«Դաջվածք անելը և՛ արվեստ է, և՛ հոգեբանություն»

«Դաջվածք անելը և՛ արվեստ է, և՛ հոգեբանություն»

1704

Հայաստանում դաջվածքները լայն տարածում են գտել, հատկապես` երիտասարդության շրջանում: Սակայն, նույնիսկ 21-րդ դարում  կան մարդիկ, ովքեր «վատ աչքով» են նայում դաջվածք ունեցողներին և կարծիք կազմում ՝ միայն մարմնին դաջված նկարին նայելով: Այդ բազում կարծրատիպերը իրականում անգիտակցական հիմքեր ունեն: Դաջվածք ունեցող անձինք ու հատկապես իգական սեռի ներկայացուցիչները մեր հասարակությունում հաճախ թիրախավորվում, երբեմն էլ խարանավորվում են:

«Խարանը, կամ, այլ կերպ ասած, «ստիգման» նշանակում է խտրականություն, կանխակալ վերաբերմունք, ստերեոտիպալ մտածողություն: Հին աշխարհում խարանը մարդու մարմնի վրա շիկացած երկաթով նշան թողնելն էր, որը դրվում էր ստրուկների կամ հանցագործների մաշկի վրա. դրանով նրանք տարբերվում էին հասարակությունից, ընդգծվում էր «չար ուժերի» հետ նրանց կապը: Այսպիսով,  նրանք դուրս էին մղվում սոցիումից և ինքնամեկուսանում: Ահա այն անգիտակցական կոդավորումը, որ մարդիկ հաճախ անհասկանալի պատճառներով չեն ընդունում դաջվածք ունեցողներին, կարծրատիպային մոտեցումներ են ձևավորում վերջինիս անձի շուրջ, երբեմն էլ վատ վերաբերմունքի արժանացնում»,-մեզ հետ զրույցում նշեց մեդիահոգեբան Սաթեն Գրիգորյանը:

Զրուցելով դաջվածքի մասնագետ Գագիկ Մկրտչյանի հետ՝ պարզեցինք, որ Հայաստանում և՛ կանանց, և՛ տղամարդկանց կողմից պահանջարկը մեծ է, բայց ժամանակ առ ժամանակ գերակշռում են կանայք:

Անդրադարձ կատարելով կարծրատիպային վերաբերմունքին՝ Գագիկ Մկրտչյանը նշեց, որ բոլոր տեղերում էլ դրանք կան, իսկ ինչը վերաբերում է մի օր դրանց վերանալուն, նա հավելեց. «Կարծրատիպերը կարող են մի օր քչանալ, բայց, հաստատ չեմ կարծում, որ կվերանան, որովհետև միշտ կլինեն մարդիկ, ովքեր ավելի շատ կվախենան նման քայլի գնալ, քանի որ տատու անելը լուրջ քայլ է: Մարդիկ, ովքեր վախենում են այդ քայլին գնալ, նախընտրում են քննադատել այդ քայլն անողներին: Մարդիկ շատ դեպքերում վատ կարծիք են արտահայտում տատուի մասին, քանի որ նման լուրջ քայլի գնացած մարդու հանդեպ իրենք իրենց ավելի տկար են զգում, ու զգում են մարդ, ով  նման լուրջ բան չի կարող կամ այդ խենթությունը չի կարող իրեն թույլ տալ: Մի անգամ ենք ապրում. եթե շատ ես ուզում, երկար ես մտածում, կարելի է նաև անել տատու, ինչու՞ ոչ: Մարդիկ, ովքեր վախենում են իրենց նման ազատություն տալ, իրենք միշտ քննադատում են էդ մարդկանց, որ իրենց ավելի  հանգիստ զգան»:

տատու-արտիստ Գագիկ Մկրտչյան

Քննադատություններն անխուսափելի են: Ընդամենը պետք է ժպտալ և անցնել: Անուշը դաջվածքներ ունեցող երիտասարդ աղջիկ է, ում համար արդեն սովորական են դարձել մի տեսակ հայացքներն ու քննադատությունները:

«Հայաստանում շատ եմ նկատել, որ կանայք ավելի հաճախ են քննադատում այլ կանանց և աղջիկների, ովքեր տատուներ ունեն: Իրականում, առաջին դաջվածքս, որ ունեցել եմ, ոչ մի խնդիր դրանից հետո չի եղել: Ես շատ լավ գիտեմ, որ եթե ինչ-որ մեկը իմ դաջվածքը չի սիրում, դա արդեն իր խնդիրն է, և ոչ՝ իմ: Եղել են ինչ-որ հայացքներ, նույնիսկ բարեկամներիս կողմից ոչ այնքան լավ արձագանքներ, բայց, ամեն դեպքում, եկեք հասկանանք, որ սա իմ մարմինն է»:

