Ճանաչենք մեր հերոսներին. Հայկ Ղազարյան

Ճանաչենք մեր հերոսներին. Հայկ Ղազարյան

1373

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում քաջաբար զոհել է Հայկ Ղազարյանը։ Հայկը ծնվել է 2000թ.-ի սեպտեմբերի 2-ին քաղաք Արթիկում։ Հայկը ծառայության է անցել 2019 թ-ի հունվարի 11-ին Արմավիրում։ 6- ամիս հետո տանկիստի մասնագիտությամբ տեղափոխվել է Մարտունի։

Հայկի մասին զրուցել ենք ավագ եղբոր՝ Մանվել Ղազարյանի հետ։

Մանվելը հիշում է՝ Հայկը փոքր ժամանակ այդքան էլ չար երեխա չի եղել, բայց ակտիվ էր․ «Մեր պատշգամբի դիմաց մի մեծ ծառ ունեինք, մի օր երեկոյան ուժեղ քամի էր, ծառի ճյուղը մոտեցրել էր պատշգամբին, ճոճվում էր ու ուրախանում»։

Հայկը անասելի ընկերասեր ու նվիրված է եղել․ «Բոլորին հասնող էր ու անասելի բարի, եթե անգամ ինչ որ մեկից նեղանար, շուտ մոռանում էր»։

Հայկը բազմաշնորհ էր, ամեն բան հասցնում էր։ Հրաշալի ֆուտբոլ էր խաղում, գեղեցիկ նկարում էր։

Հայրենասեր տղան մեծ ուրախությամբ է գնացել ծառայության, երբեք ոչնչից չի բողոքել։ Ընկերների հետ նույն զորամասում են ծառայել, եղբայրը փաստում է՝ Հայկի տրամադրությունը միշտ բարձր էր։

Վերջին անգամ Հայկի հետ խոսել են նոյեմբերի 2-ին ․«Խոսեցինք, ասեց՝ամեն ինչ շատ լավ է, մեր մոտ հանգիստ է, ոչ մի բան էլ չկա»։

Հայկը իրեն բնորոշ ձևով հանգստացրել է բոլորին։ Հարազատները չէին էլ կարող պատկերացնել, որ տանկիստ տղան շաբաթներ շարունակ համառ մարտեր է մղել և նոյեմբերի 3-ին վերջին անգամ ընկերներին շրջափակումից հանելուց հետո անմահացել։

Հայկ Սամվելի Ղազարյանը պատերազմում ունեցած  ավանդի համար  ԱՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 2-րդ կարգի շքանշանով։

«Շատ հպարտ եմ, բայց եթե մեր կողքին լիներ, հպարտությունս քառապատիկ կլիներ։ Սիրում, կարոտում ու հավերժ սպասում ենք․․․»։

Նելլի Իգիթյան

2-րդ կուրս

Կիսվել