«Եթե տիրապետենք մարմնի լեզվին, մեր մարմինը կլինի մեր համախոհը, ոչ թե թշնամին»....

«Եթե տիրապետենք մարմնի լեզվին, մեր մարմինը կլինի մեր համախոհը, ոչ թե թշնամին». հոգեբան

1611

Մարդն ինֆորմացիա է հաղորդում ոչ միայն վերբալ հաղորդակցության միջոցով՝ բանավոր խոսքով, այլև ժեստերի, հայացքների, խոսակցության ժամանակ կանգնած հեռավորության դիրքի օգնությամբ, կամ, այլ կերպ ասած, ոչ վերբալ նշանների միջոցով: Ուստի, շատ հաճախ ոչ վերբալ տեղեկատվությունը մնում է «կուլիսների ետեւում», որովհետև շատերը չեն հասկանում, թե ինչպես պետք է կարդալ եւ մեկնաբանել այն: Մեզանից շատերը անվերապահորեն հավատում են մարդու բանավոր խոսքին, այնինչ ինքն իր ժեստերով մեզ հուշում է, որ իր ասածի հետ համաձայն չէ: Մենք ուշադրություն չենք դարձնում, որ մեզ` ժպիտը դեմքին հանդիպող մարդը, իրականում ձեռքերը ծալած դիրքով է, որը նշան է այն բանի, որ ինքն իրեն հարմարավետ չի զգում մեր կողքին: Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի հոգեբան, Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի դասախոս Տիգրանուհի Աճեմյանի հետ խոսել ենք մարմնի լեզվի, շփման ժամանակ ժեստերի օգտագործման կարեւորության, մարմնի լեզվի այն մեթոդների մասին, որոնց միջոցով կկարողանանք զրուցակցից հասկանալ ավելին, քան ինքն իր մասին կպատմի, փորձել ենք վեր հանել այն մեթոդները, որոնց միջոցով մեր մարմինը կլինի մեր համախոհը, ոչ թե «թշնամին»։

-Ի՞նչ է մարմնի լեզուն եւ ինչ դեր ունի այն անձնային շփումներում։

«Մարմնի լեզու» ասելով ընդունված է հասկանալ մարմնի տարբեր մասերի շարժումները՝ ժեստերը, դիմախաղը, մարմնի դիրքը, որոնց օգնությամբ, ճիշտ նույն կերպ, ինչ խոսքի միջոցով, մարդիկ հաղորդակցվելիս կարողանում են փոխանցել իրենց մտքերը, հույզերն ու զգացմունքները։ Ուստի, միշտ չէ, որ մարդիկ ասում են այն, ինչ մտածում և զգում են իրականում։ Անձնային շփումներում մարմնի լեզուն իր հստակ տեղն ու դերը ունի, որովհետեւ մարդու իրական հույզերի մասին մենք  կարող ենք պատկերացում կազմել ոչ միայն վերջինիս բառերի և ձայնի ինտոնացիայի, այլև նրա ժեստերի, դիմախաղի, ինչպես նաև զրուցակցից ունեցած ֆիզիկական հեռավորության (դիստանցիա) միջոցով։ Ուստի, հասկանալով մարմնի լեզուն, մենք կարող ենք հստակ պատկերացում կազմել դիմացինի հոգեւվիճակի, տրամադրվածության եւ ներքին գրեթե բոլոր հեգեւվիճակների մասին։

-Ինչպե՞ս կարող ենք մարզել այն։

Մարմնի և ժեստերի լեզուն «մարզելու» համար նախ պետք է հասկանալ, թե ինչ տպավորություն է մարդն ուզում թողնել զրուցակցի վրա: Դրանից է կախված հետագա «մարտավարությունը»: Ուստի, կարևոր է որպեսզի մարդը սովորի հավատալ նրան, ինչ խոսում է,  կարողանա ուշադրություն դարձնել ոչ միայն սեփական, այլև զրուցակիցներից եկող բազային ազդակների վրա: Անհրաժեշտ է յուրաքանչյուր ժեստի վրա առանձին ուշադրություն դարձնել, ապա դիտել այն կոնկրետ իրավիճակի ենթատեքստում:

