Հայկը երազում էր մեծ տուն կառուցելու մասին

Հայկը երազում էր մեծ տուն կառուցելու մասին

915

Հայկն ու Կարենն իմ համադասարանցիներն էին։ Երկուսն էլ զոհվեցին արցախյան երկրորդ պատերազմում։ Հենց առա նրանց զոհվելու լուրը, հիշեցի, թե ինչպես էինք Հայկի ծննդյան օրն ամբողջ դասարանով շնչակտուր վազում հետևից, որ տորթի կրեմը քսենք դեմքին։ Հայկն ու Կարենը դպրոցական մեր բոլոր նկարներում իրար կողքի են։

Հայկենց ընտանիքում 5 երեխա են՝ երկու քույր և երեք եղբայր։ Հայկը տան փոքրն էր, ու իրեն յուրահատուկ ուշադրություն ու սեր են նվիրել ընտանիքի անդամները։ Մեծ եղբայրը՝ Մանվելը, ասում է, որ Հայկը շատ չար ու աշխույժ էր փոքր տարիքում։

«Փոքր ժամանակ մինչև մամաս հագցնում էր շորերը, որ իջնի բակ, Հայկն արդեն կեղտոտում էր»,- պատմում է Մանվելը։

Հայկը շատ նեղացկոտ էր, բայց հաջորդ վայրկյանին մոռանում էր կատարվածը։

Քույրը՝ Նարինեն, ասում է, որ Հայկը փոքր տարիքից ոչնչից վախ չուներ․ «Մի անգամ գնացել էինք մեր հողամաս՝ գործ անելու, Հայկիս տարել էինք հետներս, ինքը խելոք նստած էր, մենք էլ մեր գործն էինք անում։ Մեկ էլ տեսնենք՝ ինչ-որ բանով խաղում է, ձայն տվեց, մա՜մ, տես՝ ինչ մեծ ճիճու եմ բռնել։ Մոտենանք, տեսնենք՝ փոքր օձ է բռնել ու հետը խաղում է»։

Եղբայրը՝ Մանվելը, հիշում է, որ երբ Հայկն առաջին անգամ գնացել է դպրոց, եկել է ու տանն ասել, որ չի ուզում այլևս գնալ, բոլոր ընկերները աղջիկներ են։ «Հաջորդ օրը համոզեցինք, տարանք դպրոց, ոգևորված եկավ ու ասաց՝ գիտեք, մի տղա էր եկել՝ Կարենը, հետը ընկերացել եմ արդեն, ուզում եմ գնալ դպրոց»,- պատմում է Մանվելը։

Ղազարյան Հայկը սիրում էր նկարել, ֆուտբոլ խաղալ։ Մասնակցել է մի քանի ցուցահանդեսի։ Հարազատների ասելով՝ շատ ընկերասեր էր։ «Որպես մարդ՝ Հայկը շատ հանգիստ էր, հավասարակշռված, հասուն մտածելակերպով տղա էր, նվիրված էր ընտանիքին ու ընկերներին»,- պատմում է նրա ընկեր Ռազմիկը։

Հիշում է իրենց միակ «հանցագործությունը»՝ շենքի կողքի այգուց մրգեր գողանալը։ «Մի անգամ էլ հեթական գողության ժամանակ Հայկն ընկավ ու ձեռքը կոտրեց, բայց մենք ընկերներով մինչև վերջ համոզում էինք, որ բան չի եղել»,- հիշում է Ռազմիկը։

Ասում է՝ Հայկին կարելի էր ամեն գործ վստահել, գիտեին՝ պատվով կանի։

Դպրոցում Հայկը խելոք ու պարտաճանաչ աշակերտ էր։ Ինը տարի սովորել է Արթիկի 4-րդ հիմնական դպրոցում, հետո հաճախել 3-րդ ավագ դպրոց։ Մարիամը Հայկի հետ սովորել է հիմնական դպրոցում, ասում է՝ Հայկը դասարանի ուրախությունն էր, դասարանի անվերջանալի կռիվները ավարտվում էին Հայկի միջամտությամբ։

«Հայկի ծնունդին գնացել էինք իրենց տուն, ուզեցինք տորթ քսել դեմքին, Հայկը բացեց տան դուռն ու վազեց դուրս, մենք էլ բոլորով հետևից։ Դասընկերուհիս՝ Լիլիթը, ընկավ ու ատամը ջարդվեց, այնքան ծիծաղեցինք»,- մանկության քաղցր պահերը ժպիտով հիշում է Մարիամը։

