Ե՞րբ կբացվի երեւանյան կրկեսը, կրկեսային համարների ու վարժանքների ազդեցությունը կենդանիների վրա

Ե՞րբ կբացվի երեւանյան կրկեսը, կրկեսային համարների ու վարժանքների ազդեցությունը կենդանիների վրա

975
Լուսանկարը՝ Էկո նյուզ կայքից
Լուսանկարը՝ Էկո նյուզ կայքից

Երևանյան նոր կրկեսը կբացվի մինչ 2021 թվականի ավարտը։ Այս մասին մեզ հայտնեց Երևանի պետական կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը և հավելեց, որ շենքի կառուցումը հիմնականում ավարտված է, սակայն  դեռ կան որոշ աշխատանքներ, որոնց վերջնական  պատրաստ լինելուց հետո մինչև տարվա վերջ կգործի կրկեսի նոր շենքը։

Արտասահմանյան շատ երկրներ վերջին շրջանում ընդհանրապես հրաժարվում են կենդանիների շահագործումից, ավելի քան հարյուր երկիր արգելում կամ սահմանափակում է կենդանիների մասնակցությունը կրկեսային համարներին։ Դեռ նախորդ տարի բնապահպաններ Արսեն Գասպարյանն ու Արևիկ Մկրտչյանը change.org կայքում սկսել են ստորագրահավաք՝ «Հայաստանի կրկեսն առանց կենդանիների» անվամբ։ Նպատակը  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած «Կենդանական աշխարհի մասին» օրենքում այդ արգելող դրույթն ամրագրելն է. նախագիծը լրամշակման փուլում է։ 

Հայաստանում նույնպես մի շարք կենդանասերներ, անասնաբույժներ և կենդանիների առողջությամբ մտահոգ մարդիկ դեմ են կրկեսային համարներում կենդանիների մասնակցությանն ու առհասարակ կրկեսում կենդանիների ներկայությանն ու օգտագործմանը։ Պատճառները մի քանիսն են. կրկեսային վարժանքները կենդանիների վրա բացասական ազդեցություն են ունենում, ինչի մասին մեզ պատմում է անասնաբույժ Գոհար Ազատյանը։ Նա պատմում է, որ կրկեսային վարժանքներն ազդում են և՛ գիշատիչ, և՛ ոչ գիշատիչ կենդանիների վրա։ Կենդանիներին պահում են փոքր վանդակների մեջ, նրանք չեն ապրում բնականոն կյանքով։ 

«Օրինակ սմբակավորներին (որոճացողներին) փակ պայմաններում պահել չի կարելի.  նրանց մարսողության համար չափազանց կարևոր է շատ քայլելը. հատկապես ձիերի պարագայում, կարճատև քայլելու հետևանքով, մարսողական լուրջ խնդիրներ կարող են առաջանալ՝  ընդհուպ մինչև մահ», նշում է անասնաբույժն ու մանրամասնում, որ գիշատիչները, որպեսզի ապրեն փակ պայմաններում ու մաքսիմալ անվտանգ լինեն, «կոտրվում են», ոչ թե վարժեցվում, – «Իսկ կատվազգիներին հնարավոր չէ վարժեցնել, նրանց նույնպես կոտրում են՝ օգտագործելով էլեկտրական սարքեր, ուժեղ հոսանք, մտրակներ, ծակող գործիքներ, որպեսզի ամեն «սխալ» պահվածքի դեպքը կենդանու մոտ ասոցացվի ցավի ու տհաճության հետ.  այդպես կենդանին կոտրվում է»։

Վայրի կենդանիներն անազատության մեջ ապրում են անհամեմատ ավելի կարճ, բնության մեջ իրենք ապրում են լիարժեք կյանքով և մահանում են իրենց մահով՝ գլխավորապես  ծերանալուց: Անասնաբույժը նշում է, որ կրկեսի կենդանին, երբ արդեն ֆիզիկապես ի վիճակի չի լինում ելույթ ունենալու, ուղղակի քնեցվում է՝ ենթարկում է էֆտանազիայի։ Բացի այդ, եթե կրկես մտած կենդանուն հնարավոր չի լինում զսպել, կոտրել ու վարժեցնել, ինքն այլևս չի կարողանա ապրել ազատության մեջ, հետևաբար, եթե այդ երկրում չկա արգելանոց կամ կենդանաբանական այգի, կենդանուն  կրկին  էֆտանազիայի են ենթարկում։ Անասնաբույժը նաև նշում է, որ եթե կենդանին ծնվել և ապրում է կրկեսում, ավելի հեշտ է վարժեցնելը. վայրի բնությունից կտրված կենդանուն վարժեցնելու համար մի քանի անգամ ավելի շատ ջանք է հարկավոր։

