Ներկայումս արդեն յուրաքանչյուր 3-րդ երեխայի մոտ կյանքի 1-ին տարիներին ախտորոշվում է ատոպիկ դերմատիտ կամ, ինչպես տարածված է այն անվանել, դիաթեզ: Այդ ամենի պատճառով ծնողները հաճախակի սկսում են ընտրել հատուկ հագուստ, լվացքի փոշիներ, որոնք հնարավորինս քիչ կգրգռեն երեխայի մաշկն ու նրան զերծ կպահեն նման խնդրից, կամ ազատվում են ընտանի կենդանիներից` կարծելով, թե այդ ամենն է հանդիսանում դիաթեզի խթանիչ պատճառ: Ավելին՝ նրանք երբեմն բարձրաձայնում են, որ մանկության տարիներին իրենք ավելի առողջ երեխաներ էին, քան ներկայիս փոքրիկները:
Իրականում երեխաներն այժմ թույլ չեն դարձել, այլ փոխվել է պարզապես նրանց կենսապայմանները: Նրանց անբաժանելի մասն են դարձել կենցաղային քիմիական նյութերը, որը վերջին տարիներին զարգանում ու տարածվում է մեծ արագությամբ:
Փոքր երեխայի թույլ իմունային համակարգը պարզապես չի հասցնում ընտելանալ իրեն շրջապատող ագրեսիվ գործոններին, որոնք առկա են անգամ այն հատվածներում, որոնց մասին մենք չենք էլ մտածում:
Օրինակ՝ սպասք լվանալու միջոցները, իհարկե, շատ արագ մաքրում են յուղը, հեռացնում են կեղտաբծերն ու ոչնչացնում են մանրէները, սակայն նրանք հանդիսանում են վտանգավոր ալերգեների կրողներ, որոնք լիովին չեն մաքրվում երեխայի սպասքի վրայից ու դառնում են նրանց մոտ ալերգիկ ռեակցիաների առաջացման պատճառ:
Մասնագետները նշում են, որ նման խնդրի առաջացման ժամանակ ծնողները սկսում են շատ արագ փոխել երեխայի սննդակարգը, այսինքն, նրանք երեխայի սննդակարգից հանում են ելակն ու ձուկը և մի շարք այլ մթերքներ: Որոշ ծնողներ անգամ սկսում են վարել սննդային օրագիր, որում նշում են, թե որ սննդի ընդունումից հետո երեխայի մոտ նկատվեցին փոփոխություններ: Սակայն հիմնականում այդ գործոնները ոչ մի կերպ չեն ազդում երեխայի ալերգիկ դրսևորման վրա, քանի որ ատոպիկ դերմատիտի հիմնական պատճառը հայտնի չէ:
Մեկ այլ ծայրահեղություն է համարվում այն, որ մայրիկները սկսում են հրաժարվել մանկական փոշիներից ու սկսում են երեխայի հագուստը լվալ օճառով կամ եռացնել կերակրի սոդայի մեջ: Սակայն այդ դեպքում ևս ալերգիկ դրսևորումները շարունակվում են: Պատճառը կարող է լինել այն, որ մանկական օճառները ի սկզբանե նախատեսված չեն եղել հագուստ լվալու համար ու չեն մաքրվում հագուստի վրայից, կամ էլ, գուցե, ատոպայի առաջացման իրական պատճառը օճառի մեջ չէ:
Իրականում վերջինիս առաջացման վրա կարող են ազդել շատ գործոններ: Չի կարելի բացառել նաև ժառանգական գործոնը, վատ ողողած սպիտակեղենը, աղտոտվածությունն ու սննդակարգը: Սակայն առավել հաճախ ծնողների ուշադրության կենտրոնից դուրս է մնում այն միջոցը, որով նրանք լվանում են երեխայի սպասքը: Ինչպես գիտենք, տնտեսուհիների համար առաջին հերթին կարևոր է նման միջոցի արդյունավետությունն ու օգտագործման հարմարավետությունը: Իսկ մայրիկների համար պետք է առաջնային լինի երեխայի համար նման միջոցների օգտագործման անվտանգությունը:
Չի կարելի երեխաների սպասքը լվալ մեծերի սպասքի մաքրման համար նախատեսված միջոցներով, քանի որ այդ սպասքի վրա կարող են մնալ երեխայի իմունային համակարգի համար վտանգավոր բաղադրչներ, որոնք ժամանակի ընթացքում կարող են դառնալ ալերգիկ հիվանդությունների առաջացման պատճառ, անգամ այն երեխաների մոտ, ովքեր ալերգիաների նկատմաբ հակվածություն չունեն:
Նման կերպ չի կարելի նաև լվալ մանկական սենյակի հատակը ընդհանուր օգտագործման համար նախատեսված մաքրող միջոցներով ու փայլեցնել մանկական կահույքը՝ կահույքի փայլեցման համար նախատեսված միջոցներով:
Դրանք մանրունքներ են, որոնց մասին մայրիկները մոռանում են, և այդ ամենի արդյունքում երեխայի մոտ կուտակվում են մեծ քանակությամբ խնդիրներ, որոնք նա հետագայում ստիպված է լինում հաղթահարել կամ դրանց հետ համակերպվել ու ապրել:
Բարեբախտաբար, գոյություն ունի նաև նման իրավիճակի լուծում:
Ժամանակակից կենցաղային միջոցներ արտադրող ընկերություններն արտադրում են նաև հատուկ փոքրիկ երեխաների համար նախատեսված ապրանքներ, որոնց շարքում կան մանկական օճառներ, շամպույներ լոգանքի համար և մի շարք այլ պարագաներ, ինչպես նաև մանկական սպասքի ու կահույքի մաքրող միջոցներ:
Նման միջոցները ստեղծվում են հատուկ բժիշկ -ալերգոլոգների մասնակցությամբ, որոնց արտադրությունում օգտագործվում են այնպիսի նյութեր, որոնք չեն պարունակում ագրեսիվ լվացող բաղադրիչներ, գունանյութեր ու անուշահոտեր, և դրանք հնարավոր է օգտագործել երեխայի ծնված առաջին իսկ օրերից սկսած:
Հարկավոր է հիշել, որ 1-ին տարիները շատ կարևոր են երեխայի իմունային համակարգի ձևավորման համար, և եթե այդ ձևավորումը ընթանա առանց խնդիրների, ապա մեծանալուց հետո երեխան այլևս չի տառապի ալերգիայից ու նմանատիպ այլ հիվանդություններից: Այսինքն՝ երեխան կլինի առողջ ու ուժեղ իր ողջ կյանքի ընթացքում:
Մերի Միքայելյան
4-րդ կուրս