«Ռուսերենը այժմ այդքան էլ սիրված չէ աշակերտների շրջանում». Ռուսաց լեզվի ուսուցչուհին` արդի...

«Ռուսերենը այժմ այդքան էլ սիրված չէ աշակերտների շրջանում». Ռուսաց լեզվի ուսուցչուհին` արդի խնդիրների մասին

918

Լիանա Պետրոսյանը ռուսաց լեզվի ուսուցչուհի է, արդեն երկար ժամանակ է, ինչ աշխատում է Քաջարան քաղաքի դպրոցում: Նրա հետ զրուցեցինք կրթության ոլորտում առկա խնդիրների, սերունդների տարբերության և այլ հարցերի շուրջ:

-Արդեն շուրջ 17 տարի է, ինչ աշխատում եք դպրոցում և հետևաբար բազում սերունդների հետ եք առնչվել: Ըստ Ձեզ, ի՞նչ տարբերություններ, առավելություններ ու թերություններ կան այդ սերունդների միջև։

-Տարբերությունները միանշանակ շատ-շատ են: Հիմա աշակերտները ազատ են գրեթե յուրաքանչյուր հարցում: Սակայն սրա հետ մեկտեղ կարող եմ նաև որպես առավելություն նշել այն հանգամանքը, որ նրանք այժմ շատ մեծ հնարավորություններ ունեն ցանկացած բնագավառում: Սա նաև իր բացասական կողմն ունի, քանզի հենց այդ անսահմանափակ հնարավորություններն էլ աշակերտներին դարձնում են գրեթե անկառավարելի, և նրանք չեն լսում ոչ ուսուցիչներին, ոչ էլ, առհասարակ, մեծերին:

-Որպես ռուսաց լեզվի մասնագետ` ի՞նչ եք կարծում` որքանով է այժմ ռուսերենը սիրված աշակերտների կողմից, և արդյո՞ք նրանք հաճույքով են սովորում առարկան։

-Կարող եմ վստահաբար նշել, որ համեմատած նախկին տարիներին` այսօր ռուսերենը այդքան էլ սիրված չէ աշակերտների շրջանում: Հատկապես վերջին տարիներին աշակերտները, ինչպես և գրեթե մարդկանց մեծամասնությունը, գերադասում են անգլերենը: Այդիսկ պատճառով էլ այժմյա կրթական համակարգում ռուսերենի մակարդակն այդքան էլ բարձր չէ:

-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում արդի կրթական համակարգում։

-Արդի կրթական համակարգի խնդիրներից երևի կարելի է անվերջ խոսել: Սակայն որպես առաջնահերթ խնդիր կնշեմ 12-ամյա կրթությունը, ինչը շատ անիմաստ և միաժամանակ շատ ծանր է աշակերտների համար: Խոսքս վերաբերում է հատկապես տղաներին, ովքեր դպրոցից հետո համալսարանական կյանքին անցնելու փոխարեն միանգամից անցնում են բանակային կյանքին, ինչը, կարծում եմ, շատ սխալ է: Մեծ խնդիր է նաև շարքային մանկավարժի աշխատավարձը, ինչն էլ ապացուցում է, որ այսօր մանկավարժի աշխատանքը ամենաանշնորհակալ աշխատանքների շարքում առաջինն է:

-Որքանո՞վ է աշակերտների շրջանում այժմ գիրքն իր տեղը զիջում համացանցին։

-Ինչպես արդեն նշեցի, այսօրվա անսահմանափակ հնարավորությունները աշակերտների վրա նաև բացասական ազդեցություն են ունենում: Ամենագլխավոր թերությունը հենց գրքի փոխարինումն է համացանցով: Այսօրվա աշակերտը գրեթե գիրք չի կարդում: Կարելի է ասել` վազում է ինֆորմացիա ստանալու հեշտ տարբերակի ետևից և, բնականաբար, ընտրում է համացանցը, այլ ոչ թե գիրքը:

-Ի՞նչ մեթոդներ կամ ճանապարհներ կառաջարկեք այժմյա ուսուցումը ավելի հեշտ և արդյունավետ դարձնելու համար։

-Այդ հարցին կարող եմ պատասխանել միայն այն դեպքում, երբ կրթության նախարար կամ էլ գոնե տնօրեն դառնամ:

Անահիտ Առաքելյան

4-րդ կուրս

Կիսվել