Հաշված րոպեներ և նույն նյութը կարող է հայտնվել տասնյակ կայքերում....

Հաշված րոպեներ և նույն նյութը կարող է հայտնվել տասնյակ կայքերում. Հեղինակային իրավունքի խնդիրները մեդիայում

883

Հեղինակային իրավունքի խախտումը մեդիադաշտում միշտ եղել է ուշադրության կենտրոնում։ Այժմ ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որտեղ զանգվածային լրատվության միջոցների, ինչպես նաև համացանցի ընձեռած լայնածավալ տեղեկատվական դաշտերը շատ ճկուն են և մարդկանց  հնարավորություն են տալիս անընդհատ գտնվել այս հսկայական ինֆորմացիոն հոսքում։ Այսօր լրատվական կայքերի և սոցիալական մեդիայի  արագ զարգացման հետ մեկտեղ հեղինակային իրավունքի խնդիրները դարձել էլ ավելի քննարկվող և արդիական։ Մեդիայում հողինակային իրավունքի խախտման և ոլորտում արդի խնդիրների վերաբերյալ զրուցել ենք «Հետք» առցանց լրատվամիջոցի իրավաբան Գրիշա Բալասանյանի հետ։

Քանի որ, հեղինակային իրավունքների խախտման վերաբերյալ լրատվամիջոցների միջև առաջին անգամ դատական վեճով «Հետք» առցանց լրատվամիջոցն է դիմել դատարան, ներկայումս բախվու՞մ եք հեղինակային իրավունքի խախտման դեպքերի, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ինչպիսի՞ քայրերի եք դիմում խնդիրը շտկելու համար։

Գրեթե ամեն օր բախվում ենք հեղինակային իրավունքի խախտման փաստի հետ: Էլեկտրոնային լրատվամիջոցները «Հետքի» հանրային հետաքրքրություն ներկայացնող նյութերից ամբողջությամբ կամ նյութի էական մասը՝ բովանդակությունը բացահայտող հատվածներով տեղադրում են իրենց կայքերում, որով խախտվում է «Հետքի» հեղինակային իրավունքը: Առաջին դատական գործընթացներից հետո այժմ ավելի դյուրին է դարձել արտադատական կարգով հարցերը լուծելը: Պարզապես գրում ենք լրատվամիջոցի ղեկավարությանը կամ սոցիալական էջերում տարածող պատասխանատուին՝ տեղեկացնելով հեղինակային իրավունքի խախտման մասին:

Կա՞ն այնպիսի կայքեր, որոնց կողմից միշտ նկատում եք խախտման դեպքեր, թ՞ե այդ կայքերն ամեն անգամ տարբեր են լինում։

-Կան «ագրեգատ» կայքեր, որոնք ամբողջությամբ վերցնում են նյութը և իրենց կայքերում տարածում, սակայն նշում են սկզբնաղբյուրը: Քանի որ մեր հասարակությունում մեդիագրագիտության մակարդակը ցածր է, հաճախ ընթերցողները տարածում են հենց այդ ագրեգատ կայքերի հրապարակումները, ինչից տուժում է նյութը գրած լրատվամիջոցի կայքը: Իսկ եթե առհասարակ խոսենք լրատվամիջոցների մասին, հեղինակային իրավունք խախտողների հիմնական ցանկ դժվար է կազմել: Կախված նախասիրությունից, լրատվամիջոցի քաղաքական ուղղվածությունից և այլն, «Հետքի» նյութերը վերարտադրվում են տարբեր կայքերում: Օրինակ, այս օրերին հակաիշխանական լրատվամիջոցները հիմնականում վերցնում են այն նյութերը, որոնք վերաբերում են պատերազմից հետո առաջացած դժգոհություններին, մարդկանց բողոքներին:

-Տպագիր նյութերից բացի, եղե՞լ են լուսանկարների, ռեպորտաժների հեղինակային իրավունքի խախտման դեպքեր, և ինչպիսի՞ լուծում եք տվել տվյալ դեպքերին։

-Լուսանկարների, տեսանյութերի մասով քիչ չեն հեղինակային իրավունքի խախտումները: Առանց որևէ հիշատակման վերցնում են լուսանկարերն ու հրապարակում: Կամ հեռուստաընկերությունները փակում են «Հետք»-ի տեսանյութերի վրա ջրանիշով արված ապրանքանշանը և առանց որևէ հիշատակման, թե որ լրատվամիջոցի տեսանյութն է, հանրությանը հրամցնում են որպես սեփական տեսանյութ:  Որպես թարմ օրինակ կարող եմ նշել պատերազմի օրերին Արցախում «Հետքի» լրագրողների կողմից պատրաստված տեսանյութը, թե ինչպես են զինծառայողները կռվում, ինչպես է հակառակորդը թիրախավորում հայկական օբյեկտները։ Հեռուստաընկերություներին դիմելն անիմաստ է դառնում, քանի որ նրանք արդեն հեռարձակում են տեսանյութը և ժամանակը հետ պտտել հնարավոր չէ, որպեսզի իրականացրած խախտումը շտկվի:

Երբ այլ կայքեր հոդվածներ գրելիս ցանկություն ունեն օգտվել տվյալ թեմայով «Հետք»-ի արդեն իսկ պատրաստ նյութերից, պահու՞մ են արդյոք նպատակն արդարացնող ծավալը, թե՞ ամբողջությամբ արտատպություն է լինում։

-Երբեմն առաջին հայացքից մեջբերում իրականացրած լրատվամիջոցը պահում է հղման կանոնները՝ ակտիվ հղում, վերնագրում լրատվամիջոցի անվան նշում: Սակայն, երբ բացում ենք նյութը, ականատես ենք լինում, որ ամբոջությամբ վերարտադրված է, ինչը կոպիտ խախտում է, քանի որ ընթերցողն այլևս անհրաժեշտություն չունի գնալ նյութը հրապարակող լրատվամիջոցի էջ և այնտեղ կարդալ շարունակությունը: Նման դեպքերը հաճախ են լինում:

-Հայտնի է, որ «Հետք»-ի դատական վեճի պատճառը 1in.am և pressident.am կայքերի կողմից 8 հոդվածների առանց հղման օգտագործումն էր, ո՞րոնք էին դրանք և ի՞նչ թեմաներ էին ընդգրկում։

-Թեմաները բազմազան էին, սակայն Հիմնականում վերաբերում էր դատապարտյալների գործերին: «Հետքի» լրագրողն ամիսներով դատարաների արխիվներում ուսումնասիրել էր ցմահ դատապարտյալների գործերը, ովքեր դատապարտվել էին 1990-ականներին, նյութ էր պատրաստել, սակայն նշված լրատվամիջոցները րոպեների տարբերությամբ ամբողջությամբ հրապարակել էին իրենց կայքում: President.am-ը դատարան դիմելուց հետո ամբողջովին ընդունեց խախտումը, ինչն էլ հիմք հանդիսացավ այդ լրատվամիջոցի հետ հաշտության համաձայնագիր կնքելու համար:

-Ներկայումս կա՞ լրատվամիջոց, որը վերցրել է Հետքի հեղինակային հոդվածները առանց հղման։ Եթե այո, ապա ո՞րն է այդ լրատվամիջոցը և իրենց դիմե՞լ եք այդ հարցով ու ի՞նչ արձագանք եք ստացել։

Չեմ կարող հստակ լրատվամիջոցի անուն նշել: Դա ամենօրյա աշխատանք է դարձել: Սակայն, փորձում ենք հարցերը լուծել արտադատական կարգով:

Սառա Ցականյան

4-րդ կուրս

Կիսվել