Մեր այն հարցին, թե այսօր կարդո՞ւմ են արդյոք ժամանակակիցներին, երևանյան գրախանութներից մեկի աշխատակցուհին պատասխանեց. «Այո´, կարդում են, ժամանակակից հայ գրողների ստեղծագործություններից ամենավաճառվողներից են Գուրգեն Խանջյանի «Ներս ու դուրս»-ը, Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ»-ը և Էդգար Կոստանյանի «Մինոր»-ը։ Աշխատակցուհին նշեց, որ թվարկված գրքերի ընթերցողները հիմնականում 17-25 տարեկան են։ Փողոցում անցկացրած մեր հարցախույզի ընթացքում, սակայն, քաղաքացիներից ոչ ոք չտվեց վերը նշված հեղինակների անունները։ Մարդիկ հիմնականում ճանաչում էին Դավիթ Սամվելյանին, Սյունե Սևադային, Հովիկ Աֆյանին, Հուսիկ Արային, Սոնա Վանին։
Հայ ժամանակակից գրականությունը ճանաչելի դարձնելու համար ԿԳՄՍՆ սահմանած կրթության նոր չափանիշներով փոփոխվելու է նաև գրականության ծրագրի բովանդակությունը․ դասականներից բացի աշակերտները կծանոթանան նաև մերօրյա գրողների հետ։ Հրանտ Մաթևոսյանից հետո ստեղծագործած գրողներն այսօր ներառված չեն ուսումնական ծրագրերում, իսկ մերօրյա գրողների համար խնդիր է դարձել դասականների հետ համեմատվելը։
«Մեզ չեն ընդունում որպես գրող և համեմատում են դասականների հետ, ինչը մեզ էլ դուր չի գալիս»,- ասում է «Ռիժիկը» գրքի հեղինակ Վարդան Հարությունյանը։ «Մեր ընթերցողները հիմնականում մինչև 26 տարեկաններն են։ Դասականների հետ համեմատում են տարիքով ավելի մեծերը։ Նրանք դասականներին շատ-շատ են կարդում․ հավանաբար պատճառը դա է», – հավելում է Վարդանը։
«Թեյահոլիզմ» գրքի հեղինակ Լիլիի հետ էլ խոսեցինք մերօրյա գրականությունն ավելի ճանաչելի դարձնելու և ոլորտը զարգացնելու խնդիրների մասին։ Նրա խոսքով՝ «Ինչպես յուրաքանչյուր ոլորտում, այստեղ էլ կան բացեր, խնդիրներ, որոնց լուծումը բոլորս փորձում ենք միասին գտնել։ Կարծում եմ՝ հաճախ հանդիպող խնդիրներից ամենացավոտը հեղինակային իրավունքի պաշտպանության խնդիրն է։ Այսօր շատերն ապօրինի կերպով ստեղծում և տարածում են նոր հրապարակված գրքերի էլեկտրոնային տարբերակները, պատճենները կամ լուսանկարները։ Տարածողների թվում կան մարդիկ, որոնք ոչ միայն չգիտեն, որ դա օրենքի խախտում է, այլև մտածում են, որ բարի գործ են անում գրողի և հրատարակչության համար՝ խթանելով գրքի տարածումը»։
Հարցին, թե ինչ քայլերի միջոցով է պատկերացնում ոլորտի զարգացումը և հայ գրականության ճանաչումը, Լիլին ասաց, որ կան հիմնարար սկզբունքներ և արժեքներ, որոնք նպաստում են ոլորտի զարգացմանը․ «Ինձ համար աշխատանքն ու անկեղծությունն են այդ արժեքները։ Որակյալ գործեր ներկայացնելու, ընթերցողին գրածովդ օգտակար լինելու, առաքելությանդ ծառայելու համար պիտի շատ աշխատանք տանես, պիտի ի վերջո ինքդ քո ներսում տարբերակես՝ ինչը ներկայացնել ընթերցողին, իսկ ինչը թողնել թղթի վրա կամ համակարգչում այնքան ժամանակ, քանի դեռ չի հասունացել ու չի եփվել պատրաստ լինելու չափ։ Պիտի անկեղծ լինես ընթերցողի հետ, որ գրածդ իրապես հարազատ դառնա։ Գրածիդ մեջ իրեն գտած կամ գրածիցդ որևէ օգտակար եզրակացություն արած ընթերցողն է ի վերջո, որ քեզ հուշում է՝ հաջողել ես»։
Օֆելյա Արսենյան
2-րդ կուրս