Հայ դիվանագետները սոցիալական ցանցերում

Հայ դիվանագետները սոցիալական ցանցերում

720

Տեղեկատվական տեխնոլոգիաների արագընթաց զարգացումը իր ազդեցությունն է թողել պետությունների ներքին ու արտաքին քաղաքականության վրա: Յուրաքանչյուր տեխնոլոգիական հեղափոխություն փոխեց դիվանագիտական աշխատանքի և հաղորդակցության ձևը, բայց ոչ հեռագրական, ոչ էլ հեռուստատեսային հեռարձակումը երբևէ դիվանագիտությունը չէր դրել մարդկանց հետ այդքան սերտ, ուղղակի և արագ փոխգործակցության մեջ: Ներկայումս շատ պետություններ քաղաքականության բնագավառում լայնորեն կիրառում են թվային դիվանագիտության (digital diplomacy | e-diplomacy | cyber diplomacy) գործիքները:

Թվային դիվանագիտությունը պետական մարմինների կողմից տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների՝ սոցիալական ցանցերի, բլոգների և նմանատիպ այլ մեդիա հարթակների կիրառումն է դիվանագիտական և քաղաքական խնդիրներ լուծելու համար:

Սոցիալական ցանցերը այժմ մեր առօրյայի մի մասն են, դրանց տարածումը դիվանագետների համար սկիզբ դրեց նոր դարաշրջանի: Սոցցանցերի օգտագործումը խթանում է դիվանագետների և հանրության միջև գաղափարների շահավետ փոխանակումը, հնարավորություն է տալիս ազդել հասարակական կարծիքի վրա, ուժեղացնում է դիվանագետների՝ տեղեկատվություն հավաքելու, իրադարձությունները կանխատեսելու, վերլուծելու, կառավարման և արագ արձագանքման ունակությունը, դիվանագետները կարող են ուղիղ կապ հաստատել և հատուկ հաղորդագրություններ ուղարկել անմիջապես թիրախային լսարանին, արագ տրամադրել համապատասխան տեղեկատվություն, հերքել կեղծ տեղեկությունները, հաստատել պաշտոնական հաղորդագրությունները, արդյունավետ է նաև արտասահմանյան լսարանի հետ աշխատելու համար, երբ անհրաժեշտ է ձևավորել պետության դրական իմիջը կամ ներկայացնել պաշտոնական դիրքորոշումը: 

Թվիթերը և Ֆեյսբուքը ամենատարածված սոցիալական ցանցերն  են, որոնք օգտագործվում են տարբեր երկրների արտաքին գործերի նախարարությունների և դիվանագետների կողմից: 21-րդ դարում թվային դիվանագիտության ամենաակտուալ  գործիքը Թվիթերն է, որը բաց տեղեկատվական հոսքեր է ստեղծում, որոնք հեշտությամբ փնտրվում են հեշթեգներով: Հենց այս սոցիալական ցանցն է դարձել միջազգային իրադարձություններին հետևելու հիմնական հարթակ։ Սակայն Հայաստանում պատկերն այլ է. առաջատարը ֆեյսբուքն է, քանի որ Թվիթերը տարածված չէ:

ՀՀ-ում թվային դիվանագիտության տարածմանը զուգահեռ անհրաժեշտություն առաջացավ կարգավորել դիվանագետի էթիկան սոցիալական մեդիայում: Այժմ սոցիալական մեդիայում դիվանագետի էթիկայի կանոնները կարգավորվում են «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի և «Դիվանագետի էթիկայի կանոնների» դրույթների միջոցով: Ըստ այս օրենքների՝ դիվանագետը պետք է զերծ մնա ԱԳՆ-ի գործունեությանը վնասող հրապարակային հայտարարություններից, պետք է դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարին տեղեկացնի մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ իր շփումների մասին, զերծ մնա անհարկի հայտարարությունների հրապարակումից սոցիալական մեդիայում: Ի դեպ, հայ մի քանի դիվանագետներ 2019 թվականի հուլիսի 11-ին ստացել են բանավոր նկատողություն՝ սոցիալական ցանցերում շփումը գերադասելու համար. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արտաքին գործերի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հետազոտական աշխատանքի նպատակն է ուսումնասիրել հայ դիվանագետների, մասնավորապես, օտարերկրյա պետություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների և միջազգային կառույցներում Հայաստանի ներկայացուցիչների գործունեությունները Ֆեյսբուք, Թվիթեր, Յութուբ, Ինստագրամ, Լինկդին սոցիալական ցանցերում:

