«Իմ աշխատանքում ամենահաճելին պահը կանգնեցնելն է»․ հարցազրույց լուսանկարիչ Անի Սիմոնյանի հետ

«Իմ աշխատանքում ամենահաճելին պահը կանգնեցնելն է»․ հարցազրույց լուսանկարիչ Անի Սիմոնյանի հետ

3988

Անի Սիմոնյանն իր յուրահատուկ ոճն ունեցող, երիտասարդ լուսանկարիչ է։ Նրա լուսանկարներում արտահայտվում են մարդկային ամենագեղեցիկ էմոցիաները։ Ինչպես ինքն է ասում ՝ տեսախցիկը ֆիքսում է իրական զգացմունքներն ու պահը։ Անին պատմում է իր մասնագիտության, լուսանկարչական ոճի և լավ լուսանկար ստանալու հմտություններ մասին։

– Ո՞ր տարիքից եք սկսել լուսանկարել։ Ինչպե՞ս սկսվեցին առաջին աշխատանքները։

– Լուսանկարչությամբ սկսել եմ զբաղվել 14 տարեկանից։ Ավելի շատ նկարում էի բնություն, գեղեցիկ տեսարաններ, ինչ գեղեցիկ բան կնկատեի։ 2019-ից սկսեցի նկարել ընկերուհիներիս, համակուրսեցիներիս, մտերիմներիս։ Քանի որ շատ մեծ սիրով էի անում այդ գործը, ինձ միշտ ասում էին, որ շատ լավ է ստացվում։ Մտածեցի՝ ինչու ոչ, ինստագրամյան էջ բացեմ և փորձեմ նկարել մարդկանց։ Այդպես էլ արեցի։ Ընդունեցի առաջին լուսանկարչական պատվերներն ու սկսեցի աշխատանքս։

– Լուսանկարչությունը Ձեր առաջի՞ն մասնագիտությունն է։

– Ոչ, առաջին մասնագիտությամբ տնտեսագետ եմ։

– Ապագայում նույնպե՞ս լուսանկարչությամբ եք ուզում զբաղվել, թե տնտեսագիտությունն եք կարևորում՝ որպես առաջին մասնագիտություն։

– Լուսանկարչության հետ կապված շատ պլաններ ունեմ ապագայում, բայց, կարծում եմ, առաջին հերթին տնտեսագիտությունն է, հետո լուսանկարչությունը։ Լուսանկարչությամբ միշտ զբաղվելու եմ և խորացնելու հմտություններս:        

– Ո՞վ կամ ի՞նչն է Ձեզ ոգեշնչում լուսանկարչական թեմաներ ընտրելիս։

– Ոգեշնչում են այլ լուսանկարիչների առանձնահատուկ աշխատանքները, ֆիլմերը, հենց մարդիկ, որոնց լուսանկարում եմ։

– Ո՞ր լուսանկարիչներն են Ձեզ համար ոգեշնչող։

– Իրականում շատ են։ Նշեմ մի քանիսին․ Փեթեր Լինդբերգ, Մալեյ, Հենրի Ֆլամինգ և այլք։ Նաև Pinterest ծրագիրն եմ շատ հավանում։ Նկարներն իսկապես ոգեշնչող են։

-Ձեր ո՞ր լուսանկարներն եք առանձնահատուկ սիրում, ինչու՞։

– Սիրային թեմատիկայով նկարները վերջերս շատ եմ հավանում, նաև բնության գրկում արվածները, քանի որ ավելի կյանքով լի են։ Ամենից շատ սիրում եմ այն լուսանկարներս, երբ կարողացել եմ տեսախցիկով ֆիքսել այդ պահը, իրական էմոցիաները։

– Ի՞նչն է ամենակարևորը լավ լուսանկար ստանալու համար։

– Պետք է նախքան ֆոտոխցիկը միացնելը ստույգ պատկերացնել՝ ինչ տեսք պետք է ունենա լուսանկարը։ Հարմարեցնել լուսանկարվողի կերպարը միջավայրին ու անպայման ուշադրություն դարձնել նկարի դետալներին։ Եվ ամենակարևերներից է նաև ճիշտ լուսավորությունը։

-Ինչպե՞ս առաջացավ սերը լուսանկարչական ապարատի նկատմամբ։

– Դե սկզբում հեռախոսով էի նկարում, որակը շատ վատն էր լինում, ինձ դուր չէր գալիս։ Հետո, երբ անցա ֆոտոապարատին, արդեն անհամեմատելի էր։ Այդ ժամանակից սկսվեցին պրոֆեսիոնալ լուսանկարներն ու սերն ֆոտոխցիկի նկարմամաբ։

– Ի՞նչ ազդեցություն են թողնում Ձեզ վրա լուսանկարները։

-Երբ նայում եմ իմ արած աշխատանքին, հիշում եմ ամեն պահն այդ ընթացքից ու ուրախ, հետաքրքիր էմոցիաները վերապրում եմ։ Մեկ բառով՝ կրկին ոգեշնչվում եմ։

– Ո՞րն է ձեզ համար լուսանկարիչ լինելու առավել հատուցող մասը:

– Ես մեծ սիրով եմ անում իմ աշխատանքը, հետևաբար անսահման դրական էմոցիաներ եմ ստանում։ Նաև նոր ծանոթություններ ու հետաքրքիր մարդկանց հետ շփում է տալիս ինձ լուսանկարչությունը։                                               

–  Նկարահանման ընթացքում ի՞նչ հետաքրքիր դեպքեր են տեղի ունենում։

– Հետաքրքիր դեպքեր հաճախ են տեղի ունենում։ Մեկը պատմեմ։ Որոշել էինք Street ոճի մեջ նկարներ անել։ Քայլեցինք, նկարեցինք կենտրոնի գեղեցիկ փողոցներում ու, երբ արդեն վերջացնում էինք, մի մութ շքամունք նկատեցի։ Շատ հետաքրքրեց՝ ինչ կարող էր լինել այդտեղ։ Առաջարկեցի մտնել։ Մտանք ներս ու տեսանք շա՜տ գեղեցիկ արձաններով տարածք։ Ես միշտ ցանկացել էի նման արձաններով նկարներ անել, հաճախորդս նույնպես շատ հավանել էր տարածքը։ Եվ լուսանկարահանումը շարունակվեց այդտեղ։ Անչափ տարբերվող ու հետաքրքիր լուսանկարներ արեցինք նոր բացահայտած տարածքում։

-Ինչու՞ որոշեցիք նկարել հենց մարդկանց, ոչ այլ թեմաներով ։

– Մարդկանց հետ աշխատանքը հետաքրքիր է։ Կարողանում ես ֆիքսել երջանիկ պահերն ու կանգնեցնել պահը։ Դա ամենահաճելին է իմ աշխատանքում։

Արաքս Հագեյան

2- րդ կուրս

Կիսվել