Աշխատանքի և բնակության հասցեն՝ Օպերա

Աշխատանքի և բնակության հասցեն՝ Օպերա

1124

Արտիստների փորձասենյակում՝ ներկայացման հագուստների կողքին, սառնարան է, մահճակալ ու մեկ հեռուստացույց: Փոքրիկ, բայց  հարազատ այս սենյակում 52 տարի բնակվում և աշխատում է 70-ամյա  Օվսաննա Համբարձումյանն, ում համար Ա. Սպենդարյանի անվան Օպերայի և Բալետի թատրոնն, առանց չափազանցնելու, տան նման է, որից դուրս իր կյանքը չի պատկերացնում։

«Չեմ սիրում խոսել իմ անձնական կյանքի մասին, հնարավոր է հիմա ունեմ այդ հնարավորությունը, որը տարիներ առաջ չունեի, բայց չեմ պատկերացնում ինձ այս շենքից դուրս։ Սա է իմ միջավայրը, այստեղ են ինձ հարազատ բոլոր մարդիկ։ Այս շենքում ես շնչելուց զատ ապրում եմ, այլ տեղ չեմ ապրի, պարզապես կշնչեմ»։

Եռացրած ջրին մի գդալ սուրճ է ավելացնում  և անցնում է աշխատանքի։ Տիկին Օվսաննայի խոսքով, նրա այս ոճով սուրճ խմելու սովորությունը երիտասարդ տարիներից է պահպանվել։ Սուրճն արագ վայելում է և անցնում աշխատանքի։ Պատահում է, որ նույն հագուստն օրվա մեջ մի քանի անգամ ձևափոխման է ենթարկում։

«Եթե ներկայացում պետք է ապահովենք, ապա  բալետի պարուհիները մեկ հագուստը երկուսով են հագնում , հերթով, և անհրաժեշտ է հենց տեղում նույն հագուստն արագ հարմարեցնել հաջորդ պարողին։ Մի տեղ քանդված է լինում, մի տեղ պետք է նեղացնել, հետո լայնացնել, չէ՞ որ բալետը շարժողական արվեստ է, իսկ հագուստը պարողի համար պետք է շատ հարմար լինի, որ պարողն իրեն հանգիստ ու ազատ զգա։»

Թատրոնի ամենահին աշխատակիցը բոլոր ներկայացումներն անգիր գիտի, հագուստները ցուցադրելուց բացի,  ներկայացրեց յուրաքանչյուր հագուստի պատմությունը, վերհիշեց լավագույն արտիստներին։

«Եթե Տիգրան Լևոնյանը մի ներկայացում էր բեմադրում, միշտ ասում էր, որ բալետը իր ուրախությունն է, և վստահ էր, որ առանց բալետի Օպերան կկորցնի իր ուրախությունը։ Երբ բեմադրեց « Պողոպտոս» ներկայացումը , մոնալոգում ամբողջ բալետն էր պարում՝ ցուցադրելով, թե ինչ է լինելու, որից հետո սկսվում է ներկայացումը։ Մեր ուրախությունը հին արտիստներն էին՝ մեր Գոհար Գասպարյանը, Լենա Միքաելյանը, Մեր Անժելա Երվանդվնան և Ուզունյանը»։

Օվսաննա Համբարձումյանը, նոր արտիստների անուները նույնպես նույն հարգանքով թվարկում է, սակայն համեմատել չի սիրում.« Նոր արտիստների շունչն , անշուշտ,  տարբերվող է, բայց ոչ մնայուն։ Բացակայում է ինքնանվիրումը։ Զարմանում եմ, երբ այդքան տարի աշխատելուց հետո, ոչինչ չեն թողնում Օպերային։ Եկող մարդու հոգին այնքան հարուստ պետք է լինի, որ հոգին նվիրի թատրոնին։ Իսկ նրանք գալիս են և պարզապես գնում, մինչդեռ թատրոնի պահանջմունքներն ավելին են, քան պարզապես Օպերայի և Բալետի արտիստ լինելը։»

Առողջ քննադատությունը, իր խոսքով, կօգնի արտիստներին իրենց գործում դառնալ լավագույնը, ասում է՝ բոլոր արտիստներն իր զավակներն են։ Այդ պատճառով արտիստների արտերկրներից բերված մագնիսները, որոնք ասես թաքցրել էին սենյակի սառնարանը,  ամենաթանկ նվերն են իր համար։

«Երեխաներից ամեն մեկը, որ երկիր այցելում է, այտեղից  ինձ համար մի մագնիս է բերում՝ որպես  հիշատակ, նրանք բոլորն ինձ համար շատ հարազատ են։ Բացի նրանից, որ հաճելի է, հետո գալիս հարցնում են՝ Օսան տոտա, ուր է իմ տվածը, չես կպցրել սառնարանին, ինչո՞ւ չես կպցրել։ Հետո համոզվում են, որ իրենցը տեղում է և նոր հանգիստ հեռանում»։

Տիկին Օվսաննայի տարերքն իր շալերն են, որոնց յուրահատուկ նշանակություն է տալիս. «Երբ դուրս եմ գալիս, անպայման պետք է շալեր ունենամ, դա հայկական սովորույթ է՝ ամեն մի հայ աղջիկ ու կին պետք է ունենա շալ։ Հին ժամանակներում չգրված օրենքի համաձայն, կանայք ասեղնագործում և հայական տոներին միմյանց շալեր էին նվիրում։ Ունեմ շալեր, որոնք նվեր եմ ստացել արտիստներից, բայց հիմնականում ինքս եմ կարում իմ շալերը։»

Սպիտակ քարերով ապարանջաներ, սպիտակ գույնի բազմաթիվ շալեր. տիկին Օսաննայի սիրած գույնը սպիտակն է, որն իր խոսքով,  բնութագրում է հոգու մաքրությունն ու օգնում լուսավորել մուգ գույնի հագուստները։ Հենց այսպիսի պարզություն ու լուսավորություն է ուզում տեսնել թատրոնի դահլիճում, որն իր խոսքով, միայն հանդիսատեսի պակաս է զգում։

«Խորհրդային միության օրոք, երբ մի ներկայացում էր լինում, վերնախավը պարտադիր ներկա էր լինում, իսկ հիմա ոչ ոք չկա։ Կյանքը շատ է փոխվել։ Այն ժամանակ մարդիկ հոգեբանորեն կուշտ էին գալիս Օպերա։ Հոգեբանական կշտությունն  ուտելուց ավելի բարձր է։ Առաջ, երբ մարդիկ Օպերա էին գալիս, նոր հագուստ և կոշիկներ էին գնում, դա համարվում էր ամենաբարձր տեղը։ Իսկ հիմա հետաքրքրությունը պակասել է, ու քչերն են Օպերայի դերը ճիշտ ընկալում։»

Օվսաննա Համբարձումյանն ուզում է, որ թատրոնի քաղցրությունը բոլորը զգան։ Իր խոսքով՝ եթե չունենք Օպերա, չունենք ոչինչ։

Էլիզա Գալուստյան

3-րդ կուրս

Կիսվել