Հայ դիվանագետները Թվիթերում

ԱՄՆ-ում Իտալիայի դեսպանատան աշխատակից Անդրեա Սանդրեն, իր «Թվիթերը դիվանագետների համար» (Twitter for Diplomats) գրքում գրել է՝ Թվիթերի 140 նիշը փոխեց մեր աշխարհընկալումը, արտաքին քաղաքականության ձեւավորման գործընթացը եւ միջազգային նոր մարտահրավերներին արտաքին քաղաքական գերատեսչությունների արձագանքելու ձեւը: Սակայն սա վերաբերում է այլ երկրների, Հայաստանում պատկերը այլ է, դիվանագետները վարում են իրենց միկրոբլոգը, սակայն հասարակական արձագանքի բացակայություն կա, որը կապված է Հայաստանում Թվիթերի տարածված չլինելու հետ: Twiplomacy կայքը, որը հետազոտում է Թվիթերի օգտագործումը գրեթե բոլոր պետությունների ղեկավարների եւ միջազգային կազմակերպությունների կողմից, ամեն տարի վերլուծում է նաեւ հայաստանյան պատկերը: Ըստ կայքի բավականին ակտիվ են ՀՀ ԱԳՆ-ի միկրոբլոգը (82 հազար հետևորդ), Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը (2700 հետևորդ): Ակտիվ գործում է նաև @ArmDiplo միկրաբլոգը, որտեղ տեղադրվում է հայ դիվանագետների կատարած գրառումները: Թվային դիվանագիտության կիրառումը հայ իրականության մեջ սկսվեց 2016 թվականին Ապրիլյան պատերազմի ընթացքում, իսկ ավելի լայն կիրառում գտավ 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում: Դիվանագետները կատարում են մեծամասամբ անգլերեն հրապարակումներ:

Օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանատների և միջազգային կառույցներում հայաստանյան ներկայացուցչությունների մեծամասնությունը ունեն միկրոբլոգներ, սակայն շատ քիչ դիվանագետներ են, որոնք առանձին են հանդես գալիս: Այդպիսիք են՝

Տիգրան Բալայան (Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիզոր դեսպան, Քիմիական զենքի արգելման կազմակերպության մշտական ներկայացուցիչ)

Դեսպանը էջը ավելի դինամիկ և ինտերակտիվ է դարձրել, պաշտոնական հաղորդագրությունների հետ մեկտեղ հրապարակել է պատմամշակութային, ճանաչողական բնույթի նյութեր, ռեթվիթ է արել հայտնի հայերի գրառումները, օգտագործում է սոցցանցի գրեթե բոլոր գործիքները՝ հանրության հետ շփման և միջազգային լսարանի ուշադրությունը գրավելու համար:

Հասմիկ Տոլմաջյան (Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան)

Դեսպանը էջը օգտագործում է բացառապես պաշտոնական հանդիպումների և հայտարարությունների ներկայացման համար: Սակայն թվային դիվանագիտության մեջ կարևոր է լինել նորարար օգտատերերին չձանձրացնելու և ուշադրություն գրավելու համար: Պետք է ոգեշնչել ուրիշներին ձեր հաղորդագրությունն իրենցը դարձնելու և դրանով ձեր հասանելիությունը ընդլայնելու համար: Իսկ միայն պաշտոնական գրառումների դեպքում գրեթե հնարավոր չէ դեսպան-օգտատեր համագործակցությունը:

