Պատերազմի ընթացքում հայ լրագրողներին թիրախավորելու համար դիմում է ներկայացվել ՄԻԵԴ

Պատերազմի ընթացքում հայ լրագրողներին թիրախավորելու համար դիմում է ներկայացվել ՄԻԵԴ

589

Պատերազմի ընթացքում հայ լրագրողներին թիրախավորելու, վիրավորելու և նրանց կյանքը սպառնալիքի տակ դնելու համար բրիտանական Մեդիա դիֆենս իրավապաշտպան կազմակերպության իրավաբանական թիմը, այդ թվում և ես, երեկ դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը։

«Դիմումատուները՝ սպանված ուղեկցորդ (fixer) Գրիշա Նարինյանի եղբայրը՝ Մխիթար Նարինյանը, վիրավորում ստացած լրագրողները՝ Սևակ Վարդումյանը, Արամ Գրիգորյանը, ինչպես նաև Ավետիս Հարությունյանը պնդում են, որ Ադրբեջանը Մարտունի քաղաքի հրետակոծության ընթացքում խախտել է իրենց կյանքի և ազատ արտահայտման իրավունքները, որոնք երաշխավորվում են Կոնվենցիայի 2-րդ և 10-րդ հոդվածներով։
Դիմողներին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնում են «Մեդիա դիֆենսից» Փադրեյգ Հյուզը և Կառլոս Գայոն, ինչպես նաև իրավաբան և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։
Այս որոշումը կունենա ստրատեգիկ նշանակություն, քանի որ կկանխորոշի նաև ապագա պատերազմներում լրագրողների անվտանգությունը։ Դատարանն իր որոշմամբ պետք է ապահովի, որ հետագայում լրագրողները պատշաճ պաշտպանված լինեն, որպեսզի նրանց մատուցած լրատվության որակն ու անկախությունը չխաթարվի»,-գրել է Շուշան Դոյդոյանը։

Կիսվել