Աղքատության պատճառով դպրոց չհաճախող երեխաներ

Աղքատության պատճառով դպրոց չհաճախող երեխաներ

1040

«Ուսուցումը ոչ միայն կարճաժամկետ օգնություն է աղետի գոտիներում ապրող երեխաների համար, այլ նաև՝ նշանակալի երկարաժամկետ ներդրում՝ ուղղված հասարակությունների զարգացմանը»։  Ջո Բուրնե (Jo Bourne) ՅՈՒՆԻՍԵՖի կրթության բաժնի ղեկավար


Եթե ​​մենք ապրեինք կատարյալ աշխարհում, ապա նախնական կրթությունը կլիներ հասանելի բոլորի համար, կֆինանսավորվեր կառավարության կողմից, և բոլոր երեխաները կկարողանային դպրոց գնալ՝ անկախ նրանց ծնողների կրթության համար վճարելու կարողությունից և ցանկությունից:

Չնայած կրթության իրավունքի իրացման գործընթացում արձանագրված հսկայական ձեռքբերումներին՝ բնակչության խոցելի խմբերի երեխաները կրթական համակարգում հաճախ ենթարկվում են խարանի ու խտրականության, ինչպես նաև հաճախ տարանջատվում են համակարգից։ Նրանք չեն հայտնվում ազգային վիճակագրական տվյալներում՝ այդպիսով որոշում կայացնողների, ծառայություն մատուցողների ու հանրության համար դառնալով «անտեսանելի»։

Դպրոց չհաճախող, շրջիկ առևտրական դարձած պատանիներն առաջին անգամ մամուլի, հասարակության և պետական մարմինների ուշադրության կենտրոնում հայտնվեցին 90-ականների կեսերին։ Շատերի աչքին էր խորթ, որ դպրոց հաճախելու փոխարեն երեխաները կարող են զբաղվել մուրացկանությամբ, մետրոյում կամ փողոցներում ծամոն կամ ձեռքի աշխատանքներ առաջարկել պատահական անցորդներին։

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակած տվյալների, տարրական կրթության հնարավորություն չունեցող երեխաների ամենաբարձր ցուցանիշներ ունեցող 10 երկրներում յուրաքանչյուր 5 երեխայից 2-ը, այն է՝ 18 միլիոն երեխա, դպրոց չի հաճախում:

Լիբերիայում է ապրում դպրոց չհաճախող երեխաների ամենաստվար զանգվածը, ուր տարրական դպրոցի տարիքի երեխաների գրեթե երկու երրորդը դպրոց չի հաճախում: Երկրորդ տեղում է Հարավային Սուդանը, որտեղ երեխաների 59%-ը զրկված են տարրական կրթություն ստանալու իրենց իրավունքից, և որտեղ 3 դպրոցից 1-ը ճգնաժամի պատճառով չի գործում։

Հաջորդիվ՝ Աֆղանստանը (46%), Սուդանը (45%), Նիգերը (38%), Նիգերիան (34%) դպրոց չհաճախող երեխաներ ունեցող երկրների տասնյակում են՝ հստակ պատկերելով, թե ինչպես են հումանիտար արտակարգ իրավիճակներն ու  ձգձգվող ճգնաժամը պատճառ դառնում, որ երեխաները դպրոց չհաճախեն:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների վերլուծությունը, որ արվել է միլիոնավոր երեխաների՝ սեպտեմբերին դպրոց վերադառնալուն ընդառաջ, ընդգծում է կրթական ճգնաժամի աստիճանը, որ ազդում է, օրինակ, արդեն իսկ հակամարտության մեջ  գտնվող կամ  երկարատև երաշտի, ջրհեղեղների, երկրաշարժերի, ծայրահեղ աղքատության բարձր ցուցանիշ  ունեցող երկրների վրա:

