«Թվանշանը կեղծ արժեքներ է ստեղծում, բայց այսօրվա կրթական համակարգը պետք է հիմնովին...

«Թվանշանը կեղծ արժեքներ է ստեղծում, բայց այսօրվա կրթական համակարգը պետք է հիմնովին փոփոխվի». կարծիքներ հանրակրթության պետական չափորոշչի նախագծի վերաբերյալ

1026

Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի համաձայն՝ 1-4-րդ և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում աշակերտները գնահատական չեն ստանա, տարեկան ամփոփիչ գնահատականի փոխարեն կլինի սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը։ Անբավարար գնահատականն ամբողջովին դուրս կգա, կկիրառվի 10 միավորային սանդղակ, որտեղ որևէ թիվ անբավարար չէ, յուրաքանչյուրը կնկարագրի երեխայի հաջողության մակարդակը։ Աշակերտն այլևս չի մնա նույն դասարանում։

Փոփոխությունների այս նախագիծը տարակարծություններ է առաջացրել հանրության շրջանում։

Ծնողներից շատերը նշում են, որ գնահատականը վատ է անդրադառնում միջակ սովորող երեխայի վրա, աշակերտը ֆիքսվում է իր սխալների վրա և հիասթափվում է, իսկ լավ սովորողները ավելի են ոգևորվում:

Նարինե Հարությունյանը, ում երեխան սովորում է 2-րդ դասարանում, վստահեցնում է, որ գնահատականից զատ շատ մեթոդներ կան երեխային մոտիվացնելու համար:

«Կարծում եմ՝ գնահատման համակարգն աբսուրդ է: Երբեք չեմ սևեռվել գնահատականի վրա, ինձ համար առաջնային է երեխայիս ստացած մնայուն գիտելիքները»,-ասում է Նարինեն:

Նաիրա Մամաջանյանը դասավանդում է Վայքի ավագ դպրոցում, իսկ որդին երկրորդ դասարանում է սովորում: «Գնահատականը երեխայի հոգեբանության վրա մեծ հետք է թողնում: Օրինակ` լավ սովորող երեխան պետք է գիտակցի, որ դպրոց գալիս է գիտելիքի համար, ոչ թե գնահատականի մրցավազքի»,- նշում է Նաիրան:

Գայանե Մալումյանի տղան առաջին դասարանում է սովորում: Նրա խոսքով՝ կարևորում է, որ երեխան դասը լավ պատասխանի, պետք է անպայման աստղիկ ստանա: Ծնողն ընդգծում է` դրանով երեխան չի սովորում գնահատականի համար, այլ գիտակցում է` իր արած աշխատանքը պետք է համարժեք գնահատական ստանա:

Մարիամ Կարապետյանի տղան երրորդ դասարանում է սովորում: Նրա խոսքով` նոր համակարգը ունի և´ դրական, և՛ բացասական կողմեր։ «Որքան էլ ասենք՝ գնահատական չլինելը սովորեցնում է չսովորել գնահատականի համար, այդուամենայնիվ, երեխային պետք են մոտ, հասանելի ու կոնկրետ հիմնավորումներ, իսկ հեռավոր նպատակները շատ են հետաձգված ու վերացական։ Գնահատականը մոտիկ վարձատրություն է աշխատանքի դիմաց։ Եթե հանում ենք գնահատականը, ապա տեղն այլ և նույնքան հասանելի ու մոտիկ ուրախություններ պիտի դնենք, ինչի իրագործումը կասկածելի եմ համարում այսօրվա հայաստանյան կրթական համակարգի, դպրոցների շենքային պայմանների, մարդկանց պատկերացումների պայմաններում»,- ասում է Մարիամը:

Ծնողը հավելում է` մյուս կողմից՝ գնահատականի վերացումը կարող է նպաստել նախ ծնողների անառողջ մրցակցության վերացմանը և կրճատել դպրոցներում տարածված շատ արատավոր երևույթներ, որ «փայլփլուն տոպրակների տեսք են ստանում»։

Ուսուցիչներից շատերը շեշտում են, որ տարրական դասարանի երեխան չի ընկալում գիտելիքի արժեքը։ Այս պարագայում գնահատականը ոգևորում է աշակերտին, երեխան ավելիին է ձգտում: Եթե հանվում է գնահատականը, պետք է փոխարինող միջոց գտնել:

Արթիկի 4-րդ հիմնական դպրոցի տարրական դասարանի դասվար Սուսաննա Եղոյանի խոսքով` գնահատականի առկայությունը և´ ոգևորող է, և´ մրցակցություն է առաջացնում սովորողների միջև: Մեր հարցին՝ չկա՞ն այլ տարբերակներ երեխային ոգևորելու համար, Եղոյանը պատասխանեց. «Ուսուցիչը ելք կգտնի խրախուսելու համար, բայց գնահատման համակարգն ավելի արդյունավետ է, իմ կարծիքով: Օրինակ` առաջին դասարանում չենք գնահատում, բայց հենց գնահատականի անուն եմ շոշափում, միանգամից փոխվում է մթնոլորտը, աշխուժություն է տիրում դասարանում»:

Նրա խոսքով` ներկայումս կա մտավախություն, որ դպրոց հաճախող բոլոր երեխաները սովորում են գնահատականի համար, հետագայում նոր գիտակցում են` պետք է ուղղակի սովորել սովորելու համար։

