«Ինձ պայքարն է գրավել»

«Ինձ պայքարն է գրավել»

1273

Մոնիկա Բալդրյանը բալետը սկզբում չի սիրել, բայց հիմա առանց բեմի չի պատկերացնում իր կյանքը։ Իմ հյուրն է Օպերայի և Բալետի թատրոնի արտիստ Մոնիկա Բալդրյանը։

-Մոնիկա, ինչո՞ւ սկզբում չեք սիրել Ձեր մասնագիտությունը, և  ի՞նչը հետագայում ստիպեց Ձեզ վերանայել ձեր վերաբերմունքը։

-Իրականում, քիչ մարդիկ գիտեն դրա մասին, բայց ես չեմ թաքցնում դա։ Ես փոքրուց անտարբեր էի, որովհետև մայրիկս էր տարել առողջության համար, ուղղակի գնում էի։ Հետագայում ինձ շատ դուր եկավ պայքարը։ Ես տեսա այդ պայքարը ու հասկացա, որ սա այն մասնագիտությունն է, որը չունի վերջնակետ։ Չկա իդեալական կետ, որին կարող ես հասնել և ասել՝ վերջ։ Աստիճան չկա, դու ամեն օր պայքարում ես, աշխատում քեզ վրա, ձգտում այն իդեալականին, որը չկա և որին երբեք չես հասնելու։ Ինձ պայքարն է գրավել:

Առաջին անգամ բեմ դուրս գալու ձգտումը մանկուց եք ունեցել, ո՞ր բալետն էր, որ Ձեզ գրավեց առաջինը։

-«Ժիզել» բալետն էր, որ տեսա առաջին անգամ, ու ինձ մոտ ցանկություն առաջացավ հասկանալ, թե ինչ է զգում գլխավոր կատարողը։ Դրանից հետո ընդունվեցի պարարվեստի պետական քոլեջի դասական պարի բաժին, ավարտեցի և վերջապես հասավ այդ պահը, և  կատարվեց իմ մանկության երազանքը։ Պետք է պարեի Օպերայի և Պալետի ակադեմիական թատրոնի բեմում։

Ի՞նչ զգացողություններ ունեցաք բեմում. չէ՞ որ պատասխանատու պահ էր։

-Մինչև բեմ դուրս գալը մենք ունենք հատուկ դաս՝ մարմինը պատրաստում ենք ներկայացմանը։ Այդ պահին ոչինչ չէի զգում, սովորական էր, բայց բեմ դուրս գալուց առաջ անբացատրելի անհանգստություն և պատասխանատվության զգացում ունեի։ Դուրս ես գալիս բեմ, պարում ես, լսում ծափահարությունները ու ասում ես. «Քիչ էր, էլի եմ ուզում»։ Այդ զգացողությունը մինչև այսօր էլ կա։ Ես գտնում եմ, որ եթե մարդ բեմ է դուրս գալիս ու այլևս չի զգում այդ անհանգստությունը, սրտի թրթիռը, ուրեմն պետք է թողնի բեմը։ Դա շատ կարևոր է։

Մեկնել էիք Չինաստան ընդմիշտ բնակության համար, բայց հետ վերադարձաք: Ինչո՞ւ որոշեցիք գնալ, և ի՞նչը ստիպեց հետ վերադառնալ։

-Ես հրավեր ստացա Չինաստանից, պետք է գնայի և դասավանդեի այնտեղ։ Այդ պահին որոշում կայացրեցի գնալ Հայաստանից։ Ինձ համար մեծ փորձ էր՝ թե՛ մասնագիտական առումով, թե՛ կյանքի։ Դարձա ավելի ինքնավստահ, ինքնագնահատականս բարձրացավ։  6 ամիս մնալուց հետո, ես կանգնեցի մի խնդրի առաջ։ Պետք է ընտրեի բարեկեցիկ կյանքն արտերկրում կամ պարելը. պարել քո հայրենի բեմում, քո հայրենակիցների համար։ Ես ընտրեցի պարելը և վերադարձա Հայաստան։

Չինաստանում չէի՞ք պարում։

-Սկզբում շատ էի պարում, հետո պետք է մեկ տարի դասավանդեի, իսկ պարողի համար մեկ տարի չպարել՝ նշանակում է հրաժեշտ տալ մասնագիտությանը։ Բացի այդ, հայրենի բեմում պարելն այլ զգացողություն է։ Ոչինչ չեմ փոխի այն զգացողությունների հետ, որոնք ապրում եմ հայրենի բեմում պարելիս։ Կապ չունի՝ որ գծում ես պարում, միայն այն փաստը, որ դու պարում ես մի երաժշտության ներքո, որը գրել է Արամ Խաչատրյանը, ինձ թվում է՝ բոլորի համար մեծ պատիվ է։

Վնասվածքը չի՞ խանգարել Ձեզ բեմ դուրս գալ։ Ինչպե՞ս հաղթահարեցիք կյանքի այդ փորձությունը։

-Հեշտ չէր։ Պրեմիերայից 10 օր առաջ վնասեցի մեջքս և չէի կարող պարել։ Բայց իմ մեջ ուժ գտա, ցավազրկողներով մի կերպ պարեցի։ Հիմա շատ լավ եմ զգում, որ պարել եմ։ Պարողների մոտ հիմնականում հենց վնասվածքներն են լինում պատճառը, որ թողնում են պարը։

Մեր զրույցի ժամանակ ասացիք, որ սիրում եք Ձեզ կողքից նայել։ Թեև չի թույլատրվում նկարել, խնդրում եք Ձեր քույրիկին, որ կուլիսներից թաքուն նկարի։ Ինչո՞վ է դա Ձեզ օգնում։

-Ես սիրում եմ ինքս ինձ տեսնել, թե ինչպիսին եմ բեմում։ Դա օգնում է ինձ կատարելագործվել։ Քանդակի նման մի բան է, ինչպես է քանդակագործն իր քանդակը շտկելով իդեալական դարձնում, այդպես էլ մենք։ Մեր մարմինը մեր գործիքն է, մենք ենք մեզ քանդակում և փորձում ենք դարձնել այնպիսին, ինչպիսին ուզում ենք։

Եղել ե՞ն փոքրիկ անհաջողություններ բեմում կամ բեմ դուրս գալուց առաջ։

-Բեմում միշտ որևէ բան լինում է։ Մի գաղտնիք բացեմ, բոլորին թվում է, որ պարուհիները լուռ են, բայց իրականում բեմի վրա բոլորը խոսում են, հուշում իրար քայլերը։ Բավական է մի փոքր մոտ լինել և կլսեք, թե ինչ աղմուկ է, որը սկզբում օգնում էր հիշել քայլերը, իսկ հետո սկսում է խանգարել։ Եղել է, որ բեմ դուրս գալուն հաշված րոպեներ էին մնացել, բայց դեռ պատրաստ չէի, քանի որ դիմահարդարը մեկն էր, իսկ հերթում դեռ շատ պարուհիներ կային։ Բայց այս ամենը փոքրիկ փորձություններ են։ Ես գտնում եմ, որ նման փորձությունները պետք են կյանքում, քանի որ, դրանք հաղթահարելով, մենք նոր աստիճանի ենք բարձրանում։

Էլիզա Գալուստյան

3-րդ կուրս

Կիսվել