Կին բլոգերները՝ հաջողակ բլոգների հետևում

Կին բլոգերները՝ հաջողակ բլոգների հետևում

913

Ալո՛, մա՜մ, ինձ կասե՞ս՝ ինչպես պատրաստեմ այս կերակուրը:

-Ուրեմն լսի՛ր, աղջի՛կս

Հըմմմ… Էլի չհասցրի՞ր գրել, թե ինչ ասաց մայրիկդ։ Տանջվելու կարիք չկա. բլոգներում ամեն բան գրված է։

Այսօր դրանք շատերիս օգնականն ու մոտիվացիոն աղբյուրն են դարձել։ Այստեղից կարելի է քաղել օգտակարն ու կարևորը յուրաքանչուրիս հետաքրքրության շրջանակում։ «Journalist.am»-ը զրուցել է կին բլոգերներից մի քանիսի հետ։

Ժասմին Չախալյանը սննդաբան է։ 2020թ.-ի հունիսից Instagram-ում վարում է բլոգ առողջ ապրելակերպի մասին։ Այժմ նա ունի 7000+ հետևորդ։

Ընկերների՝ իրեն ոգևորելու շնորհիվ Ժասմինը որոշեց օնլայն հարթակում ծավալել գործունեություն. «Մանկուց ավելորդ քաշի խնդիր եմ ունեցել։ Դեռահաս տարիքում բազմաթիվ մոնո, սխալ և անարդյունք դիետաներ եմ պահել: Հասակակիցներիս շրջանում ավելորդ քաշի պատճառով ենթարկվում էի bullying-ի։ 2013թ.-ից սկսեցի ուսումնասիրել առողջ ապրելակերպը։ Հետևում և կարդում էի արտասահմանյան բլոգերների, սննդաբանների։ Փոխեցի սովորություններս՝ սնվելով առողջ և բալանսավորված։ Նիհարեցի 32 կգ և սկսեցի իմ խորհուրդներով շրջապատիս մարդկանց օգնել»։ Շուտով Ժասմինը ձեռք բերեց որակավորված սննդաբանի սերտիֆիկատ։ Բացեց իր բլոգը, որը նաև դարձավ իր աշխատանքային հարթակը։ Դրա հիմնական նպատակը  հնարավորինս մեծ լսարանում առողջ ապրելակերպը խթանելն էր։

Ժասմինի խոսքով՝ բլոգ վարելու համար անհրաժեշտ են ՍՄՄ-ի (Սոցիալական մեդիա մարքեթինգ) գիտելիքներ։ «Մարքեթինգի մասին բազային գիտելիքների բացակայությունը մի փոքր դանդաղեցնում է բլոգի առաջխաղացումը։ ՍՄՄ-ի խորհրդատվության դիմելուց հետո հասկացա իմ էջում արված սխալները։ Սկսեցի առաջխաղացում ճիշտ ուղի ընտրել, և գրանցվեց հետևորդների աճ»,- ասաց նա։

Բլոգ վարելու դժվարություններից նշեց Instagram-ում ճիշտ թիրախավորումը և հետևորդների հավաքագրումը։ Ըստ նրա՝ տվյալ սոց. հարթակի ալգորիթմը շատ խիստ է։ Բավական շատ է պետք աշխատել լսարանին անընդհատ ակտիվ պահելու համար։ Երբ էջի ակտիվությունը և այցելությունները փոքր-ինչ նվազում են, մոտիվացիան ևս պակասում է։ Ավելի մեծ դժվարությունն առնչվում էր հենց իրեն. «Ինտրովերտ (տվյալ անձի ապրումները, գործողությունները, ակտիվությունն ավելի մեծ չափով պայմանավորված են ու միջնորդավորված իր ներաշխարհի իրադարձություններով ու գործոններով) եմ ու ինձ համար բլոգ բացել, այսինքն՝ ինչ-որ չափով դառնալ հանրային մարդ, նշանակում է՝ դուրս գալ հարմարավետության գոտուց»:

Բլոգերն իր հաջողություններից մեկը համարում է իր փակ տեսակին հաղթելն ու լսարանի առաջ բացվելը։ «Շատ ուրախ եմ, որ հետևորդներս սիրում են ինձ, դրական են արձագանքում գործունեությանս։ Մյուս կողմից՝ հաջողություններս աշխատանքային են. հաճախորդներս հասնում են իրենց ցանկալի արդյունքին»,-հավելեց սննդաբանը։

