«Հրամանատարը օրվա հաջողությունը պայմանավորում էր Արգամի լուսաբացին հնչող երգի հնչյունների հետ»

«Հրամանատարը օրվա հաջողությունը պայմանավորում էր Արգամի լուսաբացին հնչող երգի հնչյունների հետ»

885

«Չեմ կարող չկա, կա ու կփորձեմ». Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած Արգամ Սելիմյանի խոսքերն են։

Վանաձորցի Արգամ Սելիմյանը բանակ է զորակոչվել 2020թ. հուլիսին՝ ծառայության անցնելով Տավուշի մարզում։ Քույրը՝ Մերին,  պատմում է, որ Արգամը դեռ դպրոցական տարիներից էր երազում զինվորական  ծառայության մասին, իսկ երբ եկավ զինկոմիսարիատ ներկայանալու այդքան բաղձալի օրն ու ժամը, Արգամի աչքերը առաջինն էին, որ փայլեցին՝ տեսնելով իր բանակ զորակոչվելու մասին փաստող թուղթը. «Հուլիսի 16-ին պիտի զորակոչվեր բանակ, դրանից մի քանի օր առաջ զանգեցին, ու ասեցին, որ Արգամս արդեն կարող ա գնա ու վերցնի թուղթը, ես հենց էդ պահին չկարողացա ինձ զսպել, աչքերս լցվեցին, լաց էի լինում, մաման էլ չկարողացավ հուզմունքը զսպել, պապան ու Արգամը բարկանում էին, Արգամս ասաց, որ ինքն ուզում է մեկ օր շուտ գնալ բանակ, ու դրա համար մենք պետք է միայն կրկնակի ուրախ լինենք»։

Արգամին  հուլիսյան կռիվների ժամանակ Մեհրաբից բերել էին Վանաձոր, 18-ամյա նորակոչիկը տխրել էր, ընկերներից հեռանալու ու դժվար պահին նրանց կողքին չլինելու պատճառով. «Արգամս մոտեցել էր հրամանատարներից մեկին ու խնդրել, որ իրեն հետ տանեն, որ ընկերների կողքին լինի, ուզում էր թեկուզ պատրոն հասցնել տղաներին։ Հրամանատարի պատասխանը եղբորս խնդրանքին շատ խորհրդավոր էր. ձեռքը դրել էր եղբորս ուսին ու ասել, որ Արգամս էլ կհհասցնի, ասել էր, որ հանգիստ լինի, որ իր հերթն էլ կգա ու ինքն էլ կկռվի»։ Այս դեպքից ճիշտ երկու ամիս անց սկսվում է Արցախյան երկրորդ պատերազմը։

Արգամը դպրոցն ավարտելուց հետո սովորել էր նաեւ ավտոդպրոցում, ուստի բանակ էր զորակոչվել որպես վարորդ. «Եղբայրս վարորդ էր, բայց ամեն ինչ արել էր կռվի ժամանակ, հրետանավորներին էր օգնել, ջոկ դուրս բերել շրջափակումից,  ու էս ամենից հետո զանգում էր ասում, որ  լավ ա ինքը, ապահովա, որ հանգիստ լինենք»։ Արգամի մասնագիտական ունակությունների շնորհիվ զորքը չորս անգամ դուրս է եկել շրջափակումից. «Եղել են նաեւ դեպքեր, երբ հակառակորդի նշանակետի տակ են եղել, դուրս գալու հավանականությունը 50/50 ա եղել, բայց եղբորս շնորհիվ շատ զինվորների կյանքեր ա փրկվել»։

Անգամ շրջափակման մեջ լինելու հանգամանքը չէր խանգարում Արգամին կապվել ընտանիքի անդամների հետ ու խոսել այնպես, կարծես ոչինչ չի պատահել, քրոջ խոսքով՝ Արգամն ամեն ինչ անում էր, որ հարազատները չզգան, որ շատ հաճախ այդ զանգերը եղել են հենց շրջափակման միջից. «Մի օր հարցրի՝ Արգամ, հո սոված չե՞ս, ասաց՝ չէ, գիտե՞ս էստեղ մեզ ոնց են նայում: Այնինչ՝ օրերով շրջափակման մեջ են եղել և նույնիսկ հաց ու ջուր չեն ունեցել»։

