Այսօր հեռուստատեսությամբ ցուցադրում են երեխայի հետաքրքրությունը շարժող բազմաթիվ ու բազմապիսի հաղորդումներ ու ֆիլմեր: Սակայն հեռուստաեթերի ազդեցությունների նկատմամբ առավել անպաշտպան ու խոցելի խումբն էլ համարվում են հենց երեխաները, որոնք կարող են կրկնօրինակել տեսածն ու լսածը՝ օգտագործելով իրենց շրջապատում: Մեր օրերում երեխաների ուշադրության կենտրոնում սիթքոմներն ու հումորային հաղորդումներն են, որտեղ առկա լեզվական աղավաղումները բավականին շատ են: Ըստ Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի՝ այսօր հեռուստասերիալները զբաղեցնում են հեռուստաեթերի 19%, իսկ ժամանցային հաղորդումները՝ 23%-ը:
Նկարը՝ Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովից
Զրուցեցինք «ԱրմՔոմեդի» հաղորդման հեղինակ-վարող, հումորային հաղորդումների ու ֆիլմերի սցենարիստ Նարեկ Մարգարյանի հետ՝ պարզելու, թե սցենար գրելիս ուշադրություն դարձնո՞ւմ են, որ լեզուն լինի գրական հայերեն, և արդյո՞ք հաշվի են առնում այն հանգամանքը, որ երեխաները կարող են ընդօրինակել ժարգոնային բառերը:
«Սցենար գրելիս ուշադրություն դարձնում ենք ոչ թե նրան, որ բառերը լինեն գրական, այլ նրան, թե ով է կերպարը: Եթե կերպարը հայերենի պրոֆեսոր է, ապա պետք է խոսի «չափազանց» հայերեն, եթե նոր է դուրս եկել բանտից, պետք է խոսի ժարգոնային հայերեն»,- պատասխանեց մեր զրուցակիցը:
Նարեկի խոսքով՝ երեխաները միանշանակ կարող են կրկնօրինակել այն ամենը, ինչ ցուցադրվում է հեռուստատեսությամբ, սակայն շատ անբնական, անհետաքրքիր ու տարօրինակ կլինի այն սերիալը, որտեղ բոլոր հերոսները խոսեն գրական հայերենով. «Իսկ թե ինչու է կերպարների ընտրությունն այդպիսին, դա մեծ խնդիր է: Դա գալիս է նրանից, որ մենք չունենք ուրիշ կերպարներ, իսկ չունենք, որովհետև չեն նայում: Հեռուստաշուկայում թելադրում է հեռուստադիտողը, և եթե նկարենք այնպիսի սերիալ, որտեղ լինեն միմիայն գրական լեզվով բառեր, այն կարող է շատ լավը լինել, բայց այն ոչ ոք չի նայի»:
Զրուցեցինք նաև հոգեբան Սաթեն Գրիգորյանի հետ՝ պարզելու, թե հեռուստասերիալները որքանով կարող են ազդել դեռահասների լեզվամտածողության և աշխարհայացքի ձևավորման վրա, և ինչ կարող են անել ծնողները, որպեսզի երեխաները չկրկնօրինակեն տեսածը:
Ս. Գրիգորյանի խոսքով՝ այսօր հեռուստաեթերն ու մեդիան լի են այնպիսի հաղորդումներով, որոնք գրավում են մարդկանց, հատկապես երեխաների ուշադրությունը: Դրանցում առկա են լեզվաոճական բազմաթիվ աղավաղումներ, ժարգոնային բառամթերք, որոնք բացասականորեն չանդրադառնալ ուղղակի չեն կարող: Երեխան կրկնօրինակում է այն բառամթերքը, որը լսում է հեռուստաեթերից։ Այդ բառերի մեծ մասը տարածվում է սոցիալական հարթակում և նույնիսկ թրենդ դառնում:
Մեդիահոգեբանն օրինակ բերեց ՏիկՏոկը՝ որպես մեդիակոնտենտ, որը հնարավորություն է տալիս հեռուստաեթերի նախընտրելի հերոսի ձայնով խոսել այն համատեքստում, որը երեխայի հետաքրքրության շրջանում է:
Խոսելով գովազդների մասին, որոնք նույնպես ազդեցություն են թողնում երեխաների վրա, մեր զրուցակիցն նշեց. «Ունենք գովազդներ, որոնք լեցուն են լեզվաոճական աղավաղումներով, իսկ գովազդներն առավել, քան որևէ այլ մեդիակոնտենտ, կլանում են երեխայի ուշադրությունը, որովհետև լի են նյարդալեզվաբանական ծրագրավորման բաղադրիչներով և առհասարակ ուշադրությունը գրավող բազում տեխնոլոգիաներով ու տարրերով»:
Հարցին, թե ինչպես կարող են ծնողները պաշտպանել իրենց երեխաներին, մեդիահոգեբանը պատասխանեց. «Երեխաներին պաշտպանելու լավագույն տարբերակն այն է, որ ծնողն ինքը չդիտի նման հեռուստաարտադրանք ու չօգտագործի այն բառապաշարը, որն իրեն դուր չի գալիս: Եթե ծնողը սկսում է դիտել ժամանցային հաղորդումներ, ֆիլմեր՝ ագրեսիվ տարրերով ու ժարգոնային բառապաշարով, ու երեխան անգամ եթե հարևան սենյակում է ու լսում է, հեշտորեն սերտում է և օգտագործում շրջապատում»:
Ալվարդ Բաղդասարյան
2-րդ կուրս