Սթրիթ արտ

Սթրիթ արտ

1018

Այսօրվա Գրաֆիտին, կամ, ինչպես այժմյան մշակույթում ընդունված է ասել՝ փողոցային պատերին արված պատկերները` սթրիթ արտը, դեռևս 1960-ական թվականներին է ստեղծվել ԱՄՆ-ում: Սթրիթ արտը դեռ հնուց շատ հաճախ համարել են վանդալիստական ակտ, քանի որ, այդ կերպ արտահայտելով իրենց մտքերը, նկարիչները նաև խախտել են շինության ընդհանուր տեսքը։
Ժամանակին ոչ ոք լուրջ չէր ընդունում փողոցային նկարիչների գործունեությունը: Միայն 20-րդ դարի վերջում է արվեստի այս ուղղությունը գտել իր երկրպագուներին, իսկ արդեն 21-րդ դարասկզբին այն սկսեցին համարել արվեստի լիարժեք ճյուղ:

2016-ին ԵՊՀ-ի տարածքում արված Ապրիլյան պատերազմի հերոսների նկարներից հայտնի դարձավ դրանց հեղինակը` Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջի ուսանող Արթուր Ավագյանը: Չնայած նրան, որ նկարները արժանացան թե՛ քննադատությունների և թե՛ հավանության, այնուամենայնիվ, Արթուրն իրեն սթրիթ արտ նկարիչ երբևէ  չի համարել.
«Չէի ցանկանա, որ ապագայում հանրությանը հայտնի լինեմ որպես սթրիթ արտ նկարիչ: Ես ապագա գեղանկարիչ եմ: Սակայն, եթե այդ գործերը ես անեի կտավի վրա, դրանք այդքան մեծ արձագանք չէին ստանա, պատի վրա այլ է: Դա ինքնանպատակ չէր, ուղղակի գաղափար էր, որը լայն հասարակությանը հասու դարձավ»:
Վերջինս պատերին արված նկարներ ունի ոչ միայն Երևանում, այլ նաև Վարդենիսում, Կապանում` զորամասի պատերին, ինչպես նաև Վրաստանում:

Արսեն Մարգարյանն էլ պատմում է, որ փողոցների պատերին սկսել է նկարել դեռևս 2011 թվականից.
«Սկզբում, երբ դեռ փոքր էի, մանր-մունր պատկերներ էի նկարում, որովհետև վախենում էի, որ կտեսնեն ու կպատժեն քաղաքի պատերը փչացնելու համար: Մի քանի անգամ քաշքշուքների մեջ ընկա տվյալ շենքի բնակիչների ու ոստիկանների հետ: Բայց հետո հետզհետե երևի սկսեցին ընդունել, որ սիրուն է, համակերպվեցին, որ չեմ փչացնում, շունչ եմ տալիս ու գեղեցկացնում»:

Կապանի պատերը գեղեցկացնողն էլ Մարինկա Առաքելյանն է: Քաղաքում նրա նկարներին կարելի է հանդիպել գրեթե բոլոր անցումների և դալանների պատերին: «Մանկուց պատերին ընկերներով նկարներ էինք նկարում: Հենց այդպես էլ  որոշեցի, որ պետք է հետագայում նկարիչ դառնամ: Երբ նկատում էի, որ նկարները հավանության են արժանանում քաղաքի բնակիչների կողմից, ոգևորված ավելի մեծ նկարներ էի նկարում: Հետո, երբ տեսնում էին, որ այդ ամենը աղջիկ է նկարում, զարմանում էին: Ամեն անգամ ընկերներս էին օգնում, քանի որ աղջկա համար այդ ամենը փոքր-ինչ դժվար էր: Այդպես բազում փողոցներում թողեցի իմ ձեռագիրը: Նույնիսկ նկարեցի մանկապարտեզի պատին` հենց տնօրենի խորհրդով»:

Արվեստագետ Սահակ Պողոսյանը նշում է, որ սթրիթ արտը պետք է լինի չնախատեսված տեղերում և չփչացնի քաղաքային լանդշաֆտը.

«Օրինակ, եթե Հանրապետության հրապարակի թամանյանական շենքի վրա սթրիթ արտ են անում, դա համարում եմ վանդալիզմ: Կամ եթե օպերայի տարածքի որևէ հատվածում են անում, և դրանից հետո հնարավոր չէ վերականգնել շենքն այնպիսի տեսքով, ինչպիսին եղել է, դա ևս վանդալիզմ է: Չէ որ այդ շենքն ունի հեղինակ, արվեստագետ, և երբ այլ արվեստագետներ այդ շենքի վրա փորձում են վերաբերմունք արտահայտել, պետք է շենքի ճարտարապետից թույլտվություն հայցեն, կանոնակարգման հարց կա այստեղ: Իսկ գետնանցումներում, փողոցներում, ասֆալտին, ձյան վրա, երկնքում` որտեղ իրենք սթրիթ արտ անում են, համաձայն եմ»:

Արդեն գրեթե 2 տարի է, ինչ Երևանի ամենահին թաղամասերից մեկը`Կոնդը, նկարիչ Սերգեյ Նավասարդյանի նախաձեռնությամբ դարձել է պատկերասրահ` բաց երկնքի տակ.
«Սա բաց, անկախ հարթակ է, որտեղ նկարիչները կարող են ստեղծագործել տարբեր թեմաներով: Ցանկանում ենք տարբեր արտիստների գործերով վերաիմաստավորել այս թաղամասը, թարմություն հաղորդել դրան: Նախաձեռնության նպատակներից մեկն էլ հենց ուղղված է մեր երկրում սթրիթ արտի զարգացմանը»:

Եվրոպայի սթրիթ արտի խոշոր կենտրոնը Բրիստոլ քաղաքն է, իսկ ամենաառեղծվածային կերպարը` Բենքսին, որի գործունեությանը հետևում է ամբողջ աշխարհը, նրա գործերը վաճառվում են աճուրդներում ամենաբարձր գներով:

Անահիտ Առաքելյան

4-րդ կուրս

Կիսվել