Լիլյա Դավթյանը ևս Instagram-ում վարում է բլոգ առողջ սննդի մասին։ Այժմ նա ունի 11.000+ հետևորդ։

Բլոգերը պատմեց, որ անձնական էջով կիսվում էր իր պատրաստած ուտեստներով և զգում, որ մոտիվացնում է շատերին։ Մարդկանց ոգեշնչելը, որպեսզի սնվեն առողջ և հոգ տանեն իրենց առողջության մասին, դարձավ նրա՝ օնլայն հարթակում գործունեություն ծավալելու հիմնական առիթը։ Ինչպես երևում է, Լիլյան և Ժասմինը նույն խնդիրն են ունեցել. «Հիմնական դժվարությունը story-ում «երևալ»-ն էր, որը հաջողությամբ հաղթահարել եմ։ Լինելով չափից դուրս փակ, ամաչկոտ մարդ՝ երբեք չէի պատկերացնի, որ նման մեծ լսարանի հետ կարող եմ կիսել առօրյաս, կյանքս»։

Լիլյան բլոգի ամենամեծ հաջողությունը համարում է 1 տարին չլրացած էջի՝ 10.000 հայ ռեալ հետևորդ ունենալը։ «Բլոգի շնորհիվ, որպես մարդ, ավելի ինքնավստահ եմ դարձել։ Հետևորդներս էլ դարձել են հարազատներ, ում հետ ցանկանում եմ կիսվել ամեն-ամեն ինչով»,- նշեց նա։

Սպորտի սիրահարնե՞ր, ձեզ էլ հասանք։

Աննա Զախարյանը ֆիտնես մարզիչ է։ Նրա էջում կարելի է տեսնել մարմնի տարբեր հատվածները մարզող վարժություններ, առողջ կերակուրների բաղադրատոմսեր։

Աննան առաջին մասնագիտությամբ հոգեբան է։ «Առաջին, երկրորդ կուրսում սովորելու տարիներից սկսած՝ հաճախում էի մարզասրահ, ակտիվ մարզվում էի։ Դասերից բացակայում էի, որովհետև պետք է գնայի մարզվելու։ Քանի որ սննդի ռեժիմին էլ պետք է հետևեի, վերջին 2 դասերին չէի նստում, գնում էի տուն, սնվում և այցելում մարզասրահ»,- պատմեց նա։ Հասկանալով, որ մարզումները դասերից և քննություններից կարևոր են, Աննայի մոտ առաջացավ ֆիտնես մարզիչ դառնալու միտքը։ 2016թ.-ից մինչ աժմ նա աշխատում է տարբեր մարզասրահներում։ Կազմակերպում է ֆիտնես մարաթոններ։

2020թ.-ի կարանտինը դարձավ պատճառ նրա գործունեությունն օնլայն հարթակ տեղափոխելու համար։ Այսկերպ մարզիչը հնարավորություն ունեցավ աշխատելու Հայաստանի տարբեր հատվածներում ապրող կանանց և աղջիկների հետ։ Մարաթոնների գաղափարը հասունացել է հենց այդ շրջանում. «Բոլորս տանն էինք, փակ էին բոլոր մարզասրահները, սակայն մարդիկ ցանկանում էին մարզվել։ Սկզբում օնլայն մարզումներն անցկացնում էի Instagram-ով։ Հետո որոշեցինք նկարահանել մարզման ծրագրեր. դրանք անձին հնարավորություն են տալիս մարզվելու օրվա այն ժամին, երբ իրեն է հարմար»։

Մարզիչի համար օնլայն մարաթոնները մեծ հաջողություն են. նա հնարավորություն ունի հայաստանաբնակ կանանցից բացի աշխատել նաև արտասահմանում բնակվող մեր հայրենակիցների հետ. «Ինձ դուր է գալիս վարել բլոգը. լինելով հեռու՝ ես մոտիվացնում եմ մարդկանց՝ մարզվելու և առողջ ապրելակերպ վարելու համար»։

Բլոգները միայն աշխատանքային կամ ժամանցային հարթակներ չեն. դրանք օգնում են ինքնադրսևորվել, լինել ինքնավստահ, ձեռք բերել մեծ չափաբաժնով մոտիվացիա և գիտելիքներ։

Հասմիկ Անդրեասյան

3-րդ կուրս

Կիսվել