Խոսե՞լ մի քանի լեզվով. շարժառիթներ և բարդություններ

Խոսե՞լ մի քանի լեզվով. շարժառիթներ և բարդություններ

1178

Օրեցօր զարգացող ու գլոբալացող աշխարհում լեզուների իմացությունը գնալով կարևորվում է: Այսօր որևէ ոլորտում կայացած մասնագետը պարտադիր տիրապետում է գոնե մեկ օտար լեզվի:

Հայաստանում ԽՍՀՄ տարիներին ամենատարածված լեզուն, բնականաբար, ռուսերենն էր, իսկ մեր օրերում կարևորվում են նաև անգլերենը, ֆրանսերենը, իտալերենը:

101 անձի շրջանում մեր կատարած առցանց հարցման մասնակիցների մեծ մասը նշել է, որ տիրապետում է 2 օտար լեզվի։ Փոքր մաս են կազմում 4-5 և ավելի լեզուների տիրապետողները:

Լեզուներ ուսումնասիրում ենք նախ դպրոցում, ուսումը շարունակելու դեպքում՝ բուհերում, շատ հաճախ էլ՝ լեզվի մասնագիտացած կենտրոններում կամ այլ անհատական պարապմունքների միջոցով: Մարդկանց մի մասն էլ նախընտրում է ինքնուրույն ուսումնասիրել որևէ լեզու: Այլ հարց է՝ որքանո՞վ են լեզուն ուսումնասիրողները կարողանում հաղորդակցվել տվյալ լեզվով:

Լեզուներ սովորելու համար տարբեր մարդիկ ունեն իրենց շարժառիթները: 11-րդ դասարանում սովորող Միլենա Ուլիխանյանն, օրինակ, նշում է, որ իրեն հետաքրքրող տեղեկությունը շատ հաճախ կարողանում է գտնել անգլերենով կամ ռուսերենով:

«Լեզուներ սովորելու երկու մոտիվացիա ունեմ. սիրում եմ ծանոթանալ օտարների մշակույթին ու սովորույթներին, ինչպես նաև ցանկություն ունեմ օրինակ լինելու շրջապատիս համար, որ նրանք էլ հետաքրքրվեն այլ լեզուներ սովորելով»,- ասում է Միլենան: Նա սիրում է նաև օտարալեզու ֆիլմեր դիտել և այդպես ծանոթանալ աշխարհին:

Իսկ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի Անի Մաշինյանը լեզուների իմացությունը կարևորում է հետագայում աշխատանքային միջավայրում դժվարություններ չունենալու առումով։ Նրա շարժառիթը հետագայում տարբեր երկրներում գործուղումների ընթացքում ազատ հաղորդակցվելն է. «Այսօր լեզուների իմացությունը կարևոր է ցանկացած ուսանողի համար: Հետագայում կամայական աշխատանք փնտրելիս սա անպայման կարևորվելու է: Ինքս սիրում եմ ճանապարհորդել, և հաճելի կլինի, երբ տարբեր երկրներում օտարերկրացիների հետ կարողանամ շփվել»:

Անին համալսարանում ուսումնասիրում է անգլերեն, ֆրանսերեն, տիրապետում է նաև գերմաներենին. «Դպրոցական ծրագիրն ինձ օգնել է գերմաներեն սովորելու հարցում: Դեռ դպրոցում ուսումնասիրել եմ լեզուն, սակայն ավելի խորը գիտելիքներ եմ ստացել անհատական պարապմունքների շնորհիվ: Իսկ մեր համալսարանում լեզուների մատուցման մակարդակը բարձր է: Երկրորդ կուրսից սկսած՝ մեր դասերն անց են կացվում անգլերենով: Ճիշտ է ՝ սկզբնական շրջանում ունեցել ենք որոշակի դժվարություններ, բայց ժամանակի ընթացքում սկսեցինք հաղթահարել»:

Զրուցեցինք նաև երևանյան լեզվի կենտրոններից մեկի համակարգող Շուշան Սարգսյանի հետ, որը ներկայացրեց դիմորդների ակնկալիքները՝ ըստ կենտրոնի տվյալների. «Ըստ պահանջարկի՝ լեզուների ցանկում առաջինն անգլերենն է, այնուհետև՝ ռուսերենը, որի պահանջարկը վերջերս աճել  և մի փոքր մոտեցել անգլերենին. սա հատկապես պատերազմից հետո»:

Կենտրոն դիմում են դպրոցականներ, բուհերի ուսանողներ, ինչպես նաև արդեն իսկ որոշակի ոլորտներում կայացած անձինք: Սակայն դիմորդների գերակշռող մասը, Շուշան Սարգսյանի խոսքով, համալսարանականներ են, որոնք կա՛մ սկսնակներ են որևէ լեզվում, կա՛մ էլ ունեն միջին, միջինից ցածր մակարդակ:

Իսկ անգլերենի մասնագետ, բանասեր, Եվրոպական համալսարանի դասախոս Շուշան Հովհաննիսյանը, իր տարիների փորձի վրա հիմնվելով, նշում է, որ ոչ լեզվաբանական ֆակուլտետներում ուսանողները գալիս են անգլերենի միջինից ցածր, նաև տարրական գիտելիքներով: Լեզվաբանական ֆակուլտետներում միջին կամ միջինից ցածր մակարդակով ուսանողներ են ունենում: Իսկ խոսելով ուսանողների ունեցած բարդությունների մասին՝  մասնագետը պատմում է. «Հիմնական բարդությունները կապված են լինում քերականության հետ: Բառապաշարի հետ շատ խնդիրներ չեն լինում, անգամ երգերի միջոցով որոշակի բառապաշար ունենում են, քանի որ սիրում են լսել անգլերեն երգեր: Իսկ քերականությանը հաճախ ուշադրություն չեն հատկացնում՝ մտածելով, որ սա պարտադիր չէ լեզուն յուրացնելու համար, և միայն որոշակի բառապաշար կուտակելով՝ ամեն ինչ կստացվի։ Դա այդպես չէ»:

Լեզվաբանը կարևորում է ուսանողների պատրաստակամությունը և համարում է, որ բոլոր բարդությունները հաղթահարելի են, եթե կա ցանկություն: Շուշան Հովհաննիսյանի կարծիքով՝ եթե որևէ լեզու սովորեն սիրելով և ոչ պարտավորված, ապա ամեն ինչ ավելի լավ կստացվի: Ըստ նրա՝ լեզվի ուսումնասիրությունը դպրոցում բարելավելու դեպքում խնդիրը համալսարան չի հասնի․ «Այն խնդիրները, որոնք մենք տեսնում ենք համալսարան նոր ընդունվածների մոտ, գալիս են դպրոցից: Եթե լեզուն մատուցվի հետաքրքիր, դասն անցկացվի ինտերակտիվ, աշակերտները հետաքրքրությամբ կներգրավվեն դասապրոցեսում: Երբ ուսուցիչը, դասախոսը մտնում է դասարան կամ լսարան, ամեն կերպ պետք է փորձի սեր ու հետաքրքրություն առաջացնել դեպի իր առարկան»:

Տաթև Ալիխանյան

2-րդ կուրս

Կիսվել