Բուսակերություն. միս ուտե՞լ, թե՞ չուտել

Բուսակերություն. միս ուտե՞լ, թե՞ չուտել

1024

Մսից և կենդանական ծագման այլ սննդատեսակներից հրաժարվողների թիվն աշխարհում օրըստօրե աճում է, ինչը սննդաբանների և լայն հասարակության շրջանում իրարամերժ քննարկումների տեղիք է տալիս։ Արդյունքում հարց է ծագում. «Միս ուտե՞լ, թե՞ չուտել»:

Դիետոլոգ Հասմիկ Աբովյանի խոսքով՝ երեխաներին և մինչև 15-16 տարեկան դեռահասներին, ինչպես նաև հղիներին բուսակերությունը խստիվ արգելվում է։ Մասնագետը նախազգուշացնում է, որ բուսակերությունը կարող է հանգեցնել երեխայի հորմոնալ ֆոնի խանգարումների սեռական հասունացման ժամանակահատվածում, իսկ հասուն տարիքում` անպտղության։

«Եթե մայրը հղիության ժամանակ նախընտրում է բուսակերություն, իսկ հետագայում կերակրում է երեխային միայն բուսական ծագման ուտելիքով, ապա երեխան անպայման անառողջ և դեպրեսիվ է մեծանալու, տարեկիցների համեմատ ավելի կարճահասակ»,– ասում է բժիշկը։

Դիետոլոգը նաև թյուր անվանեց այն կարծիքը, որ բուսական սննդի անցնելն օգնում է նիհարել։ Նա նշեց, որ կենդանական ծագման մթերքները պարունակում են սպիտակուցներ, և դրանք ցածր կալորիական են, այդ պատճառով մեկ կտոր ոչ ճարպոտ միս ուտելուց հետո հագեցվածության զգացողությունն ավելի երկար է մնում, քան մրգերից և բանջարեղենից հետո։

«Մարդը շաբաթական առնվազն երկու անգամ պետք է ուտի 150-300 գրամ կարմիր միս, ինչը բավարար է անեմիայից խուսափելու համար։ Բայց կենդանական ճարպի չափազանց օգտագործումը նույնպես վտանգավոր է առողջության համար»,– ասաց Աբովյանը։

Գոյություն ունեն բուսակերների մի քանի տեսակներ: Առաջին խմբի ներկայացուցիչները «վեգաններն» են, ովքեր իրենց սննդակարգում խիստ սահմանափակումներ են մտցնում եւ սննդակարգից իսպառ բացառում են կենդանական ծագման մթերքը: Երկրորդ խմբի ներկայացուցիչները լակտոբուսակերներն են, ովքեր սննդակարգում ներառում են նաև կաթնամթերքը, ձուն:

«Որոշ մարդիկ դառնում են բուսակերներ` ելնելով այն մտքից, որ կենդանիներին չպետք է մորթել: Այս առումով կան հավատամքի արդյունքում այդ ճանապարհն ընտրած բուսակերներ»,- բացատրեց դիետոլոգը:

Այնուամենայնիվ, մասնագետները կարծում են, որ առողջ սնունդը ենթադրում է և կենդանական, և բուսական բաղադրատարրեր: Սննդի օրակարգն անհրաժեշտ է ընտրել մարդու կյանքի տվյալ ժամանակահատվածի այս կամ այն նյութերի անհատական պահանջարկի հաշվարկով: Բուսական սննդակարգը չի կարող օգտակար լինել բացարձակապես բոլորի համար:

Ամենից շատ բուսակերներ կան երկու տարիքային խմբերում, որոնք են` 16-24 և 55-64 տարեկան մարդիկ։ Որպես կանոն, երիտասարդներն ավելի հոգատար են կենդանիների հանդեպ և չեն ուզում նույնիսկ անուղղակի առումով «մասնակից» լինել վերջիններիս սպանդին։ Ինչ վերաբերում է տարեցներին, ապա նրանք ավելի շատ հոգ են տանում իրենց առողջության մասին։

Բուսակեր Նարեն, ով իսպառ բացառում է կենդանական ծագման մթերքը` օգտագործելով միայն բանջարեղեն, միրգ, հատիկավոր և այլ բույսեր, ասում է , որ Նույնիսկ կաթնամթերքի ստացման ժամանակակից տեխնոլոգիաները, ըստ նրա, իրականացվում են կենդանիների շահագործման հաշվին, ինչը խախտում է բուսակերության հիմնական կանոնները։

«Կենդանու քաշն ավելացնելու և մի շարք հիվանդությունների դեմ պայքարելու նպատակով անասնաբույժները հաճախ նրանց հորմոնալ միջոցներ են տալիս, տարբեր պատվաստումներ են կատարում և հակաբիոտիկներ ներարկում, որոնց ազդեցությունը մարդկային օրգանիզմի վրա, որպես կանոն, հաշվի չի առնվում։ Շատ հաճախ մարդու մոտ վարակիչ հիվանդությունների պատճառ կարող են դառնալ կենդանական ծագման սննդի օգտագործումը»,- նշում է Նարեն։

Բժշկական գրականությունը պնդում է, որ չարորակ նորագոյացությունների առաջացումը ինչ-որ չափով պայմանավորված է մսի, ձվի, պանրի և կենդանական ծագում ունեցող ճարպերի ու սպիտակուցների չարաշահմամբ։ Որոշ տվյալների համաձայն` շաբաթական մեկ անգամ տավարի, խոզի կամ ոչխարի միս ուտելը աղիների քաղցկեղով հիվանդանալու հավանականությունն ավելացնում է 40%-ով, իսկ շաբաթական 5-6 անգամ ուտելու պարագայում այդ հավանականությունն ավելանում է 80%-ով։

Այնուամենայնիվ, ժամանակակից սննդաբանությունը, հիմնվելով ֆիզիոլոգիայի և բիոքիմիայի դասական հետազոտությունների վրա, խորհուրդ է տալիս սնվել թե՛ բուսական և թե՛ կենդանական ծագման սննդամթերքով։

Կարինե Ավետիսյան

4-րդ կուրս

Կիսվել