«Թուղթ ու գրի ոգիները». լույս է տեսել Ալվարդ Ջիվանյանի դիցաբանական կատակ-բառարանը

«Թուղթ ու գրի ոգիները». լույս է տեսել Ալվարդ Ջիվանյանի դիցաբանական կատակ-բառարանը

1042

Հեքիաթագետ, թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանը մարտի 24-ին «Զանգակ» գրատանը ներկայացրեց իր հեղինակած «Թուղթ ու գրի ոգիներ» գիրքը: «Թուղթ ու գրի ոգիները» յուրահատուկ ամփոփ դիցաբանական բառարան է: Այն ներկայացնում է գրեղեն ոգիների մի ամբողջ անձնակազմ, որի ներկայացուցիչներից յուրաքանչյուրին հեղինակն օժտել է ուրույն դիմանկարով, հատկացրել որոշակի դեր և գործառույթ։

Հեղինակը՝ Ալվարդ Ջիվանյանը, գիրքը համարում է տեղեկատու, գրամեծար և գրատյաց ոգիների բառարան։ Ինչու՞ գրատյաց, որովհետև սկզբում և՛ խմբագիրների, և՛ գրախոսների տրամադրվածությունը միայն դրական կերպարներ պետք է լինեին։ «Ունի չորս առանձնահատկություն։ Փորձել եմ, որ դրանք ունենան էթնիկ պատկանելություն, այսինքն, իմ կարծիքով,իրենք ազգային են, հայկազյան են, սա շատ կարևոր է, ունեն տարիքային, սեռային հստակ ինքնության, յուրատիպ դիմանկար, ամրագրված գործառույթ։ Կա ինձ մոտ բուռն, անզուսպ սեր բառարանագրության հանդեպ, հետևաբար ինձ շատ հարմար էր, որպեսզի այս գիրքը ունենար բառարանային տեսք։ Բառարանի բնույթը կեսկատակ-կեսլուրջ է՝ որպես արդարացում, քանի որ դա իմ առաջին փորձն է որպես հեղինակ»,֊ ասաց թարգմանիչը։

Գրքի շապիկը պատկերել է հեղինակի ամուսինը՝ Գևորգ Եղիազարյանը, ոգիներին ևս ինքն է նկարել։ Ալվարդ Ջիվանյանը նշեց, որ բառարանի վերջում կա «գրագիտաց վարժարան» կոչվող բաժին, որը դպրոց է, գրական ոգիների աներևույթ երկսեռ ուսումնական հասարակություն, շատ բան այս բառարանում գալիս է իր դպրոցից։
«Այս դպրոցի նախատիպը այն դպրոցն է, որտեղ ես սովորել եմ, Գաբրիել Սունդուկյանի անվան դպրոցն էր Գյումրիում, որը երկրաշարժից հետո տեղափոխվեց այլ տեղ և վերակառուցվեց։ Քանի որ վերակառուցեցին բրիտանացիները, վերանվանվեց Լորդ Բայրոնի անվան դպրոց, և այսօր անգլիական դպրոց է։ Իմ սովորելու տարիներին այնտեղ դասավանդում էին բացառիկ ուսուցիչներ՝ անգլերենի, ամերիկյան քոլեջներ ավարտած, Բեյրութից և այլ վայրերից հայ կաթոլիկներ՝ համապատասխան ազգանուններով, որոնք նույնպես բառարանում կա»,-ասաց Ալվարդ Ջիվանյանը։

Բառարան գրելու միտքն առաջին անգամ հղացել է, երբ հեղինակը ձեռք է բերել մանկապատանեկան «Թանաք խմողը» վիպակը: «Ֆրանսիացի հեղինակը խոսում է ինչ-որ վախենալու կերպարի մասին, որը գրքերից թանաք է խմում. կարծում եմ՝ այս առիթը ինձ մղեց գործն առաջ տանելու։ Բառարանը շատ ուրախ է, բայց այնտեղ կան տխուր էջեր», – հավելեց գրքի հեղինակ Ալվարդ Ջիվանյանը։

Նորա Ղազարյան

3-րդ կուրս

Կիսվել