Ինչու՞ դեղագործը որոշեց տաքսի վարել

Ինչու՞ դեղագործը որոշեց տաքսի վարել

638

Ապրիլի 7-ի կապակցությամբ «Journalist.am»ը զրուցել  է տաքսու կին վարորդ Գոհար Վարդանյանի հետ. նա երեք տարի է՝ տաքսի է վարում։

– Ձեր առաջին  աշխատանքային օրը։

-Առաջին օրը մի քիչ դժվար էր, առաջին քայլն էի անում։ Չէի կարող պատկերացնել, թե ինչպիսի մարդկանց կարող եմ հանդիպել։ Ես ամբողջ օրը զգաստ, մի փոքր լարված, վարում էի այնտեղ, որտեղ ասում էին։ Հետո արդեն անցավ լարվածությունը։

-Ինչու՞ Հայաստանում հաճախ չենք հանդիպում տաքսու կին վարորդների։

-Հստակ չեմ կարող ասել թե ինչու, բայց կարծում եմ՝  տաքսի վարելու մեջ վատ բան չկա, այն ինձ համար հաճելի զբաղմունք է։

Ինչպե՞ս արձագանքեցին  հարազատները ձեր որոշմանը։

Անկեղծ ասած, սկզբում իրենց զարմանալի թվաց այն հանգամանքը, որ ուզում եմ տաքսի վարել, բայց հետո հասկացան, որ այդտեղ ոչ մի զարմանալի բան չկա, անգամ  իրենք հետո որոշեցին, որ կարող եմ վարել: Բացի այդ, ես ընկերուհիներ ունեմ, որ տաքսի են վարում, սկզբում ինձ հարցրին՝ կարելի՞ է վարել, թե՞ ոչ. ես իրենց էլ ասացի, որ ոչ մի ամոթալի բան չկա, հակառակը` շատ հաճելի է օրդ անցնում։

-Իսկ ուղևորները ինչպ՞ես են արձագանքում:

-Շատերն են զարմանում, որ ղեկին կին է։ Եղել են դեպքեր, երբ մոտեցել են մեքենայի դուռը բացել են, տեսել են՝ կին վարորդ է, զարմացել են ու ասել, որ սխալվել են։ Նմանատիպ դեպքեր շատ են կրկնվում։

-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել տաքսի վարելիս։

-Եթե անկեղծ, որպես այդպիսին, դժվարությունների չեմ հանդիպել։ Կարծում եմ՝ ես լավ վարորդ եմ (ծիծաղում է)։ Սկզբում մտածում էի՝ ինչպիսի՞ ուղևորներ կարող են լինել. մարդիկ տարբեր են, բայց ինձ բախտ է վիճակել հանդիպել շատ լավ մարդկանց։ Որպես կին վարորդ պետք է այնպես դրսևորես քեզ, որպեսզի սխալ կարծիք չառաջանա։ Ցավոք սրտի, Հայաստանում այդ կարծրատիպերը ոչնչացնելը այդքան էլ հեշտ չէ։ Բայց ես պետք է նշեմ, որ նման դեպքերի չեմ հանդիպել։ Ես ունեմ կին ուղևորներ, ովքեր զանգում են, որ ես կատարեմ իրենց պատվերը։

– Ձեր մասնագիտությունը

-Մասնագիտությամբ դեղագործ եմ, աշխատում եմ դեղերի ֆիրմայում և վարում եմ կորպորատիվ համակարգով։ Ես աշխատում եմ, որ էլ ավելիին հասնեմ. ինձ համար ավելի լավ է՝ ես տաքսի վարեմ, հասնեմ իմ նպատակին, քան զբաղվեմ մեկ այլ աշխատանքով ու չհասնեմ նպատակիս։

-Ի՞նչ հիշարժան դեպքեր կհիշեք։

-Մի օր, երկու տղա նստեցին տաքսին, ինչպես միշտ արձագանքը նույնն էր՝ զարմացան, որ վարորդը կին է։ Սկզբում չհավատացին, բայց հետո հասկացան, որ վարորդը ես եմ։ Սկզբում խոսում էինք, կատակներ էինք անում, ասացին՝ գնահատում են այն փաստը, որ վարորդը կին է։ Անգամ հրավիրեցին սրճարան։ Երբ պատվերը կատարեցի, կազմած գումարի քառապատիկը տվեցին. ուզում  էին, որ իրենց հիշեմ։ Մեր հայրենակիցները շատ լավն են ու բարի։ Ունեցել եմ ուղևորներ, ովքեր ինձ հրավիրել են գեղեցկության սրահ։ Ամեն դեպքում շատ հաճելի է, երբ աշխատանքդ գնահատվում է։ Մի տղամարդ նստեց մեքենաս, ասաց ոչինչ, որ կին եք, միայն թե տանից մի քիչ հեռու կկանգնեք՝ կինս չտեսնի, որ կողքիս կին է նստած։ Անկեղծ ասած՝ զարմացա։ Ասացի, որ այստեղ ոչ մի խնդիր չկա, ասում է. «Վայ, չէ, չէ, հեռու կկանգնեք», ասացի լավ, խնդիր չկա։ Մի քանի րոպե հետո, երբ կինը զանգեց, նա  ասաց, որ խնդրում եմ, հանկարծ ձայն չհանեք՝ կինս չիմանա։ Զավեշտալի դեպքերի շատ եմ հանդիպել, բայց այս մեկը յուրօրինակ էր (ծիծաղում է)։

Անուշ Ղազարյան

3-րդ կուրս

Կիսվել