Հարութը (նրան բոլորը այդպես են կոչել) ծնվել է Արագածոտնի մարզի քաղաք Թալինում, 2000 թվականի սեպտեմբերի 9-ին։ Նրան բոլորը շատ են սիրել։ Ամբողջ Թալինում չեք գտնի որևէ մեկին, ով վատը կխոսի նրա մասին։ Հարութը շատ էր սիրում իր ծննդավայրը, հայրենիքը։ Թալինի մասին հպարտությամբ էր խոսում, միշտ ասում էր՝ Թալինս։ Ինքը Թալինինն էր, Թալինը՝ իրենը։ Հիմա ողջ Թալինն է հպարտությամբ ու կարոտով խոսում նրա մասին։
Հարութենց տան դիմաց մեզ դիմավորում է փոքրիկ կատուն։ Տան ներսի սեղանի կողքին կա պահարան, որի վրա դրված են Հարութի նկարները, նրա հետ կապված իրերն ու թարմ ծաղիկներ՝ վարդագույն վարդեր ու կարմիր գերբերաներ։ Հարութը, նկարներից մեկում Հայաստանի դրոշի առջևից ժպտում է։ Մայրն ասում է, որ շատ է սիրում այդ նկարը. կարծես իրական լինի ու նկարից աչքերով խոսել ուզի։
Հարութի մանկությունը ուրախ է անցել։ Ծնողներն ամեն ինչ արել են, որ իրենց տղան ոչնչի պակաս չունենա։ Հարութի ծնված օրից սկսած՝ մայրը ալբոմ է պատրաստել որդու մասին ու որդու համար (ուզում էր, որ Հարութը իմանա՝ ինչպես է մեծացել)։ Ալբոմում նշված է Հարութի ծննդյան ժամը, քաշը, հասակը, թե երբ է առաջին անգամ ժպտացել, արձագանքել իր անվանը, որոնք են եղել նրա առաջին բառերը, երբ է բարձր ծիծաղել և այլն։ Հարութի մայրիկը՝ Լուսինեն, մեծ հաճույքով է պատրաստել ալբոմը և անգամ պահել է որդու մայրական մազերից մի փոքրիկ փունջ։
Հարութի անունը՝ Հարություն, ընտրել է նրա Անահիտ հորաքույրը։ Տղան մանկուց շատ ժպտերես է եղել և միշտ դրական էներգիա է տարածել իր շուրջը։ Շատ է սիրել նկարվել (այդ սերը պահպանվել է նաև այն ժամանակ, երբ մեծացել է)։ Ընտանիքը ուրախ է, որ իրենց Հարութը շատ է սիրել նկարվել. նրանք մտածում են, որ այդ նկարներն էլ են իրենց հիմա ապրեցնում։ Հարութը նաև կամակոր է եղել փոքր տարիքում։ Մայրը ծիծաղով ու կարոտով լցված աչքերով է հիշում՝ ինչպես է գիշերը, բավական ուշ ժամի հորը համոզել, որ գնա ու իրեն գնի խաղալիք ատրճանակ։ Ծնողներն ասել են, որ համբերի, առավոտյան կգնեն, բայց Հարութը համառել է և հենց այդ պահին է ուզել։ Հետաքրքիրն այն է, որ նրան հաջողվել է համոզել ծնողներին ու ստացել է իր ուզածը։
Հարութի ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան՝ Սոչի, երբ նա 1 տարեկան էր։ Մայրը մտածում է՝ տեսնես ինչպես կդասավորվեր իրենց կյանքը, եթե մնային, չգային. մտածում է, որ գուցե որդին ողջ լիներ։ Հարութը հիմա էլ է ողջ. նա ապրում է իր հարազատների սրտերում ու հիշողություններում.
