Չկա գնահատական, չկա մոտիվացիա. ուսուցիչներն ու փորձագետները գնահատման նոր ձևաչափի մասին

Չկա գնահատական, չկա մոտիվացիա. ուսուցիչներն ու փորձագետները գնահատման նոր ձևաչափի մասին

2012

ԿԳՄՍՆ որոշում էր կայացրել, համաձայն որի առնվազն 1-4 դասարաններում աշակերտները չեն գնահատվելու։ Այս մասին առաջին անգամ հայտարարել է նախկին նախարար Արայրկ Հարությունյանը։ Նոր նախարարի նշանակումից հետո հարցը ավելի ակտիվ սկսվեց քննարկվել։ Իսկ արդեն մարտի 24-ին Ազգային ժողովն ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքը:

Նախարարության որոշման վերաբերյալ զրուցեցինք  Երևանի, Արմավիրի, Կոտայքի մարզերի ուսուցիչների, աշակերտների, ինչպես նաև կրթության փորձագետի հետ։ Արմավիրի Բամբակաշատի միջնակարգ դպրոցի դասվար Նելի Պետրոսյանի խոսքով,  որոշումը տեղին է, նպատակահարմար և բխում է երեխաների շահերից. «Ըստ իս՝  որոշումը ճիշտ է կայացված։ Հիմա երեխաներն առողջ մրցակցության մեջ կլինեն, գիտելիք ստանալու և փոխանցելու առումով կձգտեն «գերազանցիկ» լինել, չեն նեղվի, եթե մի փոքր ցածր ստանան։ Աշակերտներ կան, որ նույնիսկ արտասվում են գնահատականի համար։ Լավ սովորող աշակերտներն առանց այն էլ մշտապես խրախուսվում են և գովաբանվում՝ պարտադիր չէ 9 և 10 նշանակելով նրանց մոտիվացնել։ Կարծում եմ՝ սա նախևառաջ բխում է հենց նրանց շահերից»։

Նույն դպրոցի դասվար Մարգարիտա Գրիգորյանի հավաստմամբ, այս որոշումից հետո երեխաների մոտ  մոտիվացիան մասամբ կորել է և նույն որգևորությամբ չեն սովորում. «Աշակերտներն անդադար հարցնում են, թե երբ պետք է կրկին գնահատական ստանան։ Միանշանակ լավ սովորողի համար այս որոշումը սխալ է։ Ընդունենք դա, թե ոչ, գնահատականը մշատապես եղել և մնում է երեխաներին խրախուսող, ոգևորող միջոցը, և առանց դրա սովորելու հանդեպ սերն ու հետաքրքրությունը կմարի ցածր դասարաններից սկսած»։

Տիկին Անահիտի կրտսեր որդին, ով սովորում է Չարենցավանի երրորդ հիմնական դպրոցում, մեզ հետ զրույցում  նշեց, որ մասամբ է համաձայն այս որոշման հետ. «Իհարկե, եթե չլինեն գնահատականներ, ապա աշակերտները կսովորեն գիտելիք ստանալու համար, այլ ոչ թե գնահատական ստանալու կամ ծնողներին չբարկացնելու համար։ Իմ կարծիքով, այս մեթոդն ավելի արդյունավետ կլիներ ավելի բարձր դասարաններում։ 6-ից 8 տարեկան երեխան չի գիտակցում, որ դպրոց գնալը և սովորելն իր բարեկեցիկ ապագայի համար է։ Գնահատական ստանալով՝ աշակերտը պարտավորվում է սովորել, թեկուզ գնահատականի համար, բայց գոնե սովորում է»։

Այլ կարծիք ունի չորրորդ դասարանի աշակերտուհի Էմմա Ջրաղացպանյանը. «Ինձ թվում է, որ ճիշտ կայացված որոշում է։ Որովհետև  երեխաներ կան, որ գնահատականի համար լաց են լինում։ Մի խոսքով, ես համաձայն եմ, որ մեզ չգնահատեն։ Կարևորը գիտելիքն է, ոչ թե գնահատականը»։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով, երեխաները ոչ միշտ են սիրում սովորել, և շատերի համար մոտիվացիա չկար, թվանշանն ինչ-որ տեղ ներքին մոտիվատոր է: Այսինքն՝ արտաքին գործիք է, որպեսզի աշակերտին ստիպի, որ նա կրթվի: Բայց թվանշանի անհրաժեշտությունը չի կարող ազդեցիկ գործոն հանդիսանալ: Մինչդեռ դրա բացակայությունը կարող է ավելի լուրջ խնդիրներ բերել. «Այդ դեպքում կրթական համակարգը կմնա ներքին մոտիվացիայի հույսին: Եթե երեխան ունի սովորելու ցանկություն, այդ պարագայում կսովորի, իսկ եթե չունենա, ինքը կարող է ասել, որ թվանշան չկա ու էլ ինչիս է պետք սովորելը»,-բացատրում է փորձագետը:

Տարրական դասարաններում գնահատական չլինելու դեպքում, երեխաները թվանշանի փոխարեն գիտելիքի համար կսովորեն: Սակայն, երբ հանում ենք թվանշանը պետք է  մտածենք՝ դրա տեղն ինչ ենք դնում. «Ուսուցիչն արդեն պետք է իր գործը շատ լավ անի: Այնպիսի միջավայր ստեղծի, որ բոլորի համար դասը հետաքրքիր լինի և սովորեն, հակառակ դեպքում՝ կարող ենք ավելի վատ վիճակ ունենալ»,-ամփոփեց Սերոբ Խաչատրյանը։

Ըստ փորձագետի, այստեղ ուսուցչի աշխատանքն է բարդանում, այլևս չի կարող թվանշանով երեխաներին մոտիվացնել:

Նարե Բաբերյան

Տաթևիկ Գրիգորյան

Էլիզա Գրիգորյան

3-րդ կուրս

Կիսվել