Երեխաներին պատվաստե՞լ, թե՞ ոչ. այս է խնդիրը

Երեխաներին պատվաստե՞լ, թե՞ ոչ. այս է խնդիրը

841

Չնայած նրան, որ պատվաստումները պարտադիր չեն և ենթակա են ծնողի անհատական ընտրությանը, այնուամենայնիվ, Հայաստանում հաճախ բժիշկները պահանջում և որոշ տեղերում նույնիսկ «ստիպում են» ծնողներին` երեխաներին պարտադիր պատվաստման տանել: Վերջին տարիներին շատացել են պատվաստումների հետևանքով երեխաների մոտ տարբեր հիվանդությունների ի հայտ գալու դեպքերը: Դրա համար էլ այժմ շատերը խուսափում կամ նույնիսկ սկզբունքորեն իրենց երեխաներին չեն պատվաստում:

Ծնող Անահիտ Ոսկանյանը իր չորսամյա երեխային երբեք պատվաստման չի տարել. «Ես ինքս երբեք չեմ պատվաստվել և ոչ էլ թույլ կտամ երեխայիս պատվաստեն: Այն դեղերը, որոնք օգտագործվում են պոլիկլինիկաներում, վստահ եմ, որ որևէ օգուտ չեն տալիս երեխաներին: Բացի այդ, շատ եմ լսել, որ պատվաստելուց հետո երեխաների մոտ հնարավոր է աուտիզմի նշաններ հայտնվեն: Առանց պատվաստվելու էլ թե՛ ես և թե՛ երեխաս առողջ ենք»:

2 փոքրիկների մայր Աննան էլ ծանոթ բժշկների խորհրդով իր երեխաներին անվճար պատվաստանյութով չի պատվաստում. «Դեղատնից եմ առնում 25 հազար դրամով, 5000 դրամ էլ տալիս եմ սրսկելուն: Կարևորն այն է, որ պատվաստելուց հետո երեխաներս գանգատներ չեն ունենում. ոչ ջերմություն, ոչ թուլություն, ոչ գրիպ: Ծանոթ բժիշկներ ունեմ, որոնք խորհուրդ են տալիս պոլիկլինիկայի անվճար պատվաստանյութերից չօգտվեմ` ասելով, որ կարող է հին լինեն»:

Խնդիրն ավելի խորը արմատներ ունի մարզերում: Սյունիքում բժիշկները ամեն անգամ զանգում և ստիպում են ծնողներին` երեխաներին տանել պատվաստման: Քաջարանի բնակիչ Լուսինե Առաքելյանը նշում է, որ հաճախ նույնիսկ պատվաստելուց առաջ երեխային չեն զննում, նույնիսկ ջերմաչափ չեն դնում, շատ անզգույշ և իմիջիայլոց են վերաբերվում. «Իհարկե, ինքս ամեն անգամ պարտադրում եմ, որ նախօրոք ստուգեն երեխային, սակայն, եթե ծնողը չասի, իրենք անգամ հասարակ զննում չեն անի: Ինչքան էլ լսել եմ պատվաստման հնարավոր վտանգների մասին, այնուամենայնիվ, ավելի շատ վախ ունեմ, որ չպատվաստելուց երեխան կարող է ավելի շատ հիվանդություններ ձեռք բերել»:

Նույն մարզում վերջերս երեխային պատվաստել էին քնած ժամանակ, և երեխան մի քանի ժամ կոմայի մեջ էր ընկել բժիշկների ոչ զգոն լինելու պատճառով:

«Վարդանանց» ՆԲԿ-ի մանկաբուժական ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանը պնդում է, որ պատվաստումներն աշխարհում վարակները կանխարգելող ամենահաջողված ու մատչելի միջոցներից են, և դրանց շնորհիվ յուրաքանչյուր տարի միլիոնավոր կյանքեր են փրկվում: Նրա խոսքով` Հայաստանում պատվաստումները կատարվում են անվճար, ընդ որում ծավալն ավելի լիարժեք է` համեմատած հարևան որոշ երկրների. «Այն պատվաստանյութը, որն առաջարկվում է, շատ բարձր որակ ունի: Իհարկե կան նաև վճարովի այլ տարբերակներ, օրինակ այս պահին պոլիկլինիկաներում մինչև 1 տարեկանը պատվաստում են հնգավալենտ պատվաստանյութով, որ իր մեջ պարունակում է կապույտ հազի բջջային կոմպոնենտ, բայց որոշ վճարովի հաստատություններում օգտագործում են նաև վեցավալենտ պատվաստանյութ` ոչ բջջային կոմպոնենտով: Տարբերությունն ընդամենը դա է, այլ ոչ թե պատվաստանյութի հին կամ նոր լինելը»: Այն հարցին, թե պատվաստումից առաջ բժիշկը պե՞տք է բուժզննում անցկացնի թե ոչ, Լիլիթ Մարությանը պատասխանում է, որ ոչ միայն պետք է ընդհանուր զննի, այլ նաև անամնեստիկ տվյալներ ունենա երեխայի մասին` խնդիրներ ունեցել է թե ոչ, արդյոք որևէ դեղորայք է ընդունել և այլն:

Անահիտ Առաքելյան

4-րդ կուրս

Կիսվել