«Դիետան դրական կողմեր չունի». բժիշկ-սննդաբան

«Դիետան դրական կողմեր չունի». բժիշկ-սննդաբան

924

20 ամյա Մանեն երազում է ֆոտոմոդել դառնալ, բայց ինչպես ինքն է նշում, 98 կգ քաշի պատճառով նրան ոչ ոք այդպիսի հնարավորություն չի տա. «Տասներեք տարեկանից երազում եմ մոդել դառնալու մասին, բայց հասկանում եմ, որ 98 կգ քաշ ունեցող, գեր աղջկան ոչ ոք նման հնարավորություն չի տա։ Երեք տարի առաջ ուժ հավաքեցի և որոշեցի նիհարել։ Գերնպատակս էր 1 ամսում նիհարել 15կգ։ Շատ դիետաներ փորձեցի, նույնիսկ օրերով հաց չէի ուտում, միայն ջուր էի խմում, որովհետև լսել էի, որ այդպես շատ արագ քաշ կկորցնեմ։ Երկու շաբաթ անց ես 6 կգ նիհարել էի և աշխարհի երջանիկն էի։ Չանցած մեկ ամիս, դադարեցի դիետա պահել, իսկ դրանից հետո զգացի, որ քաշ կորցնելու փոխարեն ավելի շատ եմ սկսել գիրանալ։ Պատճառն այն բոլոր սխալ դիետաներն էին, որոնք ես փորձել էի առանց մտածելու»:

Մանեն պատմում է, որ դիետա պահելու ժամանակ հաճախ է սրտխառնոց և գլխապտույտ ունեցել, մեկ-երկու անգամ ուշագնաց է եղել, բայց էլի շարունակել է խիստ սննդակարգ պահել։ «Մայրս շատ բարկացավ, երբ իմացավ, որ ուշագնաց եմ եղել, ստիպեց գնալ բժշկի։ Մի քանի հետազոտություն անցնելուց հետո պարզ դարձավ, որ երիկամային քարեր են առաջացել, նաև ճնշումս էր ընկել։ Այսպիսով, վերջ դրվեց իմ դիետաների պատմությանը»։

Բժիշկ-սննդաբան Նարինե Հարությունյանի հավաստմամ՝ նիհարեցնող նյութերը, դիետաներն ու սարքերը, որոնք կարճ ժամանակահատվածում զգալի արդյունք են ապահովում, վտանգավոր են առողջության համար. «Գիրությունն արագ չի բուժվում, նախ պետք է հասկանալ դրա պատճառները։ Նիհարելու գլխավոր մոտիվացիան պետք է առողջությունը լինի, ոչ թե մեկ շաբաթում 5 կգ նիհարելով գեղեցիկ մարմին ունենալու մոլուցքը։ Ոչ ոք չի գիրանում մեկ շաբաթում կամ մեկ ամսում, հետևաբար այդքան կարճ ժամանակահատվածում շատ կիլոգրամ կորցնելը միայն դիետայի հաշվին, միֆ է։ Դիետան դրական կողմեր չունի, եթե չկա առողջ ապրելակերպ»։

Հարցի շուրջ զրուցեցինք նաև ֆիթնես մարզիչ Աննա Մանուչարյանի հետ։ Ըստ նրա, պետք է մոռանալ մի քանի շաբաթում 10+ կգ նիհարեցնող դիետաների մասին, որովհետև դրանք ժամանակավոր են. «Պետք է մոռանալ ժամանակավոր դիետաների մասին։ Դրանց դադարեցումից հետո քաշը վերականգնվում է։ Պետք է պարզապես առողջ սնվել, ճիշտ ժամերի սնվել, մարմնամարզությամբ զբաղվել և ամենակարևորը՝ քունը կիսատ չթողնել։ Պետք է առաջին հերթին սիրես քեզ ու քո մարմինը, հետո մտածես այն գեղեցկացնելու մասին՝ համբերատարությամբ և սիրով»։

Նարե Բաբերյան

3-րդ կուրս

Կիսվել