Լուսանկարը՝ ТВК կայքից                                        Լուսանկարը՝ ClassPic.ru կայքից 

Բայց չմոռանանք, որ անգամ շուն ու կատու վարժեցնելն է դժվար, երբ նրանք վաղուց ընտելացված կենդանիներ են, ուր մնաց՝ փիղ ու առյուծ։        

Մասնագետը բացատրում է, որ երբ ունես շուն, որի ծնողներն ագրեսիվ են եղել ու գենետիկորեն դա փոխանցվել է ձագին, դու կարող ես կոտրել այդ ագրեսիան, իրեն դարձնել խելոք, բարի շուն, բայց, եթե  կենդանուն երջանիկ կյանք ես տալիս ՝ կոտրելու մեջ իմաստ չկա։ Սակայն երբ  փորձում են (թեկուզ և կրկեսում ծնված) վագրին վարժեցնել, դա անում են շահույթի համար, կենդանուն դժբախտացնում են, դարձնում անպիտան։ Ու, եթե հանկարծ մի փոքր թերանան կոտրելու հարցում, դա կարող է ճակատագրական լինել և ոչ անհետևանք։

Լուսանկարները ՝ Veganstvo.info կայքից

Դրա համար, եթե անգամ կրկեսում է ծնվել, ձագ ժամանակ բարի է, դա չի նշանակում, որ իրեն ամբողջ կյանքում չեն կոտրելու, իրեն պարբերաբար կոտրելու են, որ հանկարծ դեպքեր չգրանցվեն։ Իսկ փղերը, ձիերը, եթե անգամ չեն «ուտում» մարդկանց ու չեն հարձակվում, անգամ մի փոքր անսովոր աղմուկից կարող են վախենալ  ու սկսել վազել ամբողջ կրկեսով՝ առանց ագրեսիայի, ուղղակի խուճապի մեջ վազեն ու բազմաթիվ մարդկանց, հատկապես երեխաների ակամայից վնասեն։ Փղերի հետ կապված նման դեպքեր շատ հաճախ են լինում՝ պատմում է անասնաբույժ Գոհար Ազատյանը։ 

Մանկական հոգեբան Քնարիկ Ղազարյանը պարզաբանում է, թե ինչպես են ազդում կենդանիների մասնակցությամբ կրկեսային համարները երեխաների վրա։ Ըստ նրա՝ ցանկացած իրավիճակում երեխան կարող է վատը և լավը վերցնել՝ կախված այն բանից,  թե ինչպես ենք մատուցում երեխային:    

«Ինչու՞ միայն կրկեսը, եթե կան մարդիկ, որ առանձնակի դաժան վերաբերմունք ունեն  կենդանիների նկատմամբ, ինչը  շատ հեշտ երեխան կարող է ընդօրինակել: Եթե ցույց տանք երեխային մեր սերը, ջերմությունը, հոգատարությունը, կենդանիների նկատմամբ, երեխան դա էլ կվերցնի  և կրկեսային համարները կարող է որպես ներկայացում ընկալել»։    

Մանկական հոգեբանը կարևորում է կենդանիների նկատմամբ ծնողների սերը, ինչն էլ երեխան տեսնում և վերցնում է։ Ցանկալի կլինի, որ որևէ կենդանու մենք սիրենք, ցույց տանք մեր սերը, խոսենք կամ պատմենք տվյալ կենդանու դրական կողմերի մասին, որպեսզի երեխայի մոտ կենդանիների նկատմամբ բացասական վերաբերմունք չառաջանա։ Մանկական հոգեբան Ք․ Ղազարյանը նաև կարևորում է երեխայի և կենդանու շփումը՝ խաղալով ու ընկերանալով պետք է  մասնագետի օգնությամբ փորձել նաև հաղթահարել կենդանիների նկատմամբ ունեցած վախը։

Որոշ տնային կենդանիներ կարող են հեշտ վարժեցվել առանց հոգեբանական և ֆիզիկական վատ ազդեցության, կարող են կրկեսային վարժանքներն ու համարները որպես խաղ ընկալել և հեշտությամբ յուրացնել ու կատարել դրանք։ «Շանը կարելի է վարժեցնել առանց կոտրելու։ Կարելի է նրան տալ հրաման, ցույց տալ դրա կատարման ձևը, և, երբ շունը դա անի, համեղ բան տալ։ Հետևաբար, շան համար հրաման կատարելը կվերածվի խաղի։ Բայց կրկեսում շները նույնպես ապրում են վանդակներ մեջ, ինչը նրանց կյանքն անորակ է դարձնում»- նշում է անասնաբույժը։                                                           

Արաքս Հագեյան

2-րդ կուրս                                                                                                                                                                                                 

Կիսվել