Տիգրան Մկրտչյան (Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան)        Դեսպանը Թվիթերում է 2011 թվականից, սակայն ակտիվ գործունեություն սկսել է 2017 թվականից: Միկրոբլոգը ուսումնասիրելիս պարզ դարձավ, որ նա թվային դիվանագիտության կողմնակիցն է: Գրառումները արտացոլում են իր անհատականությունը և քանի որ սոցցանցային էջերն էլ են ձևավորում հասարակական կարծիք, հանրությունը դրական արձագանքներ է տալիս գրառումներին: Twiplomacy կայքը 2014 թվականին անդրադարձել է դեսպանի ակտիվությանը:

Արմեն Պապիկյան (Ավստրիայում, Սլովակիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի մշտական ներկայացուցիչ)                                                          

Կատարված գրառումները հիմնականում պաշտոնական տեղեկություններ են պարունակում, շատ են նաև հայոց ցեղասպանության մասին գրառումները:

Անահիտ Հարությունյան (Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Քաղաքացիական Ավիացիայի միջազգային կազմակերպության մշտական ներկայացուցիչ)

Դեսպանը սոցցանցը օգտագործում է միջազգային հանրության հուզական դաշտի վրա ազդելու համար: Գրառումներից շատերը ունեն 400-ից ավել ռեթվիթ և օտարերկրացիները ևս արձագանքել են:

Թվիթերում միկրոբլոգ ունեն այլ դիվանագետներ ևս, սակայն շատերը գրանցվել են կայքում, բայց չեն օգտագործում, օրինակ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը չունի որևէ գրառում և հետևում է միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Իսկ Արաբական պետությունների լիգայի մշտական ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը գրանցվել է 2016 թվականին և մի օգտատիրոջ հետ քննարկել է ֆուտբոլային հանդիպում, ապրիլի չորսին էլ գրել է` «Hallo everybody, i’m here!»: ՄԱԿ-ի Նյու Յորքի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն էլ իր էջում 2016 թվականի ընթացքում գրեթե ամեն օր կատարել է անհասկանալի գրառումներ: Բնականաբար, ճիշտ կլինի, որ դեսպանները հետևողական լինեն և հաշվի առնելով իրենց մասնագիտական գործունեությունը՝ հեռացնեն վաղուց արված գրառումները: Կան նաև դիվանագետներ, որոնց էջերը գտնելը բավականին դժվար է, քանի որ գրանցված են այն երկրի լեզվով, որտեղ գործուղված են. այս փաստը անհնարին է դարձնում հայ հասարակության հետ արդյունավետ համագործակցությունը:

Հայ դիվանագետների մի մասը փորձում են զարգացնել թվային դիվանագիտությունը, տարածել Թվիթերը, սակայն հայկական լրատվամիջոցների սակավության պատճառով հանրությունը չի հետաքրքրվում այս սոցցանցով: Քանի որ չկա պահանջատեր հանրություն, չկա նաև հստակ գործելաոճ, դիվանագետներն իրենք են ընտրում ինչպես վարել էջը, երբեմն անտեսում են էթիկական հարցերը:

Հայ դիվանագետները Ֆեյսբուքում

Ֆեյսբուքը ամենատարածված սոցիալական ցանցն է Հայաստանում, քանի որ այն հնարավորություն է տալիս ապահովել ընկալումների և գնահատականների բազմազանություն, կարող են մեկտեղվել տարբեր տեղեկատվական աղբյուրներ, ավելի արագ է հաղորդում հանրային նշանակության օպերատիվ իրադարձությունների մասին տեղեկություններ, քան ԶԼՄ-ները, այն նաև հանրային և պետական անձանց կարծիքների և արձագանքների համապարփակ շտեմարան է:

Սոցցանցում էջեր ունեն գրեթե բոլոր օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանատները և միջազգային կառույցներում ՀՀ ներկայացուցչությունները, սակայն դրանց մեծամասնությունը գրանցված են համապատասխան երկրի լեզվով, և սովորական քաղաքացու համար էջը գտնելը բավականին դժվար է դառնում: Իհարկե, այս խնդիրը վերացնելու համար կարելի է անգլերեն տարբերակը ևս ներառել էջի անվան մեջ:

Հայ դիվանագետների մի փոքր հատվածն է միայն ակտիվություն ցուցաբերում Ֆեյսբուքում: Ի տարբերություն Թվիթերի, այստեղ հայ օգտատերերն են շատ, բայց քիչ դիվանագետներ են գործունեություն ծավալում: Հնարավոր է, դիվանագետները հաշվի են առնում այն փաստը, որ Ֆեյսբուքում ինֆորմացիա որոնելը ավելի բարդ է, քան Թվիթերում. պատճառը հեշթեգների պակաս կիրառությունն է:

Վերը նշված բոլոր դիվանագետները ինչպես Թվիթերում, այնպես էլ Ֆեյսբուքում ունեն էջեր, սակայն ակտիվությունը այս ցանցում բարձր չէ: Անդրադառնանք այլ դիվանագետների.

Մեծ մասը իրենց էջը վարում են սովորական օգտատերերի նման, ինչպես օրինակ Ֆադեյ Չարչօղլյանը (ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հունաստանում), Ալեքսանդր Արզումանյանը (ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեդիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Դանիայում), Վահրամ Կեժոյանը (ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիետնամում, Լաոսում, Կամբոջայում): Դեսպանները անձնական էջում չեն իրականացնում դիվանագիտական գործունեություն:

Համեմատաբար ավելի ակտիվ դիվանագետներն են Պարույր Հովհաննիսյանը (Եվրոպայի խորհրդի մշտական ներկայացուցիչ), Սահակ Սարգսյանը (Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության մշտական ներկայացուցիչ): 

Լինկդինում պրոֆիլ ունեն Տիգրան Բալայանը, Արա Այվազյանը: Կարևոր է նշել, որ հայ հասարակության մեծամասնությանը անծանոթ է այս հարթակը, բացի այդ էլ ցանցը իր հնարավորություններով և մատչելիությամբ զիջում է Թվիթերին և Ֆեյսբուքին:

ՀՀ ԱԳՆ-ն ունի յութուբյան ալիք, որտեղ վիդեոհոլովակով ներկայացնում է ԱԳ ներկա և նախկին նախարարների գործնական հանդիպումները: Հայ դիվանագետները Յութուբ սոցիալական ցանցի ոչ մի հնարավորություն չեն օգտագործում թվային դիվանագիտության զարգացման համար, Թվիթերի դեպքում հայ օգտատերերը քիչ են, իսկ ահա ի՞նչն է խանգարում այս սոցցանցում, չէ՞ որ վիդեոտարբերակով հաղորդակցվելն ավելի հեշտ է:

ՀՀ ԱԳՆ-ն Ինստագրամ սոցիալական հարթակում ունի պաշտոնական էջ, իսկ դիվանագետների մի մասը կայքը օգտագործում են անձնական նպատակներով:

Վերադառնալով ժամանակակից աշխարհում սոցիալական ցանցերի նշանակությանը, հարկ է նշել, որ հիմա դրանք հանդիսանում են լավագույն գործիքը դիվանագետների համար հանրության հետ կապ հաստատելու համար: Ավելին, եթե երկիրն ունի միջազգային խնդիրներ ու միջազգային հանրությանը սեփական տեսակետը հասցնելու գերխնդիր, ինչպես Հայաստանն է, ապա հայ դիվանագետները պարտավոր են դասական դիվանագիտությունից անցում կատարել թվային դիվանագիտության: Սակայն առաջնայինը պետք է լինի, էթիկայի կանոնների պահպանումը, որքան էլ հետաքրքիր և օգտավետ լինի հասարակության հետ շփումը, պետական մարմնի ներկայացուցիչները պարտավոր են դրսևորել զգուշություն և խուսափել ռիսկերից:

Անի Տոնոյան

4-րդ կուրս

Կիսվել