Կրթությունը շարունակում է մնալ հումանիտար աջակցության համար արված կոչերի ամենաքիչ ֆինանսավորվող ոլորտներից մեկը: 2015թ.-ին կրթական կարիքները բավարարելու համար հումանիտար գործակալությունները անհրաժեշտ ֆինանսավորումից ստացել են միայն 31 տոկոս, մեկ տասնամյակ առաջ տրվող 66 տոկոսի դիմաց: Չնայած 2005թ.-ից 126 տոկոսով աճած կրթական պահանջներին՝ ֆինանսավորումն ավելացվել է ընդամենը 4 տոկոսով: Դեռ ավելին,  ձգձգվող հակամարտություններում գործելու հմտություններ ունեցող կրթական համակարգերը չեն կարող կառուցվել կարճաժամկետ և անկանխատեսելի կոչերի հիման վրա:

2016թ.-ի մայիսին տեղի ունեցած Համաշխարհային հումանիտար գագաթաժողովի ընթացքում մեկնարկեց մի նոր համաշխարհային ֆինանսավորման հարթակ՝ «Կրթությունը չի կարող սպասել» խորագրով: Այն կոչված է կանխատեսելի ֆինանսավորման միջոցով կամրջելու ճգնաժամերի ընթացքում հումանիտար միջամտություններն և հաջորդող երկարատև զարգացումները: 
Սիրիայում (որ դպրոց չհաճախող երեխաների բարձր ցուցանիշ  ունեցող երկրների առաջատար տասնյակում չէ),  դպրոցական տարիքի (5-17 տարեկան) 2.1 միլիոն երեխա կա, որ դպրոց չի հաճախում: Բացի դրանից, դպրոց չեն հաճախում հարևան շրջաններում ապրող ևս 600 000  փախստականի կարգավիճակ ունեցող  երեխաներ:

Թեև կրթություն ստանալու իրավունքն ամրագրված է ՀՀ օրենսդրությամբ, տարեցտարի ավելի քիչ թվով երեխաներ են ստանում տարրական կամ միջնակարգ կրթություն: 

Հայաստանը թեև վավերացրել է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, սակայն 1/3 չափով է կատարում կոնվենցիայի շրջանակներում հանձնառած իր պարտավորությունները:  «Երեխայի պաշտպանության ինդեքս-2016»-ի տվյալներով՝ Հայաստանը կարողացել է  օրենքներում և իրավական ակտերում ամրագրել այն, ինչ պարտավորվել է, սակայն թերացել է արդեն նաև ազգային օրենսդրությամբ ամրագրված պարտավորությունների կիրառման հարցում:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015-2016 ուսումնական տարում դպրոց չի հաճախել տարրական դասարանի տարիքի երեխաների 8,4%-ը: Մինչդեռ 2011-2012  ուսումնական տարում այդ թիվը կազմել էր ընդամենը 1%: Սակայն, տարրական դասարաններում դպրոց հաճախելը դեռևս կրթություն ստանալու երաշխիք չէ, քանի որ բազմահազար երեխաներ դուրս են մնում դպրոցից աղքատության պատճառով: Պաշտոնական տվյալներով՝ 2007-2012  թթ. դպրոցներից հեռացել և որևէ տեղ ուսումը չի շարունակել ավելի քան 22,3 հազար աշակերտ:

Նրանց մեծամասնությունը ստիպված է եղել հեռանալ դպրոցից՝ չունենալով համապատասխան հագուստ և գրենական պիտույքներ, մի մասն էլ ստիպված է եղել տարատեսակ աշխատանքներ կատարել իր գոյությունն ապահովելու համար:  «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության տվյալներով՝ Հայաստանում տարբեր տեսակի աշխատանքերում  ներգրավված երեխաների թիվը հասնում է 1100-ի:

Նկարը՝ Արմինե Ավետիսյան /OC Media

Նրանցից է 13 ամյա Սուրենը (անձնական տվյալները փոխված են), ով վերջին անգամ դպրոցում եղել է 3 տարի առաջ։ Հասցրել է սովորել գրել-կարդալ և կարողանում է գումարում-հանում անել։

«Կարևորը հաշվել գիտեմ, իմ գործի դեպքում դա շատ կարևոր է։ Թե մի թվում սխալվեմ, օրվա արածս գործը իզուր կլինի», – ասում է տղան, ով 2 տարի է զբաղվում է շշերի առք ու վաճառքով։

