Ըստ բրիտանացի լրագրողների վերլուծության` կանայք ավելի լավ վարորդներ են, քան տղամարդիկ

Ըստ բրիտանացի լրագրողների վերլուծության` կանայք ավելի լավ վարորդներ են, քան տղամարդիկ

822

Բրիտանացի ժուռնալիստները համեմատական վերլուծություն են իրականացրել կին և տղամարդ վարորդների վերաբերյալ, վերլուծության համար հիմք են ընդունել նաև ապահովագրական ընկերությունների տրամադրած տվյալները։ Կատարված հետազոտությունն ապացուցեց այն, ինչին շատերը հրաժարվում են հավատալ. կանայք ավելի լավ են ավտոմեքենա վարում, քան տղամարդիկ, և հազվադեպ են ավտոպատահարների պատճառ կամ մասնակից դառնում։

Հայաստանում տղամարդկանց զգալի մեծամասնությունը հերքում է այն փաստը, որ կանայք կարող են ավելի լավ վարորդներ լինել: Կին վարորդների վերաբերյալ տղամարդկանց կարծիքները տարբեր են:

Ըստ 60-ամյա Ռազմիկ պապի` կինը պետք է խոհանոցում լավ աշխատի, այլ ոչ թե ղեկին: 23-ամյա Արմենը կարծում է, որ կինը ղեկին շատ գրավիչ է: Իսկ 38-ամյա Սուրենի խոսքով` կանայք վտանգավոր վարորդներ են, քանի որ չեն կարողանում արագ կողմնորոշվել երթևեկության ընթացքում:

Բայց, համեմատած նախորդ տարիներիn, տղամարդիկ արդեն ավելի դրական և  սովորական են վերաբերվում կին վարորդներին:

Կանանց շրջանում հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ նույնիսկ կանանց մի ստվար զանգված երբեք չի ցանկացել մեքենա վարել տարբեր պատճառներով. ոմանք կարծում են, որ դա «կնոջ խելքի բան չէ», իսկ ոմանք պարզապես վախենում են: Սակայն հարցվածների մոտ 85 տոկոսը կողմ է կանանց մեքենա վարելուն, պնդելով, որ՝ կնոջ համար մեքենան նույնքան անհրաժեշտ է, որքան տղամարդու համար:

Վիճակագրության համաձայն՝ ճանապարհներին կանանց մասնակցությամբ դժբախտ պատահարների թիվն անհամեմատ ավելի քիչ է: Հոգեբանի խոսքով` այս իրավիճակը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ կին վարորդի պահվածքը ստանդարտ իրավիճակում է: Էքստրեմալ իրավիճակներում ղեկին կնոջ անվտանգությունն ու հուսալիությունը կտրուկ նվազում է՝ ի տարբերություն տղամարդու.
«Այս ամենը գրեթե միշտ պայմանավորված է այն հանգամանքով, որ կանայք սթրեսի ժամանակ և ճանապարհին ոչ ստանդարտ պայմաններում ավելի շուտ են հոգնում և չեն կարողանում արագ կողմնորոշվել»:

Տղամարդկանց մեղքով տեղի ունեցած ավտովթարները հիմնականում արագության գերազանցման ու ալկոհոլի օգտագործման արդյունք են: Փորձը ցույց է տվել, որ կին վարորդները թույլատրելի 60կմ/ժ փոխարեն երթևեկում են նույնիսկ ավելի քիչ`  50կմ/ժ արագությամբ: Ըստ պետավտոտեսուչների` կանանց «ամենասիրելի» և շատ հանդիպող խախտումները ամրագոտի չկապելն ու բջջային հեռախոսով խոսելն է:

Արագությունը գերազանցող կին վարորդների թիվը մոտավորապես 7 տոկոս է կազմում, մինչդեռ տղամարդկանցը` 23 տոկոս: Առհասարակ, ճանապարհային երթևեկության կանոնները խախտող կանանց թիվը 5 տոկոս է, տղամարդկանցը` 25 տոկոս:

Հայաստանում մոտ 18 տարի է` գործում է «Կին վարորդների ֆեդերացիան»: Կարող են անդամագրվել 18 տարին լրացած, վարորդական իրավունք ունեցող իգական սեռի բոլոր ներկայացուցիչները, պարզապես պետք է ներկայացնել համապատասխան փաստաթղթերը և իսկապես վարել կարողանալ: Այն կազմակերպում է ավտոմրցույթներ՝ կանանց ու աղջիկների մասնակցությամբ: Ուսուցիչները օգնում են բոլոր նրանց, ովքեր թերացումներ են ունենում վարժություններ կատարելիս:

Անահիտ Առաքելյան

4-րդ կուրս

Կիսվել