեղեցկության սրահներից մեկն ասել էր, որ  գլխազարդերս տանեմ իրենց մոտ, եթե հավանեն, կվերցնեն։ Այդ ժամանակ դեռ լավ չէի փաթեթավորում, մինչև տեղ հասնելս տուփը բացեցի ու տեսա, որ խճճվել են լրիվ։ Կես ժամ նստարանին նստած ուղղում էի, ընդ որում ձմեռ էր, հետո մի կերպ հասա տեղ։ Ամենավատն այն էր, որ գլխազարդերիս հետ շատ վատ էին վարվում, անզգույշ գցում-վերցնում էին, սիրտս ճմլվում էր։

Ինչո՞ւ «ԱրՄի», ձեր բրենդի լոգոն աղվեսն է, ինչպե՞ս ընտրեցիք։

-Բրենդիս անվանումը մեծ խորհուրդ չունի, ուղղակի անվանս ու ազգանվանս առաջին տառերն են։ Իսկ այ լոգոն ընտրել ենք աղվես` հստակ պատճառով։ Կյանքիս գլխավոր գիրքը Փոքրիկ Իշխանն է։ Արդեն չեմ հիշում՝ քանի անգամ եմ կարդացել, միշտ պայուսակիս մեջ է։ «Փոքրիկ Իշխանը» գրքում, բացի իշխանից, մյուս գլխավոր հերոսը աղվեսն է, ու կյանքումս շատ բան հենց այդ աղվեսից եմ սովորել։ Այդպես էլ լոգոս դարձավ աղվեսը։

Ինչպիսի՞ աքսեսուարներ ու զարդեր կարող են հաճախորդները գտնել ձեզ մոտ:

-Բացի գլխազարդերից, կարող են պատվիրել նաև ձեռագործ զարդեր՝ ականջօղեր ու վզնոցներ։ Աղջիկներն ինձ դիմում են իրենց կյանքի ամենաերջանիկ փուլում, երբ պատրաստվում են իրենց հարսանիքին կամ  նշանադրությանը, դա է պատճառը, որ շատ են լինում նաև անհատական պատվերներ։ Համաճարակի շրջանում նաև փայտե զարդեր սկսեցի պատրաստել։ Նշեմ նաև, որ զարդերիս մեծ մասը Գյումրիի խանութներից մեկում ցուցադրված է։

Ինչպե՞ս կարելի է հետևել քո աշխատանքներին և պատվերներ կատարել։

– Ունենք Facebook-ի էջ ու հիմնականում պատվերները օնլայն ենք գրանցում։ Facebook-ում, եթե փնտրեն «ԱրՄի գլխազարդեր»մ շատ հեշտ կգտնեն: Նշեմ նաև, որ ընդունում ենք անհատական պատվերներ, բացի մեր էջում ցուցադրված պատվերներից, հաճախորդները կարող են պատվիրել ցանկացած գլխազարդ ու զարդեր։ Պատվերն ամրագրելուց հետո այն 3-4 օրվա ընթացքում հասնում է հաճախորդին, մինչև օրս ոչ մի խնդիր չի եղել։ Պատվերները հիմնականում  ուղարկում եմ «Հայփոստով»։

Բացի Հայաստանից, այլ երկրներից պատվերներ ստացե՞լ եք։

– Մի անգամ ԱՄՆ եմ ուղարկել, մի քանի անգամ էլ՝ ՌԴ։ Ռուսաստանի Դաշնությունից ունենք հաճախորդ, ով վարսահարդար է ու  շատ պատվերներ է անում միանգամից։

Մենա՞կ ես պատվերները պատրաստում, թե՞ թիմ ունես, որն օգնում է քեզ։

– Իմ թիմը քույրս է՝ Ռոզին, ապրանքների գովազդով ինքն է զբաղվում, փոստերը, նկարները ամեն ինչ։ Մինչև վերջերս հաճախորդներին էլ էր ինքը պատասխանում, որովհետև ես մարդկանց հետ շփվել չէի սիրում։ Պատվերների փաթեթավորման դիզայնը ևս Ռոզիի միտքն էր, տուփերի վրա ամրացնում ենք իմ ձեռքերով մեր սարերից հավաքած չորացրած դաշտային ծաղիկներ, դա ավելի էսթետիկ տեսք է տալիս ու գրավում է հաճախորդներին։ Փաթեթավորումը ինքս եմ անում, ինձ համար շատ կարևոր է ամեն մանրուքը։

Ինչո՞ւ պիտի հաճախորդները ընտրեն հենց ձեր ապրանքը։

Որովհետև ես իմ հաճախորդներին ու իմ զարդերը շատ-շատ եմ սիրում, ու ինձ թվում է՝ այդ սերը փոխանցվում է իմ պատվիրատուներին։

Այժմ ի՞նչ նպատակներ ունես, ինչպե՞ս ես զարգացնելու բիզնեսդ։

– Ապագա ծրագրերս շատ են։ Գլխազարդերի պատվերներից հենց մի փոքր ազատ ժամանակ ունենամ, սկսելու եմ թագեր պատրաստել։ Ուզում եմ ամռանը  նաև պայուսակներ կարել։ Իսկ ամենամեծ նպատակս խանութ բացելն է, որտեղ իմ գլխազարդերը ու երեկոյան զգեստները կլինեն, բայց դրան դեռ անասելի շատ կա։ Ճիշտ է՝ դժվարությունների շատ են, բայց որոշել եմ հասնել բոլոր նպատակերիս։

Շողիկ Կակոյան

3-րդ կուրս 

Կիսվել