Տղայի ընտանիքը սոցիալապես անապահով է, ծնողները գործազուրկ են։ Հայրը աղբամաններից ապակյա տարաներ է հավաքում, մայրը լվանում է, իսկ ինքը հանձնում տարաների ընդունման կետում։

Սակայն ապակյա տարաներ հավաքելը Սուրենի ընտանիքի միակ աշխատանքը չէ։ Մայրը խանութներից մեկում մաքրուհի է աշխատում, իսկ հայրը բանվորություն է անում, երբ լինում է աշխատանքի առաջարկ։

«Ես հորս շատ եմ օգնում, երբ գործը շատ է լինում գնում եմ հետը: Այդ դեպքում արագ է վերջացնում և երկրորդ բանվոր վարձելու փոխարեն ինձ են վճարում։ Փող է պետք։ Եթե ես դպրոց գնամ, ծնողներս չեն կարողանա մենակ բավական գումար վաստակեն։ Բայց իրենք ինձ պարբերաբար ստիպում են, որ դասի գնամ, ես իմ ցանկությամբ է, որ չեմ գնում, դպրոցը իմ խելքի բանը չէ, անիմաստ ժամանակ էի անցկացնում, ուսուցիչների ասածներից բան չէի հասկանում», – ասում է տղան։

Իսկ 6 տարեկան Անին և 14 տարեկան Արամը (անձնական տվյալները փոխված են), ովքեր նույնպես ապրում են աղքատության մեջ՝ երազում են դպրոց գնալու մասին, պարզապես դասի գնալու համար հագնելու ոչինչ չունեն:

Անին կրկնում է այբուբենը, որը մայրն է սովորեցրել իրեն: Սեպտեմբերին աղջիկը չէր կարողացել գնալ առաջին դասարան, քանի որ ընտանիքը փող չունի: Արամը դպրոցը թողել է մոտ մեկ տարի առաջ: Սիրում էր սովորել և խաղալ դասընկերների հետ և երազում է վերադառնալ դպրոց, սակայն հիմա տանը նստած օգնում է մորը: Նրանք ունեն երեք եղբայր և քույր, ապրում են իրենց մոր հետ: Տանը գազ և էլեկտրաէներգիա չկա:

«Շաբաթներ շարունակ ապրում ենք դատարկ թեյ խմելով, երբեմն սոված ենք գնում քնելու, բայց երեխաները փող մուրալու համար փողոց դուրս չեն գա», – ասում է նրանց մայրը:

Ցավոք սրտի նման դեպքերը շատ են մեր իրականության մեջ: Ըստ ՀՀ վիճակագրական ծառայության տվյալների՝ 2017-2018 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական դպրոցներում ուսումն անավարտ թողած աշակերտների թիվը եղել է 274, որից 179 աշակերտ սոցիալ-տնտեսական վատ պայմանների պատճառով չի հաճախել դպրոց, 66 աշակերտի ծնողը չի ուղարկել կամ թույլ տվել, իսկ մնացածը հաշմանդամություն ունեցող երեխաներ են։

Եթե անդրադարձ կատարենք, թե ըստ մարզերի՝ քանի՞ երեխա դպրոց չի հաճախել, ապա դրանից ելնելով էլ կարող ենք հետևություն անել մարզերում տիրող իրավիճակի մասին:

2017-2018 ուս տարում Երևանում ուսումն անավարտ է թողել 61 հոգի, Արագածոտնի մարզում՝ 24 հոգի, Արարատի մարզում՝ 23, Արմավիրի մարզում՝ 56, Գեղարքունիքի մարզում՝ 16, Լոռու մարզում՝ 17, Կոտայքի մարզում՝ 14, Շիրակի մարզում՝ 44, Սյունիքի մարզում՝ 10, Վայոց ձորի մարզում՝ 1, Տավուշի մարզում՝ 5 հոգի։

Սրբուհի Հակոբյան

4-րդ կուրս

Կիսվել