Միլենան Հայկի հետ սովորել է ավագ դպրոցում։ Ասում է՝ Հայկը շատ թասիբով էր, հարգված ու լավ մարդ։ «Վերջին զանգի ժամանակ յարխուշտա էինք սովորում պարել, Հայկն առաջինը միանգամից ճիշտ պարեց»,- հիշում է Միլենան:

2019 թվականի հունվարի 11-ին Հայկը զորակոչվել է բանակ։ Վեց ամիս ծառայել է Հոկտեմբերյանի զորամասում՝ տանկիստի մասնագիտությամբ, հետո տեղափոխել են Մարտունի-3։ Ծառայության վեց ամսիների ընթացքում Հայկը պարգևատրվել է լավ ծառայության համար։

«Երբ ծառայում էր Հոկտեմբերյանում, շաբաթը մեկ տուն էր գալիս, ժամը 12-ին հասնում էր տուն, պայուսակը դնում ու գնում ընկերներին տեսնելու։ Ասում էի՝ գոնե արի մի քիչ նստի, քեզ կարգին տեսնենք»,- հիշում է եղբայրը՝ Մանվելը։

Հայկի գրեթե բոլոր ընկերները ծառայության են կանչվել 2019 թվականի հունվարին։ «Հայկը բարձր տրամադրությամբ գնաց բանակ, ուրախ էր, որ ընկերների հետ է»,- նշում է Ռազմիկը։

Պատերազմից երկու օր առաջ Հայկը բարձրացել է դիրքեր։ Մանվելի ասելով՝ Հայկը տուն զանգել է 2-3 օրը մեկ, բայց ընկերների հետ գրեթե ամեն օր խոսել է։ «Որ զանգում էր, իր մոտ խուճապ չկար։ Ինքն էր մեզ հարցնում այդտեղ ի՞նչ են ասում, ե՞րբ կավարտվի պատերազմը։ Հետը խոսում էինք, կողքից կրակոցների ձայն էր լսվում, ասում էր՝ մեր տղերքն են դրանց կրակում»,- հիշում է եղբայրը։

Հայկը տանկի նշանառու էր, զոհվել է նոյեմբերի 3-ին։ Իրենց տանկով գնացել են մարտական առաջադրանք կատարելու, գործողությունը հաջողությամբ են կատարել, բայց վերադարձին հակառակորդի ԱԹՍ-ն հարվածել է տանկին։ Եղբոր զոհվելու լուրը առաջինը իմացել է Մանվելը։

«Ինձ նոյեմբերի 4-ին են ասել Հայկի զոհվելու մասին, զանգեց Հայկի ընկերներից մեկը, ասաց, որ Հայկոն զոհվել է։ Ես չհավատացի, տնից դուրս եկա առավոտ շուտ ու գնացի հորեղբորս տղայի մոտ։ Գնացի, տեսա ու չէի կարողանում խոսել, մի կերպ ինձ հավաքեցի ու ասացի՝ Հայկը զոհվել է»,- հիշում է Մանվելը։

Մանվելը ընտանիքին չի ասել եղբոր զոհվելու մասին, քանի դեռ հաստատ չի ճշտել։ Նոյեմբերի 6-7-ին, երբ արդեն հաստատվել է, գտել են եղբոր դին, ասել է մորը։ «Եկա տուն, հա ֆռացի մի սենյակից մյուսը, որ մամայիս ասեմ, այդ պահին հեռուստացույցով պատերազմից կադրեր էին ցույց տալիս, ու ասացի մամային»,- պատմում է Մանվելը։

Հայկի մայրը չի հավատացել, մյուս եղբայրն էլ՝ Հովհաննեսը, շատ ծանր է տարել եղբոր կորուստը։

Ծառայությունից հետո Հայկը մտադիր էր ատամնատեխնիկի մասնագիտություն ստանալ։ Հետմահու նա պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

«Զանգել եմ նաև Հայկիս ընկերներին, խնդրել, որ գտնեն եղբորս իրերից։ Գտել են հեռախոսը, զինվորական գոտին, գլխարկն ու ձմեռային ձեռնոցները»,- ասում է Մանվելը։

Ընկերներն ասել են, որ Հայկը շատ նկարներ ուներ, որոնք միշտ պահում էր զինվորական գրքույկի մեջ։ Հայկը երազում էր մեծ տուն կառուցել՝ մուգ պատուհաններով։

Մորն ասել էր՝ ես տան փոքրն եմ, Մանվելն ու Մարոն իրար հետ են քույր ու եղբայր, Հովոն ու Նարինեն էլ՝ իրար հետ, իսկ ես կմնամ մենակ…

Շողիկ Կակոյան

3-րդ կուրս

Կիսվել