«Եթե սիրում ես ռադիոն, նա էլ քեզ կսիրի, և անպայման մեկդ մյուսիդ...

«Եթե սիրում ես ռադիոն, նա էլ քեզ կսիրի, և անպայման մեկդ մյուսիդ կգտնեք ու հաջողություն կունենաք». Ա. Թադևոսյան

966

Դերասան, պրոդյուսեր, հումորային և բազմաթիվ այլ նախագծերի հեղինակ ու սցենարիստ, հաղորդավար Արմեն Թադևոսյանը մեզ հետ զրույցում պատմել է ռադիոյում աշխատելու իր փորձից: Աշխատել է «FM 107» ռադիոկայանում` որպես գլխավոր խմբագիր և տնօրեն, ունեցել է հեղինակային հաղորդումներ, իսկ 2013 թվականից «Ռադիո Ջան» ռադիոկայանի տնօրենն է:

Ռադիոյում աշխատելը Արմեն Թադևոսյանի մանկական երազանքը չի եղել։ Երազել է լինել դերասան, և երազանքն այսօր որոշ չափով իրագործված է համարում: Իսկ ռադիոյի մասին ասում է. «Ստացվեց այնպես, որ մոտ 10 տարուց ավելի հեռուստատեսության ոլորտում փորձ ունենալով՝ 2000 թվականի սկզբին մի ռադիոկայանի (խոսքս «FM 107» ռադիոկայանի մասին է) ստեղծման գործում ներգրավվելու  առաջարկ ստացա, և 2000 թվականից մինչ օրս հեռուստատեսությունն ու ռադիոն միշտ զուգահեռ են եղել իմ կյանքում։ Ռադիոն շատ եմ սիրում, բայց ինձ համարում եմ հեռուստատեսության մարդ»:

Խոսելով ռադիոյում աշխատելու բարդություններից՝ Ա. Թադևոսյանն ասում է՝ յուրաքանչյուր ոլորտ էլ ունի իր բարդությունները, բայց և մասնավորեցնում. «Երբ դու պատրաստվում ես մտնել եթեր, առաջին կարևոր նախապայմանն է լինել անկեղծ, որովհետև եթե ինչ-որ խնդիր կամ հարց ունես, միանգամից ռադիոլսողը կընկալի: Բարդությունը հենց դրանում է. երբ ունես շատ լուրջ խնդիր ու պետք է այնպես անես, որ ռադիոլսողը դա չզգա: Առհասարակ ռադիոյում պետք է լինես անկեղծ, այլ կերպ անհնար է»:

Անդրադառնալով այսօր ռադիոյի ունեցած նշանակությանը՝ Արմեն Թադևոսյանը նշեց, որ առաջ քիչ էին ռադիոկայանները, իսկ հիմա բավականին շատացել են, և դա, ըստ նրա, այդքան էլ տեղին չէ, քանի որ մեր շուկան փոքր է: Սակայն նկատեց նաև, որ ռադիոկայանները նաև բազմազան են, և դա հնարավորություն է տալիս ռադիոունկնդրին գտնել իր ռադիոկայանն ու լսել այն, ինչ ցանկանում է: «Յուրաքանչյուր ժամանակ իր հետ բերում է իր թելադրանքը։ Նախկինում պատկերն այլ էր, քանի որ թե՛ հաղորդումներն էին տարբեր և թե՛ ռադիոլսողը»:

Հարցին, թե կա՞ արդյոք վախ, որ ռադիոն կմղվի ետին պլան, պատասխանեց. «Ռադիոն միշտ էլ կունենա իր լսարանը։ Վախ երբևէ չի եղել, քանի որ միշտ էլ կա զանգված, որին չի հետաքրքրում հեռուստատեսությունը, որը սիրում է լսել, որը սիրում է շփվել ռադիոյի միջոցով, որի ուղեկիցն է ռադիոկայանը: Շատ եմ շրջել աշխարհով ու նկատել եմ, որ նաև այլ երկրներում մեքենաների մեջ լսում են ռադիո: Վախ բացարձակ չկա, քանի որ այն միշտ էլ կունենա իր լսարանը»:

Ռադիոյում զավեշտալի դեպքերի մասին խոսելիս Արմեն Թադևոսյանը հիշում է՝ ինչպես մի անգամ ուղիղ եթերի ժամանակ «լույսերը գնացին», ու 90-ականների եթեր ստացվեց:

Ռադիոյում աշխատել ցանկացողներին մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս նպատակ դնել ու հասնել դրան՝ նախ հասկանալով, թե ինչու են ուզում աշխատել ռադիոյում: «Երբ մենք սկսել ենք աշխատել 90-ականներից, չենք ունեցել հեռուսատեսությամբ երևալու նպատակ (խոսքս հաղորդավարների մասին է): Եթե մարդ ուզում է աշխատել հեռուստատեսությունում միայն այն պատճառով, որ ցանկանում է երևալ, դա ճիշտ չէ։ Պետք է սիրել հեռուստատեսությունը, պետք է սիրել ռադիոն: Եթե դու սիրում ես ռադիոն, նա էլ քեզ կսիրի, և անպայման դուք մեկդ մյուսիդ կգտնեք ու հաջողություն կունենաք»:

Իսկ երիտասարդներին խորհուրդ է տալիս չընկճվել. «Բարդություններ կյանքի ընթացքում շատ-շատ են լինում, և պետք է անպայման հաղթահարել։ Եթե մի բան չստացվի, չի նշանակի, որ դա վերջն է, չէ՛, մեկ, երկու անգամ փորձելով՝ միանշանակ կստացվի, ու հավատացեք, որ հաստատ ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք անպայման ձեզ կաջակցեն այդ հարցում»:

Ալվարդ Բաղդասարյան

2-րդ կուրս

Կիսվել