Ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին Նեմրայի հետ

Ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին Նեմրայի հետ

1467

2012 թվականին կազմավորված Նեմրա ռոք խումը, բացի համահեղինակային երգերից, հանդես է գալիս նաև հայկական ժողովրդական երգերի սեփական մեկնաբանություններով:

2018 թվականին «NEMRA»-ն, մասնակցելով «Ծիծեռնակ 2018» ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը, արժանացել է «2017 թվականի Լավագույն ռոք խումբ» մրցանակին։ Մրցանակներից մեկն էլ` “Phoenix”-ը, ստացել է Թբիլիսիում Caucasian Music Awards-ի ժամանակ մրցանակը:

Նեմրա խմբի անդամներն են Վան Եղիազարյանը, Վասպուր Եղիազարյանը, Մառեկ Զաբորսկին և Մարիաննա Կարակեյանը, ում հետ էլ այսօր զրուցեցինք:

Մարիաննա, կարո՞ղ եք մեկ բառով բնութագրել Նեմրա խմբի մյուս անդամներին:

-Վան – արտիստ

Վասպուր – փիլիսոփայություն

Մառեկ – վարպետ

-Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պակասում Նեմրային:

-Համաշխարհային մակարդակի պրոդյուսեր կամ լեյբլ։

-Նեմրան տարբերվում է, քանի որ…

-Խմբի անդամները տարբեր, վառ անհատականություններ են, մելոմաններ, տարբեր  երաժշտություններ սիրող։ Քանի-որ մեր ստեղծագործությունը  հիմնված է անկեղծության,  միջազգային սիրված արտիստների և հայկական երաժշտության համադրության վրա։

-Ըստ Ձեզ՝ ինչի՞ շնորհիվ է, որ մարդիկ սիրում ու լսում են ձեր երաժշտությունը:

Կարծում եմ, որ մարդիկ լսում են մեր երգերը, որովհետև ամեն մեկն իրեն գտնում է մեր երգերից առնվազն մեկում, կամ մի քանիսում, իսկ գուցե բոլորում…

Ինչպե՞ս եք ընտրում, թե հայկական որ երգը պետք է ալտերնատիվ տարբերակով ներկայացնեք:

-Առաջին հերթին, երաժշտական էթիկայից ելնելով, ընտրում ենք այն երգը, որը չի կատարվել Հայաստանում նույն ժանրի այլ արտիստների կողմից։  Հետո արդեն ընտրում այն երգը, որը մենք ինքներս սիրում ենք, ու հասկանում, որ մեր կատարմամբ և գործիքավորմամբ այդ երգը գեղեցիկ և համով կհնչի:

Նեմրայի ո՞ր երգն եք ամենից շատը սիրում կամ առանձնացնում, ինչու՞:

-Այս պահին ամենասիրելին է “Room 11”-ը, որովհետև անբացատրելի, ինձ միշտ կախարդող էներգիա ունի իր մեջ։

Համոզված եմ, որ երկրպագուներին միշտ էլ հետաքրքիր է, թե ինչպես են ստեղծվում իրենց ամենասիրելի երգերը: Կներկայացնե՞ք մի երգի ստեղծման պատմություն:

-Երբ 2011-2012 թթ. սովորում էի Լեհաստանում, Պոզնանի փողոցներում քայլելիս, ժամանակ առ ժամանակ ինձ այցելում էր մի երաժշտական մոտիվ։ Երգում, ձայնագրում էի հեռախոսիս վրա ու մոռանում։ 2014թ.-ի գարնանը, երբ քայլում էի Երևանի փողոցներով, ինձ կրկին այցելեց այդ մոտիվը։ Էլի ձայնագրեցի հեռախոսիս մեջ, բայց էս անգամ մոտիվն ու էմոցիան էնքան ուժեղ էին, որ միայն ձայնագրությամբ չէին ուզում սահմանափակվել։ Մտա Երիտասարդական մետրո, նստեցի նստարանին, այնտեղ, որտեղ սպասում ենք գնացքներին, ու սկսեցի գրել բառերը։ Շատ արագ գրվեցին՝ մի գնացքից հետո մյուսին սպասելու արանքում։

Հետո եկա տուն, վազեցի դաշնամուրի մոտ, ձայնագրեցի ու ուղարկեցի տղաներին։ Դեռ չգիտեի, թե երգի վերնագիրն ինչ է լինելու։ Բայց արդեն փորձին Վասպուրի առաջարկով վերնագրեցինք երգը՝ “Last Chance To Love”:

Ձեր զգացողությունները բեմի վրա, երբ երգում եք ու տեսնում մարդկանց, ովքեր այդտեղ են ձեզ լսելու համար:

-Այդ պահին միշտ այցելում է ինձ այն միտքը, որ ճիշտ տեղում ենք, ճիշտ ժամանակին ու ճիշտ ու սիրուն մարդկանցով շրջապատված:

Ի վերջո, ինչպիսի՞ն է Մարիաննա Կարակեյանը Նեմրայից դուրս:

-Մարդ է, ով աննդհատ խելահեղ վազքի մեջ է գտնվում։ Ու հենց Նեմրայի շնորհիվ է կարողանում ի վերջո կանգ առնել, կտրվել վազքից ու հանգիստ շունչ քաշել։

Լուսանկարները՝  Նեմրա խմբի ֆեյսբուքյան էջից

Լուսինե Գուլյան

2-րդ կուրս

Կիսվել