Անուշ Լալայան     

Մինչ գեղեցիկ նկարի ընտրությունն ու այն մարմնին դաջելու ցանկությունը՝ պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր դաջվածք իրականում հոգեբանական հիմք ունի, և յուրաքանչյուրն ընտրում է հենց այն պատկերը, որն առավել նույնական է իր անձին, հոգեբանական հատկանիշներին, հոգեկերտվածքին:

«Դաջվածք անելը երբեմն համարձակության դրևորում է, երբեմն՝ տարբերվելու մղում, հաճախ էլ ինչ-որ մեկին նմանվելու ձգտում: Այսօր դաջվածք ունենալ ցանկացողները քիչ չեն, սակայն այդ ամենն անելու համարձակություն ունեցողներն էլ շատ չեն: Կան նաև մարդիկ, ովքեր անում են դաջվածքը, հետո փոշմանում. դա նույնպես հոգեբանական խնդիրներ է առաջ բերում»,-հավելեց Սաթեն Գրիգորյանը:

Միանշանակ կան մարդիկ, ովքեր պահի ազդեցության տակ դաջվածք են անում, սակայն տևական ժամանակ անց՝ փոշմանում:

«Շատ կարևոր է հենց տատու-արտիստի դերը, ով առաջին հերթին պետք է լինի հոգեբան, որ անծանոթ մարդու մեջ արագ տեսնի էն գծերը, էն բնավորությունը, ինչը  որ կխանգարի իրեն հետագա մեր՝ տատուի առումով փոշմանելուն կամ չփոշմանելուն: Այսինքն՝ միանգամից պետք է տեսնել, ճանաչել ու հասկանալ անծանոթ մարդու հետ ոնց շփվել, ինչ խորհուրդ տալ. շատ բան կախված է հենց տատու արտիստից՝ որպես հոգեբան: Ու շատ կարևոր է, որ դաջվածք անողը հասկանա էն մարդկանց, ովքեր որ շատ արագ փոշմանող են, փորձի հակառակ բաներ ասել. ստուգի՝ ինչքանով է վերջնական իր որոշումը, ինչքանով է ինքը համոզված դա անելու մեջ, նոր սկսեն անել: Պարզապես գումար աշխատելու համար ամեն պատահական մտած մարդուն ուղղակի ասել՝ հա՛, իհարկե, նստի՛ր տատու անեմ, ես դա չեմ ընդունում, չեմ հարգում, որովհետև շատ ավելի լուրջ եմ վերաբերվում էս արվեստին, որը որ և՛ արվեստ է, և՛ շատ մեծ հոգեբանություն»,-պարզաբանեց Գագիկ Մկրտչյանը:

Հաճախ փոշմանում են այն մարդիկ, ովքեր իրենց մարմնին դաջել են անուններ: Տատու-արտիստը խորհուրդ չի տալիս, որովհետև փոշմանելուց հետո այն կա՛մ պետք է փակել մեկ այլ դաջվածքով, կա՛մ էլ հեռացնել լազերային տարբերակով, որը երկար է տևում, բավականին ցավոտ է ու թանկ, և, ցավոք սրտի, հիմա այդքան էլ արդյունավետ չէ:

«Երբ ասում են, որ մարդ տատուներից հոգնում է, դա սուտ է: Եթե մտածված անես, հասուն տարիքում, ապա դու չես հոգնի, այլ հակառակը՝ ավելի ու ավելի կսիրես քո տատուները»,-վստահեցրեց Անուշ Լալայանը:

Անուշ Լալայանի դաջվածքը

Մաշկն այն սահմանն է, որը մեզ բաժանում է մեր շրջապատից: Այն արտաքին աշխարհին պատմում է մեր ներքին կյանքի մասին: Դաջվածքներով մենք կարող ենք արտահայտել չասվածը, զգացմունքները և ցանկությունները:

Անկախ ամեն ինչից՝ խորհուրդ է տրվում լավ մտածել դաջվածք անելուց առաջ, իսկ այդ ամենից հետո էլ՝ պատրաստ լինել ոչ միանշանակ ընկալումներին:

«Քննադատողներ միշտ լինելու են, իսկ հակազդեցության ձևերի իմացությունը առողջ ներաշխարհի երաշխիք են»,-եզրափակեց Սաթեն Գրիգորյանը:

Ռոզա Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել