Գնաճի հետքերով՝ խանութից մինչև վարսահարդարի մոտ

Գնաճի հետքերով՝ խանութից մինչև վարսահարդարի մոտ

915

Վերջին շրջանում, հետպատերազմական վիճակով պայմանավորված, շուկայում որոշ ապրանքատեսակներ գրանցել են ռեկորդային գնաճ: Մայրաքաղաքի մի շարք խանութներում արված մեր հարցումները ցույց են տալիս, որ հիմնականում բարձրացել են դրսից ներմուծվող ապրանքատեսակների գները: Որոշեցինք պարզել, թե կոնկրետ որ տեսակի ապրանքներն են թանկացել, և ինչ թվերի հետ գործ ունենք այսօր շուկայում: Մեծ և փոքր առևտրի կետերում կատարած հարցումները ցույց տվեցին, որ սննդամթերքից գնաճ հիմնականում գրանցել են բուսայուղը, շաքարավազը, ալյուրը, ձուն, որոշ մրգեր և ալկոհոլային խմիչքներ:

Նկատեցինք, որ սննդամթերքի տարբեր տեսակների դեպքում գնաճի ինդեքսները տարբեր են: Օրինակ՝ պայմանական բուսական յուղը, որ մինչև նախորդ տարվա նոյեմբեր արժեցել է 600 դրամ, այսօր թանկացել է մինչև 950 դրամ, այսինքն՝ ավելի քան 50 տոկոսով: Շաքարավազի գինը բարձրացել է մոտավորապես 35 տոկոսով, ալյուրինը՝ 10, ձվինը՝ 30 տոկոսով և ավելի: Փոխարենը գնանկում է գրանցվել որոշ տեղական ապրանքատեսակների դեպքում։ Մեր հաշվումները ցույց են տալիս, որ, օրինակ, մսի գինը նվազել է 5 տոկոսով:

Նույն տեսակի ապրանքատեսակի գնաճի ինդեքսները, սակայն, տարբերվում են գյուղական բնակավայրերում։ Օրինակ՝ նկատեցինք, որ Տավուշի սահմանամերձ մի քանի գյուղերում, որտեղ մեծ խանութներից օգտվելու հնարավորություն չկա, գնաճն ավելի արտահայտիչ է:

Փորձեցինք հասկանալ նաև, թե ինչպիսիսն է գնաճի պատկերը տնտեսական և ոչ պարենային ապրանքների շուկայում: Պարզվում է՝ այս շուկայում գնաճի սահմանած ռեկորդներն ավելին են, քան մթերային ապրանքների դեպքում: Թանկացել է հատկապես հագուստը։ Վաճառողները դա պատճառաբանեցին արտարժույթի թանկացմամբ և թուրքական շուկայից օգտվելու սահմանապակումներով: Փաստարկը, սակայն, հիմնավոր չի թվում։ Օրինակ՝ եթե Ֆրանսիայից ներմուծվող պայմանական մեկ ջինսե տաբատի արժեքը նախկինում 17.900 դրամ էր, այժմ այն արժե 23.900 դրամ: Նախկինում այն արժեցել է մոտավորապես 30 եվրո, և եթե հաշվի առնենք  եվրոյի թանկացումը (ներկայումս այն 620 դրամ է), ապա նույն ապրանքը պետք է թանկանար մոտավորապես 1600 դրամի չափով, սակայն նկատում ենք 6000 դրամի գնաճ։ Ընդ որում՝ ապրանքատեսակը որակի և ձևի առումով փոփոխություն չի կրել: Այս պարագայում կարող ենք ասել, որ գործ ունենք չհիմնավորված գնաճի հետ:

Հատկանշական է նաև այն, որ սպասարկման ոլորտի որոշ ծառայություններ ևս արհեստականորեն փորձում են բարձրացնել ծառայությունների արժեքը: Օրինակ՝ վարսահարդարը, որն այդպես էլ չցանկացավ ներկայանալ, կախված կտրվածքի տեսակից՝ իր ծառայության արժեքը թանկացրել է նվազագույնը 500 դրամով: Մեր հարցին, թե որն է թանկացումների պատճառը, նա պատասխանեց. «Դոլարը թանկացել է»: Բայց թե ինչպես է անդրադառնում արտարժույթի թանկացումը վարսահարդարման վրա, այդպես էլ  պարզել չկարողացանք:

Էդգար Գորգինյան

2-րդ կուրս

Կիսվել