«Կարծում եմ՝ հսկայական հոգեբանական աշխատանք է պետք տանել այդ ուղղությամբ, որ երեխաները վարժվեն չգնահատվելուն»,- հավելում է Ս. Եղոյանը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը վստահեցնում է, որ 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում աշակերտներին չգնահատելը նպաստելու է նրանց սովորելուն եւ կպահպանի ճանաչելու հետաքրքրվածությունը։

«Ուսուցիչները տարրական դասարանների երեխաներին չեն գնահատելու պարզապես որևէ գնահատականով, նրանք պետք է որակական գնահատում իրականացնեն, որպեսզի երեխան տեսնի և հասկանա իր սխալը։ Աշակերտները կիմանան, թե ինչի վրա է պետք աշխատել գիտելիքներն ավելի բարելավելու համար։ Սա է գնահատման տարբերությունը։ Մի դեպքում ուսուցիչն ուղղակի գնահատում է, թողնում երեխային իր խնդիրների հետ միայնակ, և վերջինս պետք է գլխի ընկնի, թե որտեղ է սխալվել, ինչու է ցածր գնահատական ստացել։ Մյուս դեպքում գնահատականը կիրառվում է որպես երեխային բացատրելու, իր խնդիրը, ինչպես նաև հաջողությունը ցույց տալու համար»,- Արմենպրեսսի հետ զրույցում ասել է Ժաննա Անդրեասյանը։

Արաքս Հարությունյանը մաթեմատիկա է դասավանդում Սպարտակ Մկրտչյանի անվան «Բյուրակն» կրթահամալիրում: Նա նոր չափորոշչին կողմ կլիներ, եթե դա արվեր գիտակցված և նպատակաուղղված, և փոփոխության հիմքում ընկած լիներ այն գաղափարը, որ յուրաքանչյուր սովորող կունենա սահմանված գիտելիքների և հանրակրթական որակների առավելագույն չափը:

«Մեր կրթական համակարգում իրատեսական չէ այս փոփոխության իրականացման արդյունավետությունը, հետևաբար, այդ որոշումը ավելի կվնասի ներկա կրթական համակարգին, քան կօգնի: Գնահատականը միայն խրախուսելու համար չէ, գնահատել՝ նշանակում է սահմանել որևէ մակարդակ՝ լավ, վատ կամ բավարար: Այսինքն, պետք է հասկանանք՝ ինչի համար ենք գնահատում: Միշտ գնահատականը կարելի է փոխարինել մեկ այլ բանով, ասենք՝ աստղիկ, ապրես և այլն: Հետևաբար, չկա թիվ, բայց ի՞նչ խնդիր լուծվեց դրանով»,- հարցնում է ուսուցիչը:

Հոգեբան Անուշ Կարապետյանի խոսքով` հարցին միանշանակ պատասխանել դժվար է, քանի որ թվանշաններով գնահատումը կարող է ինչպես մրցակցային մոտիվացիա արթնացնել, այնպես էլ կոտրել երեխայի ձգտումը. դա կախված է նաև երեխայի անձնային առանձնահատկություններից և դաստիարակման մոդելից: «Այն ընտանիքներում, որտեղ ծնողները երեխային «սիրում են» որոշակի ձեռքբերումների դիմաց, այդ երեխային հոգեհարազատ կլինի գնահատականներով մրցելը, այն ընտանիքներում, որտեղ սերը պայմանական չէ և խրախուսվում է ձգտումը, աշխատասիրությունը, ոչ թե արդյունքը, նրանց արդեն իսկ ծանոթ և հոգեհարազատ կլինի ոչ թվանշանային գնահատումը»,- ընդգծում է հոգեբանը:

Կարապետյանը շեշտում է` եթե ուսուցիչը կարողանա ճիշտ ձևակորպել խնդիրը, այսինքն՝ ոչ թե երեխայի անձը քննադատի, այլ կառուցողական ձևակերպի միտքը և ուղղի կոնկրետ վարքին, անպայման նշի նաև այն դրական կողմերը, որակները, որոնք երեխան ունի, ապա արդյունավետ կստացվի աշխատանքը: «Շատ կարևոր մի փաստ կա. անկախ երեխայի` տվյալ ժամանակահատվածում ունեցած առաջադիմությունից և արդյունքներից, եթե ուսուցիչները նրանց հետ շփվեն`իրենց ներսում ունենալով այն խորը համոզմունքը, որ երեխան խելացի է, ընդունակ, մեծ պոտենցիալ ունի, դա անպայման որոշ ժամանակ անց կանդրադառնա երեխայի ինքնընկալման, ինքնագնահատականի և առաջադիմության ու ձգտումների վրա»:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ երեխաները ոչ միշտ են սիրում սովորել, և շատերի համար մոտիվացիա չկար, թվանշանն ինչ-որ տեղ ներքին մոտիվատոր է:

«Եթե մենք փոփոխությունը դիտարկոոմ ենք որպես տեսական, ապա շատ լավ տարբերակ է, որովհետև թվանշանը կեղծ արժեքներ է ստեղծում: Բայց կա կարևոր փաստ` այսօրվա կրթական համակարգը պետք է հիմնովին փոփոխվի: Միայն ինչ-որ բան հանելը լուծում չէ: Պարզապես թվանշան հանելն ուղղակի փոքր քայլ է, եթե դրան չհաջորդեց կրթության որակի բարձրացում, ապա այս քայլը կարող է շատ վատ հետևանքներ թողնել: Կարող ենք նայել աշխարհի փորձին, բայց մերը պիտի ստեղծենք»,- ասում է Սերոբ Խաչատրյանը:

Լիլիթ Խլղաթյան

Շողեր Կակոյան

3-րդ կուրս

Կիսվել