Ի՞նչ մասնագետ դառնալ. երբ թելադրում է աշխատաշուկան

Ի՞նչ մասնագետ դառնալ. երբ թելադրում է աշխատաշուկան

693

Աշխատանքի կենսական անհրաժեշտությունը յուրաքանչյուր մարդու ստիպում է բախվել աշխատատեղերի առկայության խնդրի և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների հետ աշխատաշուկայում։

Թվայնացմանն ու տեխնոլոգիաների արագ զարգացմանը զուգընթաց անընդհատ առաջ են գալիս նոր մասնագիտություններ` ետ մղելով հները, կամ էապես նվազեցնելով դրանց պահանջարկը։ Այսպիսով, աշխատանքի խնդիրը լուծելու համար հաճախ ընտրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք իրենց համար չեն, և կարելի է ասել, ժամանակակից մարդուն որոշակիորեն պարտադրվում է իր մասնագիտական ուղղվածության ընտրությունը։

Դուք կասեք` ինչու՞, մարդը միշտ էլ ունի ընտրության հնարավորություն, հատկապես աշխատանքի ու մասնագիտացման հարցում, բայց բերենք մի քանի պարզ օրինակներ, և խնդրի պատկերը կուրվագծվի։

Նարինե Եսայան, մասնագիտությամբ հոգեբան, աշխատում է SMM ոլորտում, որպես Content writer։ Համալսարանն ավարտելուց հետո Նարինեն երկար ժամանակ չի կարողացել գտնել իր մասնագիտությամբ աշխատանք և այժմ այս ոլորտում է, որովհետև, ինչպես ինքն է ասում` «հոգեբան Նարինեն հիմա էլ գործազուրկ է ու երևի թե, դեռ երկար կլինի, իսկ Content Writer Նարինեն միշտ կունենա աշխատանք, որովհետև մեծ պահանջարկ կա նման մասնագետների»։

Սոնա Անտոնյան, մասնագիտությամբ դեղագետ, աշխատում է ադմինիստրատիվ և սպասարկման ոլորտում։ Դեղագիտության նկատմամբ սերը իր մոտ կարծես դարձել է հոբբի, որովհետև մասնագիտական կրթություն ստացած Սոնան այդպես էլ չկարողացավ գտնել իր երազանքի աշխատանքը, ասում է` «ես դեղագետ եմ, բայց ոչ դեղատանը պարզապես վաճառողուհի։ Իսկ իմ մասնագիտությամբ միայն դա են առաջարկել` ընդ որում բավարար է հիշել միայն դեղերի անվանումներն, ցուցումները և վերջ։ Դեղագիտական ունակություններ, անշուշտ, պետք են, բայց բուն դեղագիտությունն ամենևին էլ դրանց վաճառքը չէ»։ Սոնան ադմինիստրատիվ ոլորտում է, որովհետև ամենատարածված և մատչելի աշխատանքն առաջարկում է հենց սպասարկման շուկան։ 

Անահիտ Ավետիսյան, մասնագիտությամբ հաշվապահ, աշխատում է նույնպես SMM ոլորտում, որպես Insta-Marketing-ի մասնագետ։ Անահիտը ունեցել է մասնագիտական փորձ, սակայն որոշ ժամանակ անց փոխել է ուղղվածությունը, քանի որ «SMM-ը տալիս էր ավելի մեծ աճի և առաջընթացի հնարավորություն»։ 

Ուսումնասիրելով աշխատանքի շուկան՝ յուրաքանչյուրիս համար ակնհայտ է դառնում, որ կան մասնագիտություններ, որ խիստ առաջնային են, օրինակ՝ ծրագրավորման, գրաֆիկ դիզայնի և սոցիալ մեդիա մարկետինգի ոլորտում։ Ողջունելի է, որ կան ոլորտներ, որտեղ մեծ առաջընթացի հնարավորություն կա, որոնց պահանջարկը թելադրում է նոր թափուր հաստիքներ։ Սակայն այս ֆոնին շատ մասնագետներ մնում են անաշխատանք, ստիպված են լինում ամիսներով փնտրել ու փնտրել, մինչև որ գրանցվում են ծրագրավորման, դիզայնի կամ SMM-ի հերթական դասընթացներին` այսպիսով մտնելով շատ բարձր մրցակցային գոտի։

Մեր ուսումնասիրությունները հստակեցնելու համար նաև կատարեցինք փոքրիկ հարցում` ավագ դպրոցականների շրջանում, պարզելու համար թե ինչ մասնագիտությամբ են շարունակելու իրենց ուսումը։ Մեծամասնությունը նշում էին դիզայնի, արվեստի, իրավաբանության, ֆինանսների ու ծրագրավորման ոլորտները։

Սրանք, իհարկե, պաշտոնական ցուցանիշեր կամ վիճակագրական տվյալներ չեն, սակայն կարող ենք ասել, որ ներկայիս աշխատաշուկան ինքն է թելադրում, թե ինչ մասնագիտություն ընտրել, որպեսզի պահպանել աշխատանքի իրավունքն ու լինել պահանջված մասնագետ։ Իսկ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2020թ. նոյեմբերի դրությամբ Հայաստանում կա 1000 գրանցված գործազուրկ, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 1833637.0 ՀՀ դրամ։

Ամփոփելով, միայն կարող ենք ասել, որ Հայաստանում աշխատատեղերի առկայությունը շարունակելու է մնալ խնդրային, քանի դեռ ներդրումներն արվում են միայն կոնկրետ մի քանի ուղղվածությամբ, շատ ոլորտներ թողնելով ստվերում և բազմաթիվ կադրերի՝ անաշխատանք:

Ալյոնա Հապետյան

4-րդ կուրս

Կիսվել