Արգամը շատ էր սիրում երգել, երգում էր անգամ կռվի ամենաթեժ պահերին։ Նրա կատարմամբ բոլոր երգերին հրամանատարը առանձնակի կերպով էր արձագանքում եւ օրվա հաջողությունը պայմանավորում Արգամի լուսաբացին հնչող երգերի հնչյունների հետ. «Արգամը զանգեց, ասեց որ զորքի համար մոր ու հայրենիքի մասին երգեր է երգել ու խնդրեց, որ մոր մասին շատ ավելի շատ երգեր ուղարկեմ իրեն։ Ոգեւորված պատմում էր, թե ինչպես է հրամանատարն ասել, որ երբ եղբայրս երգում է, օրը հաջող են սկսում»։

Հոկտեմբերի 29-ին քույրը զանգ է ստանում Արգամից, եղբայրն արտահայտում է քրոջ հանդեպ անսահման կարոտն՝ ասելով, որ զանգի նպատակը միայն քրոջ ձայնը լսելն էր. «Պատերազմի օրերին հայրիկին էր զանգում, բայց այդ օրը ուղիղ ժամը 18։18 րոպեին զանգեց ինձ ու ասաց, որ կարոտել է, ու ուզում է ընդամենը ձայնս լսել, նույն պահին աչքերս լցվեցին»։

Ծառայության ընթացքում Մերին նամակ էր գրել եղբորը, որը Արգամը մշտապես իր մոտ էր պահում, ամեն օր կարդում ու նորից զգուշորեն դնում գրպանում, այդ սովորույթը չէր խախտում նույնիսկ պատերազմի օրերին, քրոջ նամակին վերաբերում էր սուրբ մասունքի պես. «Մի օր զանգեց, խոսեց նամակիցս, ասեց, որ ամեն անգամ կարդալիս անսահման հուզվում է, ծիծաղեցի, ասաց, որ միտումնավոր պահելու է,  որ բանակից գա, կանգնի կողքս ու կարդա, բայց եթե կարդալու ընթացքում հուզվեմ, ինձ կսպանի, ընկերների ասելով՝ սուրբ մասունքի պես պահում էր նամակս»։ 

Մերին վերջին անգամ եղբոր հետ խոսել է հոկտեմբերի 29-ին, 18-ամյա Արգամ Սելիմյանը անմահացել է ճիշտ նույն օրը ԱԹՍ-ի պայթյունից։ Այդ գիշեր Մերին երազում Արգամին էր տեսել. «Արգամը արձակուրդ էր եկել, իսկ մենք տանը մի մեծ խնջույք էինք կազմակերպել։ Մոտեցավ ինձ, ծխախոտի գումար խնդրեց, ասաց, որ շտապում է  տղաների մոտ։ Հետո ես ու հայրս դուրս եկանք նրան ճանապարհելու։ Դրսում երկար ավտոբուս էր կանգնած՝ մեջը լիքը զինվորներ, բայց վարորդը մերժեց, ասաց, որ չի կարող Արգամին վերցնել, էլ տեղ չկա»։ Առավոտյան Մերին երազը պատմում է տան անդամներին, համարում, որ լավ նշան էր Արգամի ավտոբուսը չնստելը, որին ի պատասխան հայրը ասում է, որ մի երազ էլ ինքն է տեսել, որում եկեղեցու դռները բացվում են ու Արգամը ներս է մտնում։ Արգամի զոհվելուց հետո, ընկերները հանել են քրոջ նամակը նրա գրպանից. «Խոստացել էր, որ ինքն անձամբ է բերելու, բայց ինձ միայն թղթի կտորը հասավ»։

Աննա Չիբուխչյան

4-րդ կուրս

Կիսվել