«Ես ուրախ եմ, որ Հարութ եմ ունեցել, ես հիմա էլ ունեմ Հարութիս»,- ֊ժպիտով նայելով որդու նկարին՝ ասում է մայրը։
Հարութը սովորել է Թալինի թիվ 1 հիմնական դպրոցում։ Դասընկերներն ու ուսուցիչները ասում են, որ նա համեստ տղա էր, երբեմն ամաչկոտ, ոչ ոքի չէր նեղացնի։ Ժպտերես Հարութը միշտ տունն ու ընկերական շրջապատը ուրախությամբ ու աշխուժությամբ է լցրել, սիրել է հետաքրքիր պատմություններ պատմել։ Բոլորը փաստում են այն մասին, որ նա շատ բարի սիրտ ուներ։ Անկախ այդ ամենից, մանկությունից սկսած իր խոսքից հետ չէր կանգնում։
Հարութը միշտ շուտ է քնել (հիմնականում 21։00-ին) ու վաղ արթնացել (05։00-06։00)։ Ընտանիքը հիշում է, որ վաղ էր արթնանում ու սկսում խաղալ իր սիրելի համակարգչային խաղը (Tanki online): Նա շատ էր ուրախանում այդ խաղում ունեցած իր հաջողություններով ու մի փոքր բարկանում էր, երբ իրեն խանգարում էին։ Համակարգիչների նկատմամբ ուներ մեծ սեր և դրա համար էլ ուզում էր ծրագրավորում սովորել։ Հիմնական դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Արագածոտնի տարածաշրջանային պետական քոլեջի ծրագրավորում բաժինը։
Շատ հետաքրքրություններ ունեցող Հարութը մեծ սեր ուներ նաև ֆուտբոլի նկատմամբ։ Նա «Արսենալ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներից էր։ Ընտանիքը պատմում է, որ ֆուտբոլի նկատմամբ սերը Հարութի մոտ առաջացրել է հայրը։ Ֆուտբոլային խաղերը բաց չի թողել և սիրել է դիտել հոր հետ։ Մայրը պատմում է, որ ֆուտբոլային խաղերը դիտելիս երբեմն քնել է, հանկարծակի արթնացել ու քնաթաթախ աչքերով միանգամից հարցրել խաղի հաշիվը։ Ֆուտբոլասեր Հարութը խաղացել է Թալինի ֆուտբոլային թիմում։
Հարութն ուներ քույր, ում շատ էր սիրում։ Քույրը, Հարութի հետ փոքրիկ վեճերը հիշելիս, ժպտում է. ժպիտը շատ նման է եղբոր ժպիտին։ Հարութը շատ է սիրել համեղ ուտել, սիրել է քաղցրեղեն (մայրը նաև հիշեց, որ իր պատրաստած նրբաբլիթները , դեռ ամբողջովին չպատրաստած վիճակում, տղան ուտում էր)։ Նա շատ է սիրել կրուասաններ, հաճախ է գնել և միայն մեծ մասը ուտելուց հետո է փոխանցել քրոջը։ Հարութի ու քրոջ փոքրիկ վիճաբանությունները եղել են այդպիսի հարցերի շուրջ։ Չնայած իրենց փոքրիկ վեճերին՝ Հարութը շատ էր սիրում քրոջն ու միշտ պաշտպանում էր, երբ նախատում էին նրան։ Իսկական եղբայր էր. քույրը նրա պակասը շատ է զգում։ Քրոջ՝ Վիկայի դպրոց հաճախելու ժամանակ, մայրը տղային ասել է, որ ուշադիր լինի քրոջ նկատմամբ ու դասի գնալիս ձեռքը բաց չթողնի։ Վիկան ժպիտով, բայց աչքերի մեծ տխրությամբ է հիշում, որ եղբայրը մինչև 5-րդ դասարան ձեռքը բաց չի թողել։ Մի օր, երբ հարևաններից մեկը տեսել է, որ Հարութը քրոջ ձեռքը չի բռնել, զարմացած հարցրել է՝ ինչո՞ւ։ Բոլորն էին նկատել Հարութի մեծ սերն ու հոգատարությունը քրոջ նկատմամբ։
Հարութի մանկությունն ու պատանեկությունն արագ ու թեթև են անցել ընտանիքի համար։ 2019 թվականին արդեն բանակ զորակոչվելու ժամանակն էր։ Զորակոչը հունվարի 17-ին էր։ Հարութը մեծ ուրախությամբ է զորակոչվել բանակ և զինվորական ծառայության է անցել Ջրականում։ Նա մեծ պատասխանատվությամբ է մոտեցել ծառայությանը, ամեն ինչ արել է մեծ սիրով ու առանց դժգոհությունների։ Հայրենիքը միշտ վեր է դասել ու ծառայելը համարել է իր պարտքը. նրա պարտքը շատ թանկ նստեց հարազատների վրա։
Չնայած նրան, որ ծառայել է մեծ սիրով, շատ է կարոտել ծննդավայրն ու հարազատներին, միշտ հաշվել է՝ քանի օր է մնացել իր տուն գալուն։ Ապագայի նկատմամբ մեծ հույսեր է ունեցել, սիրել է կյանքը։ Հարութը մտածել էր, որ երբ ավարտի ծառայությունը, գնելու է ավտոմեքենա (նա շատ էր սիրում ավտոմեքենաներ), Թալինում ավտոլվացման կետ է բացելու, շարունակելու է ուսումը Արագածոտնի մարզի տարածաշրջանային պետական քոլեջում ու հետագայում ընդունվելու է համալսարան։ Բանակային օրերը ծանր էին թվում ընտանիքին, բայց որդու համար ծառայողական կյանքում միայն խնդիր էր կարոտը։
Նա շատ էր աղոթում և շատ էր հավատում Աստծուն։ Մոր հետ բանակից խոսելիս, միշտ հարցրել է՝ գնացե՞լ է եկեղեցի, թե՞ ոչ։ Մայրը պատմում է, որ Հարութը մեծ ցանկություն է ունեցել իր բանակային ընկերների հետ փոքրիկ մատուռ կառուցելու։ Խնդրել է, որ հենց սկսեն կառուցել, հայրը երկաթե խաչ գնի ու ուղարկի իրենց մոտ։ Մատուռը չկառուցվեց. չհասցրին։
Սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան պատերազմը։ Զինակից ընկերները պատմել են, որ Հարութը երբեք չի երկնչել ու կռվել է ժպիտը դեմքին։ Նա մասնակցել է Ջրականի, Հադրութի և Վարանդայի պաշտպանական մարտերին, օգնել է վիրավոր ընկերներին։ Պատերազմի օրերին հարցրել է՝ ինչ են խոսում այդտեղ, երբ է վերջանալու պատերազմը։ Չնայած այդ հարցերին, Հարութը միշտ ուրախ ձայնով է խոսել հարազատների հետ, միշտ ասել է, որ շատ լավ է ու անհանգստանալու կարիք չկա։ Նա չի տրտնջացել և միայն խնդրել է աղոթել իր համար։ Հարութն այնքան համոզիչ է խոսել, որ տանը մտածել են՝ ապահով վայրում է։
Հարութի և մոր վերջին խոսակցությունը եղել է հոկտեմբերի 18-ին։ Մայրը թախիծն աչքերում է հիշում այդ խոսակցության մասին։ Պատմում է, որ այդ օրը տղան հարցրել է ամսաթիվը, որ հաշվի թե իր տուն գալուն ինչքան է մնացել։ Մայրն էլ սխալմամբ ասել է, որ հոկտեմբերի 21-ն է. կողքից հայրն է հիշեցրել ճիշտ ամսաթիվը։ Հոկտեմբերի 21-ին Հարութը զոհվել է։ Զոհվել է դիպուկահարի կրակոցից, Վարանդայում, երբ փորձում էր փրկել զինակից ընկերոջ կյանքը։ Նա իր խիզախության համար արժանացել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի։
Մայրը, երբ իմացել է որդու զոհվելու օրը, շփոթվել է, մեծ զարմանք ապրել ու մտածել՝ ինչու էր հենց այդ օրը նշել իրենց վերջին խոսակցության ժամանակ։ Հարութի մարմինը ընտանիքը գտել է փետրվարի 8-ին։ Ասում է, որ մտածում էր՝ էլ չեն կարող ապրել Հարութից հետո, բայց զգում է, որ գերբնական մի ուժ իրենց ապրեցնում է. մտածում է, որ Հարութն է երկնքից ընտանիքին ուժ տալիս։ Տատը լսում է մեր խոսակցությունն ու հոգոց հանում։
Հարութին փնտրել են ամիսներ շարունակ։ Մտածել են՝ գուցե գերի է։
Այդ ընթացքում մայրը հաճախ է երազներ տեսել։ Մի օր էլ, երազում իրեն հայտնել են, որ տղան զոհվել է։ Երազի մասին պատմել է միայն մեկին, քանի որ վախեցել է, որ իրականություն կդառնա։ Հիմա ցավով է նշում, որ իր երազներում էլ հաճախ չի տեսնում որդուն։
Հիշողությունները հիմա իր դեղերն են։ Ժպիտով է հիշում՝ ինչպես է Հարութը պաշտպանել իրեն ընտանեկան փոքրիկ վեճերի ժամանակ («մե՛րս, քո կողքն եմ»)։ Մայրը սիրում է խոսել Հարութի մասին։ Իսկ հայրը լուռ է տանում որդու կորստի ցավը. նա սկսել է ավելի շատ ծխել։
Հարութը շատ սիրված է եղել շրջապատում։ Ընկերներից մեկը՝ Հմայակը, Հարութի մասին խոսելիս ասում է, որ Հարութը անշահախնդիր էր ու անվախ։ Նա շատ նվիրված ընկեր էր ու միշտ բոլորի մասին մտածում էր։ Հմայակի հետ խոսելիս Հարութն ասել է՝ չմտածի, գալու է ու մի լավ քեֆ անեն. Հարութը չեկավ։ Հմայակը շատ ծանր է տարել ընկերոջ զոհվելու մասին լուրը.
«Մնացի Հարիցս կարոտ»,-֊ասում է ընկերը։
Հարութը շատ կապված էր նաև Համլետի հետ։ Համլետը հպարտությամբ է խոսում ընկերոջ մասին, ասում է, որ շատ լավ ընկեր էր ու մարդ տեսակ։ Նա միշտ հավատարիմ էր իրենց ընկերությանը։ Համլետը հիշում է, որ շատ աղջիկներ իր հետ խոսել են նրա համար, որ կապ հաստատեն Հարութի հետ։ Ասում է, որ աղջիկների կողմից շատ սիրված էր, և միշտ յուրահատուկ ուշադրության էր արժանանում։ Չնայած դրան՝ Հարութը մեկ ուրիշի էր հավանում ու ամեն անգամ մոր հետ խոսելիս հարցնում՝ ինչ նորություն ունի այդ աղջկանից։
Հարութի մորեղբոր աղջիկը՝ Հասմիկը, չի կարողանում հավատալ, որ նա զոհվել է։ Մտածում է, որ բանակում է ու էլի սպասում է Հարութի գալուն։ Ժպիտով է խոսում Հարութի հետ կապված հիշողությունների մասին։ Պատմում է, որ իրեն «ժարիտ» (տապակած կարտոֆիլ) պատրաստել սովորեցրել է հենց Հարութը։ Հոգոցով է ասում, որ Հարութի հետ միշտ կարողացել է կիսվել. նա միշտ հասկացել է բոլորին։ Նրա հետ վերջին խոսակցությունը եղել է Հասմիկի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 6-ին։ Շնորհավորել է ու ասել, որ ինքը լավ է, չանհանգստանան, ամեն ինչ լավ է լինելու։ Նա նաև ասել է, որ իր տվյալները թղթերի տեսքով մնացել են հակառակորդի մոտ, ու եթե հանկարծ իր անունը տեսնեն զոհվածների շարքում, չհավատան։
Հարութի անունը հիմա զոհվածների շարքում է։
Նա շատ հայրենասեր էր ու միշտ պատրաստ էր օգնել բոլորին։ Մայրը ցավով, բայց մեծ հպարտությամբ է ասում, որ երևի հենց դրա համար է զինակից ընկերը վիրավորվելիս կանչել Հարութի անունը.
«Ճիշտ է, ես հիմա ունեմ Վիկայիս, ունեմ ամուսին, տուն, ամեն ինչ ունեմ, բայց առանց Հարութիս ինձ անտեր եմ զգում»։
Հարութին բոլորը իր ժպիտով են հիշում (բացի նրանից, որ նա այտերին ուներ փոսիկներ, շատ հաճախ էր ժպտում)։ Շատերը, երբ փորձում են նրան հիշել առանց ժպիտի, դժվարանում են։
Չնայած նրան, որ Թալինը հիմա մնացել է առանց իր ժպտերես Հարութի, թալինցիների հիշողություններում նա կա և ապրում է։
Շուշան Տերտերյան
2-րդ կուրս