-Ինչի՞ն ուշադրություն դարձնել շփման ժամանակ։

-Շփման ժամանակ առաջինը պետք է ուշադրություն դարձնել զրուցակիցների միջև եղած սոցիալական հեռավորության վրա։ Սոցիալական հեռավորությունը մեծ դեր ունի, թե ինչպես զրուցակիցը կընկալի ինֆորմացիան և ցույց է տալիս, թե ինչպիսի վերաբերմունք ունի մարդը վերջինիս նկատմամբ։ Բնականաբար, չափազանց կարևոր են նաև շարժումները։ Դրանք կարող են կրել էքսպրեսիվ-արտահայտիչ (դիմախաղ, ժեստեր, քայլվածք), տակտիլ (շոշափող) շարժումները (ձեռքսեղմում, հպում, գրկախառնեւթյուն, համբույր և այլն), հայացքը (հայացքի ուղղությունը, վիզուալ կոնտակտի տևողությունն ու հաճախականությունը): Այն հանգամանքը, թե որքան ինտենսիվ և հաճախ է մարդը կիրառում ժեստերը, խոսում է այն մասին, թե ինչպես է տրամադրված և ինչպիսի վերաբերմունք ունի նա զրուցակցի նկատմամբ։ Եթե մարդը ձեզ հետ զրուցելիս փորձում է հասցնել ինֆորմացիան իր ողջ հուզական երանգավորմամբ, ուրեմն նա ամենայն հավանականությամբ վստահում է ձեզ, եթե իհարկե չի հետապնդում մանիպուլյատիվ նպատակներ և չի տիրապետում ավելի հավաստի ստելու տեխնիկաներին:

-Ի՞նչ և ինչպես է «խոսում» մեր մարմինը։

-Գոյություն ունի տարածված կարծիք, ըստ որի շատ դժվար է «կարդալ» մարմնի լեզուն։ Սակայն, իրականում հնարավոր է այն ճանաչել ու հասկանալ՝ ուշադրություն դարձնելով զրուցակցի ոչ վերբալ նշաններին։  Օրինակ՝ զրուցակցի բարյացակամ տրամադրվածության մասին է վկայում այն, որ վերջինս գլխով և մարմնով շրջված է դեպի ձեզ, ընդ որում՝ նրա ձեռքերի ափերը դեպի վեր են ուղղված: Եվ հակառակը՝ կրծքի վրա խաչած ձեռքերը կարող են վկայել այն մասին, որ առկա է որոշակի կոնֆլիկտային իրավիճակ: Ձեռքսեղման ժամանակ սեփական գերազանցութունը «ցուցադրելու» մասին է խոսում ձեռքի դիրքը վերևից: Եվ հակառակը՝ եթե մարդու ձեռքն ուղղված է ափով դեպի վեր, նշանակում է այդ մարդը հակված է ենթարկվելու: Ուղիղ ձեռքսեղմումը խոսում է այն մասին, որ մարդը հակված է հավասար հարաբերությունների և հարգում է դիմացինին: Ուստի, գոյություն ունեն նաեւ ժեստեր, որոնց նշանակությունը նույնն է՝ անկախ ազգային ու մշակութային պատկանելիությունից: Սակայն ժեստերի մի մասի իմաստը տարբեր մշակույթներում տարբեր է: Օրինակ՝ «այո» ասելու համար ազգերի մեծամասնությունը գլխով տարուբերում է ձախից աջ, իսկ «ոչ» ասելու համար վերև ներքև է շարժում գլուխը: Հույների, բուլղարացիների և հդիկների մոտ այն ճիշտ հակառակն է:

