Մարտի 20-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ գրող, գրականագետ Սոնա Վանյանի «Մարդը և մարտը» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը։ Երիտասարդ գրողի պատմվածքների ժողովածուն նվիրված է 2020 թվականի արցախյան 25 հերոս հայորդիներին։
–Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիք գրել «Մարդը և մարտը» ժողովածուն։
-Ես աշխատում էի որպես լրագրող և պատերազմական թեժ օրերին, երբ ամեն օրը բերում էր հերոսների նոր անուններ, հոդվածներ էի պատրաստում նրանց անցած ուղու մասին և արդեն իսկ գիտակցում, որ հոդվածները այս օրերին են արդի, հետո՝ կմոռացվեն։ Այսպես ծնվեց այնպիսի գիրք ստեղծելու գաղափարը, որտեղ ոչ թե կստեղծեմ նոր գրական հերոսներ, այլ՝ պատերազմում անմահացած տղերքին կդարձնեմ գլխավոր հերոս։ Գրքի խորհուրդն ու նպստակն է՝ անմահացնել նրանց պատմությունը, ովքեր կերտեցին մեր պատմությունը։
-Իսկ ինչպե՞ս ընտրեցիք 25 հերոսներին:
-Հերոսներին ոչ թե ես, այլ իմ մուսան է ընտրել։ Ծանոթանում էի պատմությանը, և եթե մտքումս արդեն իսկ գծագրվում էր պատմվածքի սյուժեն՝ ընթացք էի տալիս։
-Մեկ հերոսին անդրադառնալու համար Դուք աշխատում էիք շատ երկար, իսկ եղե՞լ են պահեր, երբ գիրքը գրելիս դժվարացել եք ինչ-որ հարցերում։
-Նախքան հերոսի պատմությունը գրելը, 1 օր ուսումնասիրում էի համացանցում առկա նյութերը, ապա կապ հաստատում ծնողների հետ, ծնողների միջոցով էլ գտնում հերոսի հետ սերտ առնչություն ունեցող անձանց։ Եվ պատկերացրեք, այն տեղեկությունները, հուշերը, որ պետք էին լինում ինձ՝ հաճախ չէր լսվում արցունքների հեղեղի մեջ։ Հաճախ անջատել եմ հեռախոսը, որ իրարից հեռու լաց լինենք ու նորից սկսենք զրույցը։ Անծանոթ տղաները հանկարծ դառնում էին իմը, դառնում էին անչափ հարազատ, որոնց չեմ տեսել, բայց կարոտում եմ, որոնց չեմ գրկել, բայց արդեն սիրում եմ։ Սկսել եմ գրել հոկտեմբերի սկզբից՝ պատերազմի ամենակուլ ու թեժ օրերին։ Գրքի նախապատրաստական աշխատանքները տևել է շուրջ 6 ամիս: Երբ հարազատներիս ասում էի, որ շատ դժվար է սկսածս գործը, ինձ թվում է չեմ հաջողի, ասում էին՝ մի՛ գրիր, մի՛ տանջիր քեզ։ Հետո հասկանում էի, որ իմ սկսած գործը անհամեմատելի հեշտ է այն գործի դիմաց, որ արեցին տղերքը։
-Ինչպե՞ս ծնվեց վերնագիրը։ Ո՞րն է նրա խորհուրդը։
-«Մարդը և մարտը» ժողովածուում առաջինը վերնագիրն է ծնվել, որովհետև գիտակցում էի, թե մարդը ինչպիսի բարոյական վեհ արժանիքների կրողը պիտի լիներ, իր կյանքը թողած ընկերոջը փրկելու համար, ընտանիքն ու երեխային թողած մարտի դաշտ մեկնելու համար, վիրավոր ու հիվանդ, բայց դարձյալ ուղղությունը՝ ռազմադաշտ։
-Գիրքը կունենա՞ շարունակություն։
-Ես հավատում եմ, որ իմ այս օրինակը կստանա շարունակական բնույթ, մեր հերոսներին անմահացնելու գաղափարը կդառնա շատերի ցանկությունը։ Իմ նախաձեռնությունը ևս նպատակ ունի դառնալ շարունակական՝«Մարդը և մարտը 2» ժողովածուն կանդրադառնա մեր այն հերոսներին, որոնք վերադարձան կիսատված ապրելու, իսկ «Մարդը և մարտը 3» ժողովածուն դարձյալ կանդրադառնա մեր նահատակված հերոսներին։ Արդեն իսկ մեկնարկել են 2-րդ գրքի աշխատանքները, այն հավանաբար պատրաստ կլինի ամռանը, մյուսը՝ մինչև ձմեռը։
Լուսանկարները՝ Սոնա Վանյանի ֆեյսբուքյան էջից
Մերի Սահակյան
2-րդ կուրս