-Ո՞րն է մարմնի ամենաազնիվ մասը և ինչո՞ւ։

Թերևս ես կառանձնացնեի աչքերը: Ինչպես ասում են, աչքերը հոգու հայելին են: Դրանք շատ բան կարող են ասել զրուցակցի ազնիվ ու անկեղծ մտադրության կամ հակառակի մասին։ Օրինակ՝ երբ զրուցակիցը ժպտում է կարևոր է ուշադրություն դարձնել վերջինիս աչքերին, քանի որ մարդը կարող է շուրթերով ժպտալ, նույնիսկ բարձրաձայն ծիծաղել, սակայն միևնույն ժամանակ նրա աչքերը կարող են «չժպտալ»: Բանն այն է, որ իսկապես ժպտալու պարագայում աշխատում են դեմքի բազմաթիվ մկաններ, այլ կերպ ասած մասնակցում է դեմքի և՛ վերին և՛ ստորին հատվածը: Իսկ կեղծ ժպիտի պարագայում մարդը ժպտում է միայն շուրթերով, իսկ աչքերի և դեմքի արտահայտությունը մնում է անփոփոխ: Կեղծ ժպիտի մասին է խոսում նաև այն, որ մարդը ժպտալիս «ճմռթում է»  քիթը:

-Հնարավո՞ր է արդյոք բացահայտել սուտը ժեստերի միջոցով։

-Շատերն ասում են, օրինակ՝ «տեսե՛ք խոսողը դիպավ քթին, ուրեմն ստում է» կամ «ձեռքերը խաչեց կրծքին, ուրեմն ինչ-որ բան է թաքցնում»: Ուստի սուտ խոսելու գործընթացը մարդուց պահանջում է որոշակի ջանքեր: Բացի այդ, այն կարող է ուղեկցվել տարբեր հույզերով, օրինակ՝ վախի կամ մեղքի զգացում: Այս ամենը կարող է արտացոլվել մարդու վարքում օր.՝ խոսքի տեմպի արագացումը, դադարների հաճախացումը կամ երկարացումը, ձայնի ինտոնացիայի փոփոխությունները: Ավելի ակտիվ մտավոր գործունեությանը բնորոշ են ժեստերի փոփոխությունները: Ընդ որում դիտվում է մանիպուլյացիոն ժեստերի քանակի ավելացում (օրինակ՝ հպում քթին կամ գոյություն չունեցող փոշեհատիկների մաքրում): Սուտ խոսելիս մարդը փորձում է թաքցնել իր իրական հույզերը կամ քողարկել դրանք կեղծ, շինծու հույզերով:

-Կարո՞ղ ենք  կառավարել սեփական մարմնից ուղարկվող ազդանշանները։

Հաղորդակցման ժամանակ, կախված նրանից, թե ինչպիսի նպատակ է հետապնդում այդ շփումը, մարդը կարող է կրճատել կամ մեծացնել զրուցակցի հետ ունեցած սոցիալական հեռավորությունը, կանգնել, եթե դիմացինը նստած է (վերադաս դիրք) կամ հակառակը՝ նստել, եթե դիմացինը կանգնած է (ենթակա դիրք), խնդրել զրուցակցին ավելի մոտ նստել։ Դիմացինի բարյացակամ վերաբերմունքին արժանանալու համար պետք է սեփական անկեղծությունն ի ցույց դնել՝ կիրառելով «բաց» ժեստերը՝ գլխի ուղղվածությունը դեպի զրուցակիցը, ժպիտը, աչքերի կոնտակտը խոսակցության ⅔-ի չափով, ափերի ուղղվածությունը դեպի վեր և այլն։ Իմանալով ժեստերի նշանակությունը, այո,  կարելի է վերահսկել և կառավարել սեփական ժեստերը, որպես հետևանք նաև սեփական հույզերը։ Այսինքն, եթե մենք հասկանում ենք ժեստերն ու դրանց նշանակությունը, ապա միանշանակ կարող ենք կառավարել մեր շարժումները, եւ այդ դեպքում մեր մարմինը կլինի մեր համախոհը, ոչ թե «թշնամին»։

Աննա Չիբուխչյան

4-րդ կուրս

Կիսվել